Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեղծ հավասարեցման» վտանգները

Նոյեմբեր 12,2025 10:00

Ընկերներիցս մեկն իմ ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հրապարակախոսության եւ սոցիալական հարթակներում հաճախ հայտնվող արտահայտությունները՝ «երկուսն էլ իրար արժեն», «երկուսն էլ նույն աղբն են» արտահայտությունները մի հնարք են, որը ժամանակակից կոգնիտիվ գիտություններում կոչվում է false equivalence՝ կեղծ հավասարազորություն, հավասարեցում: Ենթադրենք, մի կողմն ասում է՝ «44-օրյա պատերազմում պարտության մեջ մեղավոր է Փաշինյանը», իսկ մյուս կողմը՝ թե այդ պարտության մեջ մեղավոր են 11 հազար դասալիքները: Եվ դուք, իբր օբյեկտիվ լինելու համար, ասում եք՝ «դրանք ծայրահեղություններ են, իսկ ճշմարտությունը մեջտեղում է»: Իրականում այդ «օբյեկտիվությունը» ծառայում է կողմերից մեկի շահերին:

Որոշ իմաստով մենք բոլորս՝ մահկանացուներս, իհարկե, հավասար ենք՝ այն առումով, որ բոլորս բազմաթիվ մեղքեր ենք գործել: «Եթե ասենք՝ «Մենք ոչ մի մեղք չունենք», մենք մեզ ենք խաբում, եւ ճշմարտություն չկա մեր մեջ» (Ա.Հովհաննես, 1:8): Իհարկե, ցանկացած մարդու կարելի է մեղադրել ինչ-որ մեղքերում, բայց դա չի նշանակում, որ բոլոր մարդկանց միջեւ կարելի է հավասարության նշան դնել: Չի կարող իմաստալից լինել այսպիսի մի երկխոսություն. «Դու սերիական մարդասպան ես», «Իսկ դու դավաճանում էիր քո կնոջը»: Չնայած երկուսն էլ մեղք են, դրանց միջեւ false equivalence ստեղծելը հռետորական հնարք է, որի նպատակն է արդարացնել սերիական մարդասպանին կամ գոնե՝ մեղմել նրա հանցագործությունների ընկալումը:

Հետեւաբար, երբ ամեն քայլափոխին հանդիպում ենք՝ «իշխանությունն ու ընդդիմությունն իրար արժեն» բանաձեւը, դա կարող է ունենալ երկու նպատակ. 1/ ապացուցել, որ իշխանությունն, այո, վատն է, բայց դրան արժանի հակակշիռ գոյություն չունի: Կամ՝ 2/ ընդդիմադիր բոլոր ուժերը հեչ բան են, բայց ահա ես կստեղծեմ այնպիսի մի ընդդիմություն, որը կիրականացնի իշխանափոխություն: Երկու տարբերակներն էլ օբյեկտիվորեն աշխատում են իշխանությունների օգտին:

Հենց այդ պատճառով էլ ես հակված չեմ սուր քննադատության ենթարկելու որեւէ ընդդիմադիր ուժի, ոչ միայն՝ առաջին երեք նախագահների հետ կապված, այլեւ ընդհանրապես իշխանափոխության ձգտող որեւէ մեկին՝ անցած մեղքերի եւ ներկայիս սխալների համար: Դա կարող է հանգեցնել կեղծ հավասարեցման: Մինչդեռ, եթե այդ բոլոր մեղքերն ու սխալները դնենք կշեռքի մի նժարին, իսկ Փաշինյանի բերած ավերը՝ մյուսին, ապա երկրորդն, անշուշտ, լինելու է շատ ավելի ծանրակշիռ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Van says:

    Շատ ափսոս, որ այս հոդվածը 2021-ին չգրվեց։ Եթե իմանայիք, թե որքա՜ն շատ մարդ չմասնակցեց ընտրություններին հենց այդ կեղծ հավասարության քարոզի պատճառով։

    • Հ.Շ. says:

      Ամէնայն յարգանքով՝

      Այո, նախկինում այս խմբագիրն ալ հակում ունէր՝ մի հատ մեխին, մի հատ նալին – մեղմօրէն – խփելու, իր գրիչով:

      Սակայն վերեւի յօդուածն ալ, նոյն իմաստով այլ յօդուածներ ալ, հիմնական որեւէ բան չէին փոխելու, Յունիս 2021ին: Ինչպէս որ 2018ի՝ ոչ գարնան, ոչ ամարը, ոչ էլ Դեկտեմբերին, բազմատեսակ ու բազմաղբիւր «հակա-յեղափոխական» ահազանգները որեւէ նշանակալից ազդեցութիւն չունեցան:

      2021ի ընտրութիւնների պարագային, «մէկը առ՝ միւսին զարկ»ի յիմար դիրքորոշումը կրնար գոնէ նոյնքան վնասաբեր չհանդիսանար, եթէ այդ հիման վրայ, բիւրաւոր հակա-փաշինյանիսթ խմբակներ (ի միջի այլոց ու ներառեալ ՀԱԿ-ը…) բարեհաճէին անջատաբար չմասնակցիլ ընտրութիւնները: Խնդիրը այն էր որ, ազգային բոլոր ուժերը՝ թէ՛ աննշանները եւ թէ՛ ընտրուելու շանս մը ունեցող խումբերը, այդպէս ձրուեցան, քանի որ բոլորն ալ համոզուած էին որ տեղի ունեցած Աղէտէն ետք, վարչակարգը չէր կրնար արտադրուիլ:

      Յառաջիկայ ընտրութիւններին, յաւելեալ հինգ աղէտալի տարիներէ ետք, այս ազդակները մի քիչ նուազած են:

      Սակայն հիմա էլ, վարչակարգի խարդախութիւնների տարողութիւնը աւելի սաստիկ պիտի հանդիսանայ:

      Այն հայը որ, 2018ի գարնան, հանրային եւ բուռն կերպով, չպայքարեցաւ փողոցային պետական յեղաշրջման դէմ, անկէ ետք լայնօրէն կորսնցուցած է Փաշինյանից գանգատելու իրաւասութիւնը:

      Մ. Հայդուկ Շամլեան

  2. Հ.Շ. says:

    Վերջերս, ՀՀի նախկին երկարատեւ քաղաքական գործիչ մը որ – մի քանի հարիւր քաղաքական «փորձառու» այլ մարդոց նման -, չէր պայքարած 2018ի պետական յեղաշրջման դէմ, ջանաց ինքզինք արդարացնել, ասելով թէ այժմու Փաշինյանը այն անձը չէ որ ինք նախապէս կը ճանչնար:

    Իրա՞ւ ?! գոնէ 2007էն սկսեալ եւ անընդհատ ի վեր, ՀՀ քաղաքական դաշտի այդ անձը, ինչպէս բիւրաւոր իր նման ՀՀ քաղաքական գործիչները, չէի՞ն լսում թէ Փաշինյանը ինչե՜ր ասում, չէին ընթերցում թէ նա ինչե՜ր է գրում, տեւաբար ու անդադար: Չէի՞ն տեսում իր վարքագիծը, չէին նայեր գոնէ իր դէմքի՛ն, իր աչքերի արտայայտութեան: 2018ի գարնան, արդէն տասնըմէկ տարիներէ ի վեր, բացայայտ, ակնյայտ եւ աչառու բան էր, որ այս մարդը, նուազագոյնը՝ խենթ մըն է:

    Իրականութիւնը այն է որ բոլորն ալ լաւ գիտէին Փաշինյանի ինչ լինելը: Սակայն կարծեցին որ իրենք այնքան հմուտ, ճարպիկ ու վարպետ են, որ պիտի յաջողին զինք սանձել: Նոյնիսկ զինք գործածե՛լ :

    Դեհ, հիմա կերէք ուրեմն:

    Այս պատճառներով, ես իրապէս կ’ուզեմ որ Փաշինյանը դարձեալ ընտրուի ՀՀ վարչապետ: Որպէս պատիժ զինք այդտեղ հասցնողներին: Մինչ, ամէն դէպքում, շատ ուշ է հիմա, եւ որեւէ իշխանափոխութիւն էական ոչինչ պիտի փոխէ: Հայոց Արցախը եւ մեր երեխաների հազարաւոր կեանքերը՝ ե՞տ պիտի բերեն:

    Մ. Հայդուկ Շամլեան

  3. Ուշադիր լսեցի Թերթին տված Ձեր հարցազրույցը:
    Շնորհակալ եմ` Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցողի լավ պատկերացում տվեցիք:

    Միայն մեկ բան էր բացակայում` հերթական հարցի խելացի, հակիրճ ու ըստ էության վերլուծումից հետո սպասում էի ամփոփիչ երկու-երեք բառեր: Այ, օրինակ քննարկում էիք որ նիկոլն իր արշավը ՀԱԵ-ու դեմ բացատրում է անձնական ‘ինքնամաքրման’ և այլն բաներով: Դուք ասացիք, որ նա ջանում է պառակտել հավատացյալներին: Այո, անկասկած` պառակտելը իր ցցուն հատկանիշն է: Սակայն ամեն ռազմավարություն ունի իր մարտավարության ‘արկղը’ (toolkit): Այս դեպքում դա համապատասխան ձևակերպումների արտադրությունն է: նիկոլը սպասարկում է ‘հոգսերով’ ինքնաբավարված, ուրիշի լավը իրենը չհամարող, ուրիշի վատը որպես իր լավը ընկալող միջին վիճակագրական հայաստանցու կարիքը թաքնվելու ‘ոնց բոլորը տենց էլ ես’-ի հետևը: Երբ ‘ֆյուրերը’ պուպուշ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ-indulgences է տալիս, այդ մարդու բոլոր վատ ձգտումները գորգի տակ են ավլվում, թաքցվում: Կյանքը շարունակվում է, մինչև հաջորդ ինքնադավաճանումը: նիկոլն էլ ‘նշաձողերը ինջեցման’ շարժիչն է աշխատացնում: Ինքնադավաճանությամբ տառապող հայաստանցիների թիվը աճում է:
    Ավարտում եմ երկու-երեք բառով` նիկոլի ֆաբրիկան արտադրում է թույլին ավելի թույլ դարձնող ինդուլգենցիաներ: Մնում է ցանկալի:

    Նորից շեշտեմ, շատ արժեքավոր հարցազրույց եք տվել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930