Երևանի «Փյունիկի» նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հայտարարությանը։
«Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչն օրեր առաջ լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել էր նաև Արթուր Սողոմոնյանին, որի հետ աշխատել է երևանյան ակումբում։
«Սիրելի՛ բարեկամներ, այսօր ես բազմաթիվ հարցեր, մեկնաբանություններ և աջակցության խոսքեր եմ ստացել «Փյունիկ» ՖԱ-ի նախկին գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսից հետո, որում նա շատ անտեղի հայտարարություններ է արել իր նախկին ակումբի և անձամբ իմ հասցեին։ Անկեղծ ասած, ես հարցազրույցը չեմ դիտել, չեմ էլ ծրագրում անել դա, և մտադիր էլ չեմ բանավիճել իմ թիմի նախկին մարզչի հետ։ Գուցե ես լիովին ճշգրիտ չլինեմ նրա ձևակերպումներում, սակայն երկրպագուների, ակումբի նախկին աշխատակիցների և Մելիքյանի հայտարարություններով մտահոգված բոլորի հարցերին պատասխանելու համար որոշեցի կատարել այս գրառումը.
Նախ, շատ շնորհակալ եմ ձեր բարության և աջակցության բազմաթիվ խոսքերի համար։
Կարդացեք նաև
1․ Մելիքյանի հայտարարությունների վերաբերյալ, որոնցում նա փորձել է նսեմացնել ակումբի նախկին ղեկավարության և անձնակազմի նվաճումները, ամեն ինչ վերագրելով իրեն։ Ես ամենևին չեմ հասկանում, թե ինչու է Մելիքյանը նման հայտարարություններ անում։ Իմ կարծիքով, դրանով նա իրեն չի բարձրացնում, այլ ավելի շուտ նվաստացնում է։ Ես չեմ նսեմացնի Եղիշե Մելիքյանի և ամբողջ մարզչական անձնակազմի ներդրումն ակումբի հաջողությունների մեջ. դրանք իսկապես նշանակալի են։ Բայց ես շարունակում եմ համոզված լինել, որ «Փյունիկն» իր բարձր նվաճումներին հասել է ակումբի յուրաքանչյուր անդամի համակարգված աշխատանքի և հավատարիմ երկրպագուների աջակցության շնորհիվ։ Մելիքյանը ներդրում է ունեցել միայն որպես առաջին թիմի գլխավոր մարզիչ, ոչ ավելին։ Լիովին անկեղծ լինելու համար, նշեմ, որ նա հաճախ նաև սխալներ է թույլ տվել։
Օրինակ՝ միայն ակումբի ղեկավարության ակտիվ միջամտությունը 2022 թվականի սկզբնամասում նրան հետ պահեց Ուգո Ֆերմինոյին հեռացնելու գաղափարից, ով, ի վերջո, օգնեց մեզ նվաճելու չեմպիոնի տիտղոսը։
Իսկ հաջորդ տարի՝ 2023 թվականին, Մելիքյանն անձնական ամբիցիաների և առաջատարների հետ հարաբերություններ կառուցելու անկարողության պատճառով, պնդեց Արաս Օզբիլիսի և Ալեքսանդր Գոնսալեսի հեռանալը, ինչի պատճառով ակումբը կորցրեց առաջնությունում դարձյալ հաջողության հասնելու հնարավորությունը։
Իհարկե, մենք բոլորս մեղավոր էինք գլխավոր մարզիչի քմահաճություններին չդիմադրելու համար։ Ես ձեզ չեմ ձանձրացնի նմանատիպ միջադեպերի օրինակներով, դրանք իսկապես շատ էին։ Հիշեցնեմ միայն, որ հենց հայտնի դարձավ, որ Մելիքյանը նշանակվել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, թիմի ավագ Վարազդատ Հարոյանն անմիջապես հեռացավ՝ չցանկանալով աշխատել նրա հետ։
Պատահական չէ, որ հիմա էլ մթնոլորտն ազգային հավաքականի հանդերձարանում հեռու է ցանկալի լինելուց։
2․ Ակումբի եկամուտներում նրա նշանակալի ներդրման մասին պնդումներ։ Ակումբն իր ամենամեծ ծախսերն ու վնասները կրել է Եղիշե Մելիքյանի մարզչական գործունեության ընթացքում, այդ թվում՝ բոնուսների և թիմի աջակցության չափազանցված պահանջների պատճառով, որոնք հաճախ գերազանցում էին ՈՒԵՖԱ-ի վճարումները։ Բայց մենք երբեք ֆինանսական արդյունքները մարզականից առաջնահերթ չենք համարել, ուստի կարծում եմ, որ ճիշտ ենք արել։ Այնպես որ, Մելիքյանի պնդումները նրա հսկայական ներդրման մասին իրականությանը չեն համապատասխանում։
3. Ակումբից հեռանալու վերաբերյալ արդեն ամեն ինչ ասել եմ։ Ես, իհարկե, զարմացա Մելիքյանի ստորությունից և անշնորհակալությունից, որ այդքան տարի միասին անցկացնելուց հետո նա փորձում է վիրավորել ինձ և արժեզրկել մեր ընդհանուր պատմությունը։
Ես նաև զարմացա, որ բարձր աշխատավարձի և իր սեփական սնապարծության համար նա անցավ հայկական ֆուտբոլի գլխավոր կործանիչների ճամբարը՝ մոռանալով ինձ և բոլոր երկրպագուներին նախկինում տված սկզբունքներն ու խոստումները։
Համոզված եմ, որ լուրջ մարզիչ լինելու համար նախևառաջ պետք է դառնալ արժանի մարդ և անվիճելի հեղինակության արժանանալ ֆուտբոլիստների ու երկրպագուների շրջանում։ Ցավոք, Եղիշե Մելիքյանը ցույց տվեց, որ չունի այդ հատկանիշները։
Անկախ ամեն ինչից Հայաստանի ազգային հավաքականին անկեղծորեն մաղթում եմ հաղթանակներ աշխարհի առաջնության որակավորման փուլի վերջին խաղերում, իսկ երկրպագուներին՝ ֆեդերացիայի ղեկավարների հրաժարականի իրենց պահանջների իրականացում եւ հայկական ֆուտբոլի արագ վերածնունդ»,- գրել է Արթուր Սողոմոնյանը։


















































