Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել Հայաստանի հնարավոր մտահոգությունները երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՌԴ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանից «հիբրիդային պատերազմների» մասին հայտարարություններին, հաղորդել են նախարարության մամուլի ծառայությունից։
Հարց. Վերջին ժամանակներս Հայաստանում՝ ակնհայտորեն 2026 թվականի հունիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, ավելի ու ավելի շատ են քննարկում իբրև թե Երևանի դեմ մղվող «հիբրիդային պատերազմների» մասին։ Ինչպե՞ս դա կմեկնաբանեիք։
Պատասխան. Իրոք, մենք արձանագրել ենք ինչպես փորձագետների, այնպես էլ հայ պաշտոնյաների, դրանց թվում, օրինակ, Ազգային ժողովի խոսնակ Ա.Ռ. Սիմոնյանի մի շարք նմանատիպ հայտարարություններին։
Կարդացեք նաև
Հիշեցնեմ, որ «հիբրիդային պատերազմներ» հասկացությունը հորինել և գործնականում կիրառել են ամերիկացի ռազմական տեսաբանները։ Ոչ այնքան վաղուց, Հայաստանի հարևան Վրաստանում, «կոլեկտիվ Արևմուտքի» երկրները կրկին ցուցադրեցին իրենց ամբողջ «հիբրիդային փառքը». կոպտորեն միջամտելով ներքաղաքական գործընթացներին, բորբոքելով «մայդանի» տրամադրությունները, զրկելով Թբիլիսիին իր զարգացման ուղին ընտրելու ազատությունից և զբաղվելով բացահայտ քաղաքական շանտաժով՝ սպառնալով զրկել նրան արդեն առանց դրա էլ խաբուսիկ եվրոպական հեռանկարներից։
Այս մոտեցումը մեզ համար օտար է։ Մենք միշտ հարգել ենք և կշարունակենք հարգել յուրաքանչյուր ազգի ինքնիշխան ընտրությունը։ Միևնույն ժամանակ, չենք կարող չնշել, որ Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» մասին հայտարարություններն արվում են հանրապետությունում մեր երկրի հետ կապերի զարգացման կողմնակիցների հետապնդումների ֆոնին՝ կարծես հետևելով այն օրինաչափությանը, որը վերջին տարիներին փորձարկվել է այլ երկրներում, օրինակ՝ Մոլդովայում։
Մենք պատրաստ ենք քննարկել մեր հայ գործընկերների հնարավոր մտահոգությունները ինչպես խորհրդարանական խողովակներով, այնպես էլ համապատասխան նախարարությունների միջև մեր առաջարկած խորհրդակցությունների միջոցով, ներառյալ՝ անհրաժեշտության դեպքում՝ ռուս-հայաստանյան հարաբերությունների շուրջ տեղեկատվական միջավայրը շտկելու նպատակով։
Ռուսաստանը միշտ եղել և մնում է Հայաստանի հուսալի դաշնակիցը։ Մոսկվան անհապաղ օգնության է հասնում իր եղբայրական ժողովրդին։ Վերջին օրինակներից է 2024 թվականի հունիսին ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում Հայաստանի հյուսիսում ջրհեղեղից վնասված երկաթուղային գծերի վերականգնումը։
Այս տարվա նոյեմբերին մեր երկրից Հայաստան ցորենի մատակարարումները կազմակերպվեցին հնարավորինս կարճ ժամանակում՝ Ադրբեջանով և Վրաստանով անցնող նորաբաց երկաթուղային երթուղով։ Առաջին խմբաքանակը ժամանեց նոյեմբերի 6-ի գիշերը։ Ընդգծում ենք, որ այս իրադարձությունը մեծապես հնարավոր դարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ձեռնարկված ջանքերի և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված համաձայնությունների շնորհիվ։
Վերը նշված Հարավային Կովկասի հանրապետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը մասնակցելով՝ Ռուսաստանը մշտապես առաջնորդվել է նրանց ինքնիշխան ազգային շահերով։ Արևմուտքի միջնորդական ջանքերը դեռևս պետք է անցնեն ժամանակի փորձությանը»,- նշել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում։


















































