«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն ԿԸՀ կողմից արտոնագրվել է՝ իրականացնելու դիտորդական առաքելություն Վաղարշապատ համայնքի ավագանու՝ նոյեմբերի 16-ին կայանալիք համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին։ Այսօր հրավիրած ասուլիսում կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանն ասաց, որ Վաղարշապատում նախընտրական քարոզչության ընթացքում արդեն կան արձանագրված խախտումներ։
Մելոյանը նշեց, որ արդեն կան արձանագրված վարչական իրավախախտումներ, նաեւ Քրեական օրենսգրքի տրամաբանությամբ՝ հանցակազմ ենթադրող արարքներ։ «Ունեցել ենք արդեն դեպք, երբ բարեգործության անվան ներքո հավաք է տեղի ունեցել Վաղարշապատ համայնքի գյուղերից մեկում, եւ երեխաներից մեկին հրապարակայնորեն բավականին խոշոր գումար է հանձնվել։ Վարչական ռեսուրսի չարաշահում է տեղի ունեցել, կա արձանագրված տեսանյութ, որ հավաքներից մեկում քաղաքացիներից մեկը նշում է, որ ինքը գյուղապետարանի աշխատակից է, եւ իրեն հորդորել են մասնակցելու հրավիրված հավաքին։ Ունենք արձանագրված իրավիճակ, երբ քաղաքապետարանի աշխատակիցները թեկնածուի համար պաստառ են փակցնում»,- նշեց նա։
Նա անդրադարձավ նաեւ տեսախցիկներին։ «Մենք գիտենք, որ Կենտրոնական ընտական հանձնաժողովն օրենքի տառին համապատասխան ունենում է ուղիղ հեռարձակում տեղամասային կենտրոններից։ Բայց մենք դիտորդական առաքելությունների ընթացքում հայտնաբերել ենք այլ տեսախցիկներ։ Սա շատ կարեւոր արձանագրում է, որովհետեւ հատկապես ոչ քաղաքային համայնքներում շանտաժային տարրեր ենք արձանագրել, մեզ տեղեկացրել են, որ մարդկանց ասում են՝ այդ տեսախցիկներով վերահսկելու ենք ձեր ընտրությունը։ Այսինքն՝ փորձում են մարդու ընտրական իրավունքի գաղտնիության վրա որոշակի առումով ազդել։ Ես կուզեի կոչ հղել Վաղարշապատ համայնքի մեր բնակիչներին, ընդհանրապես ՀՀ-ում ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր անձի, որ որեւէ մեկը տեղամասային կենտրոնում հնարավորություն չի ունենալու վերահսկելու ձեր ընտրությունը։ Մենք ներկայացված ենք լինելու բոլոր տեղամասերում, վերահսկելու ենք կողմնակի տեսախցիկների առկայության հանգամանքը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, որ Վաղարշապատ համայնքը իշխանությունների համար կարեւոր է նաեւ այն առումով, որ այնտեղ է գտնվում Մայր Աթոռը, Գոհար Մելոյանն ասաց․ «Ցավոք սրտի, այո, մենք նաեւ այնպիսի իրականություն ունենք, որ խնդիր ունենք նաեւ Վաղարշապատ համայնքը նույնականացնելու այլ քաղաքական օրակարգի հետ։ Այնուամենայնիվ, ես ուրախ եմ, որ այդ օրակարգը սպասարկում չստացավ, ես այդ համոզմունքն ունեմ։ Եթե իշխող քաղաքական ուժը որոշի Էջմիածնում քաղաքական օրակարգի սպասարկման նպատակով ակտիվ քաղաքական գործընթացներ ձեռնարկել, հենց մենք որպես դիտորդ նաեւ գործունեություն ենք ծավալում այն նպատակով, որպեսզի դրան գնահատական տանք եւ միջազգային կառույցներին դիմենք։ Եթե իրենք իրենց թեկնածուին աջակցելու նպատակով փորձեն ճնշմամբ քաղաքական ազդեցություն ունենալ Մայր Աթոռի վրա, անպայման արձանագրվելու է եւ ամեն եղանակով փորձ է արվելու պատասխանատվության արժանացնել»,- նշեց Մելոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Իշխանությունները պնդում են, թե իրենք ընտրություններում վարչական ռեսուրսների չարաշահում եւ այլ խախտումներ թույլ չեն տալիս։ Ի պատասխան՝ Գոհար Մելոյանն ասաց․ «Ես ինձ թույլ եմ տալիս եզրահանգում անելու, որ ինչքան էլ օրվա իշխանությունները փորձում են բարձր ամբիոններից պնդել, որ ընտրությունները օրենքի տառին համապատասխան ազատ ու արդար են իրականացվում, մենք փաստացի արձանագրումներ ունենք, որ մեղմ ասած դա այնքան էլ այդպես չէ։ Վարչական ռեսուրսի կիրառումը Գյումրիում տրամաբանության ու համաչափության բոլոր կանոններից դուրս էր»
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































