Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը եւ Իրանը միմյանց պետք են. ռուսաստանցի քաղաքագետ

Մարտ 03,2026 15:27 Share

«Իրանի Իսլամական հանրապետությունը երկար տարիներ եղել է Հայաստանի Հանրապետության հուսալի ստրատեգիական գործընկերը, եւ համագործակցության բարձր մակարդակում կարեւորվել է երկու երկրների անվտանգությունը, հետեւաբար Իրանը շատ կարեւոր դերակատարություն ունի Հայաստանի համար, հատկապես, որ նրա միջոցով ելք կա դեպի դուրս»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա- Երեւան առցանց տեսակամուրջի ժամանակ նշեց ռուսաստանցի քաղաքագետ, միջազգային մեկնաբան Մովսես Ղազարյանը։

«Այսօր շատ է խոսվում ճանապարհների ապաշրջափակման մասին, բայց հասկանում ենք, թե ինչ գին է վճարում դրա համար Հայաստանը, եւ ով է կանգնած դրա հետեւում: Այս համատեքստում ներկայումս Իրանի հետ կարճաժամկետ եւ հատկապես երկարաժամկետ հեռանկարում համագործակցությունը Հայաստանին տալիս է աշխարհաքաղաքական առումով մանեւրելու հնարավորություն՝ ինքնիշխանության պահպանման եւ անվտանգային առումով:

Հիշենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ԻԻՀ-ն չէր ողջունում ադրբեջանական ագրեսիան Արցախի բնակչության հանդեպ եւ չէր ողջունում ընդհանրապես թուրքական եւ ադրբեջանական նկրտումները Սյունիքի եւ Հայաստանի տարածքների հանդեպ: Ընդհանուր առմամբ, Իրանը դրական է վերաբերվում Հայաստանի եւ Ռուսաստանի ստրատեգիական գործընկերությանը: Մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ Հայաստանը եւ Իրանը միմյանց պետք են:

Հիշեցնեմ, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկկողմանի հարաբերությունների ժամանակ մշտապես բնորոշել են Հայաստանին եւ Իրանին եղբայր երկրներ: Իրանի ժողովուրդը մեծ համակրանք ունի հայերի հանդեպ, հայերն էլ՝ իրանցիների: Կարող եմ ինձ թույլ տալ ու հիշեցնել, որ Շահի ժամանակվա Իրանի կողմից հետաքրքիր հայտարարություն էր արվել այն մասին, որ հայերը քաղաքակրթական, մշակութային առումով Իրանում միշտ ընկալվել են որպես ավագ եղբայրներ: Սա շատ հետաքրքիր է, որովհետեւ խոսքը գնում է հայ եւ իրանցի ժողովուրդների նախաքրիստոնեական եւ նախաիսլամյան արմատների մասին»,- նշեց քաղաքագետը

Նրա ձեւակերպմամբ, ԻԻՀ-ն, ըստ էության տարածաշրջանում հանդես է գալիս որպես Թուրքիայի մրցակից, եւ Հայաստանին ու Իրանին շատ բաներ են միավորում, ու ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանին ձեռնտու չէ Իրանի թուլացումը:

Հեռուստակամուրջի ժամանակ քաղաքական մեկնաբան Արման Վանեսքեհյանի հետ զրույցում անդրադարձ եղավ ԵՄ անդամ պետություն Կիպրոսին՝ Իրանի հրթիռների հասնելուն, որտեղ տեղակայված է Միացյալ Թագավորության ռազմաբազան: Մովսես Ղազարյանի գնահատմամբ, Եվրոպան այս պատմության մեջ հայտնվել է ոչ իր կամքով, նույնիսկ Միացյալ Թագավորությունը մինչեւ վերջին պահը չէր ցանկանում իր բազան տրամադրել ԱՄՆ-ին՝ Իրանի հռթիռակոծելու համար:

«Շատ երկրներ, այդ թվում Իսպանիան եւ Պորտուգալիան եւս դրական չեն վերաբերվում իրենց տարածքից հակաիրանական գործողություններ իրականացնելուն: Եվրոպացիները ստիպված են հայտնվել այդ ճամբարում, նրանք նույնպես չեն ցանկանում պատերազմ, օրինակ` Հունաստանում հակապատերազմական բազմամարդ ցույցեր են տեղի ունեցել, ընդ որում՝ ոչ թե մայրաքաղաքում, այլ ռազմաօդային բազայի հարակից հատվածներում»,-հավելեց Մովսես Ղազարյանը:

Նա փաստեց, որ Իրանում պատերազմից առաջին հերթին քաղաքացիական բնակչությունն է տուժել, բայց այդ թեմայով եվրոպական ոչ մի երկիր որեւէ հայտարարություն չի արել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031