Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ 21. «Մարտի 1-ի գործը բացահայտված է»

Նոյեմբեր 12,2025 09:00

Սկիզբը՝ այստեղ

Մարտի 1-ը Հայաստանի նորագույն պատմության ցավն է։ Տասը քաղաքացի սպանվեց, տասնյակները վիրավորվեցին, երկիրը ողողվեց համազգային ցնցումով։ Տասնամյակներ շարունակ հասարակությունը պահանջել է մեկ պարզ բան՝ ճշմարտություն։ Ո՞վ, ինչպե՞ս եւ ի՞նչ հանգամանքներում էր պատասխանատու այդ ողբերգության համար։ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց շատ կարճ ժամանակ անց, ի լուր աշխարհի հայտարարեց` «Մարտի 1-ի գործը բացահայտված է»։ Սա հնչեց որպես քաղաքական հաղթանակի ազդարարում՝ ոչ թե որպես դատավարական փաստ։ Ժողովուրդը սպասում էր՝ մի քանի օր, լավ՝ մի քանի շաբաթ անց կիմանա իրական մեղավորներին։ Այդ խոստումը հնչեց բազմիցս, հրապարակն ու լայվերը լցվեցին հաղթական տոնով հայտարարություններով, կարծես արդարությունը մի քայլով վերականգնվում էր։ Բայց ի՞նչ եղավ իրականում։

Յուրաքանչյուր գիտակից քաղաքացի վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք երբեք էլ Մարտի մեկի գործը չի՛ բացահայտվի։ Եկեք փաստերին նայենք պարզապես բաց աչքերով։ Մի մարդ, ով Մարտի 1-ին հազարավոր քաղաքացիների տարավ բախման, ով իր ղեկավարների հետ ապահով տեղերում պատսպարված հորդորում էր մարդկանց չընկրկել եւ գնալ մինչ վերջ, ով իր ձայնի ամբողջ բարձրությամբ բղավում էր` «Եկել է ղարաբաղցի տականքներից ազատվելու ժամանակը», երբեք, երբեք չի բացահայտի Մարտի 1-ի գործը։

Քաղաքական շոու, ընդամենը այսքանը։ Իրավական արդյունքում զրո հաջողություն։ Փաշինյանի իշխանությունը սկսեց աղմկոտ գործընթացներ՝ ձերբակալություններ, մեղադրանքներ, հարձակման տոնայնություն «նախկինների» հանդեպ։ Հայաստանում ձեւավորվեց պատկերացում, որ գործը «բացահայտված» է, որովհետեւ մի քանի հայտնի անձանց մեղադրանք ներկայացվեց։ Սակայն դատական իրականությունը բոլորովին այլ ընթացք ունեցավ։ Գործը դարձավ անվերջ ձգձգվող իրավական գործընթաց։

Ակնհայտ էր՝ մեղադրանքները կառուցված էին ոչ թե ամբողջական ապացույցների, այլ քաղաքական ենթադրությունների վրա։ Դատարանները մեկը մյուսի հետեւից չեղարկում էին մասնակի որոշումներ։ Մեղադրանքի հիմնական կետերը փլվեցին։ Արդյունքում՝ ոչ մեկի նկատմամբ վերջնական դատավճիռ չեղավ։ Ոչ մեկի մեղքը իրավական ուժով չապացուցվեց։

Այսինքն՝ Փաշինյանի «բացահայտումը» մնաց միայն բառի մակարդակում։ «Բացահայտման» արդյունքում միայն մասնավորապես տուժեց Սաշա Աֆյանը, որը կարծես դեռ 2008 թվականից էր մնացել Նիկոլի ուշադրության կենտրոնում. մարդ ով Մարտի 1-ին այն անձն էր, որ փորձեց անել անհնարինն ու հնարավորը, որպեսզի կասեցներ ողբերգությունը։ Ամեն ինչ տրամաբանական է, Նիկոլ Փաշինյանը այստեղ էլ վրեժը լուծում է միայն նախկիններից։

Ամենացավալին այն է, որ այս պատմական ողբերգությունը դարձավ քաղաքական մանիպուլյացիայի գործիք։ Մարտի 1-ը, որը պետք է միավորեր հասարակությանը արդարության պահանջի շուրջ, դարձավ իշխանության համար քարոզչական լծակ՝ սեփական լեգիտիմությունը ամրացնելու նպատակով։ Փաշինյանը չտվեց պատասխան այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ պահանջել էին ճշմարտություն։ Չտվեց արդարություն զոհվածների ընտանիքներին։ Չպատասխանեց հասարակության կարիքին՝ տեսնել արդար դատավարություն, ոչ թե քաղաքական վրեժ։ Եվ վերջում, երբ գործը փաստացի փակվեց, նա այլեւս չխոսեց «բացահայտման» մասին։ Սա է «ստի» խորքային բովանդակությունը. բարձրաձայնված հայտարարություն, որի շրջանակներում իրական ոչ մի գործողություն չկատարվեց։

Շարունակելի

 Տաթեւ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՀԿ խորհրդի անդամ

«Առավոտ» օրաթերթ
12.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930