Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ տեղեկագրերի հիման վրա Նորավանի դպրոցի տնօրենի ծանոթներին որպես աշխատավարձ փոխանցվել է շուրջ 2,7 մլն դրամ, որը հափշտակվել է տնօրենի կողմից

Նոյեմբեր 12,2025 11:25

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2021-2024 թվականների ընթացքում, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերի գումարը, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք։

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված ժամանակահատվածում դպրոցի տնօրենը համապատասխան հաստիքներին հրամանագրել է իր ծանոթ անձանց, ովքեր ընդհանրապես չեն հաճախել աշխատանքի և չեն կատարել իրենց պարտականությունները, սակայն դպրոցի տնտեսվարի կողմից կազմված և տնօրենի կողմից հաստատված՝ աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրերի հիման վրա նշված անձանց որպես աշխատավարձ փոխանցվել է ընդհանուր շուրջ  2,7 մլն ՀՀ դրամի գումար, որը վատնման եղանակով  հափշտակվել է տնօրենի կողմից։

Վատնման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ և 3–րդ կետերով (3 դրվագ) և 445–րդ հոդվածի 1–ին մասով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են ընտրվել վարչական հսկողությունն ու պաշտոնավարման կասեցումը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև տնօրենին օժանդակած՝ դպրոցի երեք աշխատակիցներին, այդ թվում՝ տնտեսվարին, ում նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են ընտրվել պաշտոնավարման կասեցումն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը: Պատճառված 2,7 մլն ՀՀ դրամի վնասը  նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930