Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի հայտարարությունը, թե Հայաստանում երբևէ բնակվել են 300 հազար ադրբեջանցիներ, քննադատությանը չդիմացող կեղծիք է. Ստեփան Հասան-Ջալալյան

Նոյեմբեր 12,2025 12:42

160 հազար ադրբեջանցիների (կովկասյան թաթարների) դիմաց 650 հազար հայեր

Օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի նավթային դիկտատոր, ազգությամբ քուրդ Իլհամ Ալիևի Հայաստանին ուղղված պահանջներից մեկն էլ Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների (կովկասյան թաթարների) բնակություն հաստատելու մասին պահանջն է:

Առաջին անգամ նա այդ մասին հրապարակային խոսել է 2025թ. սկզբին: 2025թ. հունվարի 7-ին՝ այսպես կոչված ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ, նա, մասնավորաբար, հայտարարել է. «…ներկայիս Հայաստանի տարածքը ադրբեջանցիների պատմական հողերն են, որոնք մի ժամանակ բացարձակ մեծամասնություն էին կազմում այդ հողերում: Այսօր մենք ասում ենք, որ 300 հազար արևմտյան ադրբեջանցիներ պետք է վերադառնան այդ շրջաններ։ Բայց, ընդհանուր առմամբ, այդտեղից հեռացած և Ադրբեջանի տարբեր շրջաններում ապրող մարդկանց և նրանց թոռների ու ժառանգների թիվը մի քանի անգամ ավելի է, քան 300 հազարը»:

Նշված պահանջը նա հնչեցնում է պարբերաբար:

Հիմնվելով հարցին վերաբերելի պաշտոնական աղբյուրների վրա՝ փորձենք պարզել՝ արդյո՞ք համապատասխանում է իրականությանը Ապշերոնի սուլթանի հայտարարությունն առ այն, ըստ որի` Հայաստանում ինչ-որ մի ժամանակ բնակվել են 300 հազար ադրբեջանցիներ (կովկասյան թաթարներ):

Համաձայն 1989թ. հունվարի 12-19-ը ԽՍՀՄ-ում անցկացված վերջին՝ յոթերորդ մարդահամարի տվյալների՝ 1989թ. հունվարի 12-ի դրությամբ Խորհրդային Հայաստանում ադրբեջանցիների (կովկասյան թաթարների) թվաքանակը կազմել է 84.860 մարդ, կամ ընդհանուր բնակչության 2.5%-ը:

Միաժամանակ հարկ է նշել, որ Խորհրդային Հայաստանում ադրբեջանցիների (կովկասյան թաթարների), իսկ Խորհրդային Ադրբեջանում հայերի թվի վերաբերյալ ԽՍՀՄ վերջին մարդահամարի տվյալները վերապահմամբ կարելի է լիարժեքորեն ճշգրիտ համարել: Ինչո՞ւ:

Բանն այն է, որ Խորհրդային Ադրբեջանի բոլոր ժամանակների վարչակազմերի կողմից Արցախի հայության նկատմամբ տասնամյակներ շարունակ իրականացված խտրական, հակահայկական, թշնամական քաղաքականության պատճառով 1988 թվականին սկսված արցախյան շարժման հետևանքով տեղի էին ունեցել Խորհրդային Ադրբեջանում ապրող հայերի և Խորհրդային Հայաստանում ապրող ադրբեջանցիների (կովկասյան թաթարների) կտրուկ տեղաշարժեր, մասնավորապես՝ Խորհրդային Ադրբեջանի վարչակազմի կողմից պետական մակարդակով ծրագրված և 1988թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ, նույն թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 10-ը Գանձակ քաղաքներում և Խորհրդային Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերում իրականացված հայերի ցեղասպանության հետևանքով մեծ թվով հայեր բռնագաղթել էին իրենց բնակության վայրերից, իսկ Խորհրդային Հայաստանում ապրող ադրբեջանցիների (կովկասյան թաթարների) ճնշող մեծամասնությունը, ի տարբերություն Խորհրդային Ադրբեջանում ապրող հայերի, վաճառելով իրենց առանձնատներն ու բնակարանները, իրենց կամքով ապահով, անվտանգ հեռացել էին Խորհրդային Հայաստանից՝ իրենց հետ տանելով նաև իրենց շարժական գույքն ու ունեցվածքը:

Հայաստանում ադրբեջանցիների (կովկասյան թաթարների) թվաքանակի վերաբերյալ առավել ճշգրիտ և ամբողջական պատկեր ստանալու համար նպատակահարմար է հիմք ընդունել 1989 թվականից շատ առաջ ցարական Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում անցկացված մնացյալ բոլոր մարդահամարների արդյունքները:

Ցարական Ռուսաստանում առաջին անգամ 1897 թվականին, ապա Խորհրդային Միությունում առաջին անգամ 1926 թվականին, երկրորդ անգամ 1937 թվականին անցկացված մարդահամարների արդյունքներն ամփոփող փաստաթղթերում չի հիշատակվում «ադրբեջանցի» ազգություն: Նշված փաստերը հիմք են տալիս պնդելու, որ մինչև 1937 թվականը ներառյալ ո՛չ ցարական Ռուսաստանում, և ո՛չ էլ ԽՍՀՄ-ում գոյություն չի ունեցել «ադրբեջանցի» ազգություն:

Առաջին անգամ «ադրբեջանցի» ազգության մասին հիշատակվել է 1939 թվականին ԽՍՀՄ-ում անցկացված մարդահամարի ժամանակ: Համաձայն 1939թ. հունվարի 17-ին ԽՍՀՄ-ում անցկացված երրորդ մարդահամարի տվյալների՝ 1939թ. հունվարի 17-ի դրությամբ Խորհրդային Հայաստանում ապրող ադրբեջանցիների թվաքանակը կազմել է 130.896 մարդ, կամ ընդհանուր բնակչության 10.2%-ը:

Համաձայն 1959 թվականին ԽՍՀՄ-ում անցկացված չորրորդ մարդահամարի տվյալների՝ Խորհրդային Հայաստանում ապրող ադրբեջանցիների թվաքանակը կազմել է 107.748 մարդ, կամ ընդհանուր բնակչության 6.1%-ը:

1970թ. հունվարի 15-22-ը ԽՍՀՄ-ում անցկացված հինգերորդ մարդահամարի տվյալների համաձայն՝ 1970թ. հունվարի 15-ի դրությամբ Խորհրդային Հայաստանում ապրող ադրբեջանցիների թվաքանակը կազմել է 148.189 մարդ, կամ ընդհանուր բնակչության 5.9%-ը:

Իսկ 1979թ. հունվարի 17-24-ը ԽՍՀՄ-ում անցկացված նախավերջին՝ վեցերորդ մարդահամարի տվյալների համաձայն էլ՝ 1979թ. հունվարի 17-ի դրությամբ Խորհրդային Հայաստանում ապրող ադրբեջանցիների թվաքանակը կազմել է 160.841 մարդ, կամ ընդհանուր բնակչության 5.2%-ը:

Այսպիսով, հիմնվելով թվով հինգ՝ 1939, 1959, 1970, 1979 և 1989 թվականներին, ԽՍՀՄ-ում անցկացված մարդահամարների վերը հիշատակված պաշտոնական տվյալների վրա՝ կարող ենք պնդել, որ Ապշերոնի սուլթան Իլհամ Ալիևի հայտարարությունն առ այն, թե Հայաստանում երբևէ բնակվել են 300 հազար ադրբեջանցիներ, նվազագույն քննադատությանը չդիմացող կեղծիք է և սուտ:

Ի տարբերություն ադրբեջանցիների (կովկասյան թաթարների), հայերն Ադրբեջանում պատմականորեն ունեցել են բավականին մեծ ներկայություն:

Այսպես, համաձայն 1939 թվականին ԽՍՀՄ-ում անցկացված երրորդ մարդահամարի տվյալների՝ Խորհրդային Ադրբեջանում հայերի թվաքանակը կազմել է 388.025 մարդ, կամ ընդհանուր բնակչության 12.1%-ը:

Համաձայն 1959 թվականին ԽՍՀՄ-ում անցկացված չորրորդ մարդահամարի տվյալների՝ Խորհրդային Ադրբեջանում հայերի թվաքանակը կազմել է 442.089 մարդ, կամ ընդհանուր բնակչության 11.9%-ը:

1970 թվականին ԽՍՀՄ-ում անցկացված հինգերորդ մարդահամարի տվյալների համաձայն՝ Խորհրդային Ադրբեջանում հայերի թվաքանակը կազմել է 483.520 մարդ, կամ ընդհանուր բնակչության 9.4%-ը:

1979 թվականին ԽՍՀՄ-ում անցկացված նախավերջին՝ վեցերորդ մարդահամարի տվյալների համաձայն՝ Խորհրդային Ադրբեջանում հայերի թվաքանակը կազմել է 475.486 մարդ, կամ ընդհանուր բնակչության 7.8%-ը:

1989 թվականին ԽՍՀՄ-ում անցկացված վերջին՝ յոթերորդ մարդահամարի տվյալների համաձայն էլ Խորհրդային Ադրբեջանում հայերի թվաքանակը կազմել է 390.505 մարդ, կամ ընդհանուր բնակչության 5.5%-ը:

Այսպիսով, նկատի ունենալով Խորհրդային Ադրբեջանում հայերի վերաբերյալ ԽՍՀՄ մարդահամարի պաշտոնական տվյալները, ըստ որոնց` հայերը Խորհրդային Ադրբեջանում ունեցել են պատկառելի ներկայություն, Հայաստանի գործող, կամ ապագա վարչակազմը պետք է Ադրբեջանի վարչակազմի հետ բանակցություններում Արցախի Հանրապետության ավելի քան 150 հազար հայերի՝ տիրոջ իրավունքով և կարգավիճակով Արցախ վերադառնալու հարցի հետ միասին քննարկման առարկա դարձնի նաև մոտավորապես 500 հազար հայերի՝ իրենց պատմական հողեր՝ Ադրբեջանի երբեմնի հայաշատ բնակավայրեր վերադառնալու հարցը:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930