Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու Հունգարիայի հետ վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք հանդիպման նախախաղային ասուլիսում լրագրողներին տեղեկացրեց, որ թիմում կան կորուստներ, բայց թիմը հոգեբանորեն պատրաստ է այս խաղին:
«Այո, ունենք կորուստներ, բայց եթե այլ կողմից նայենք, հնարավորություն ունենք տեսնելու ուրիշ ֆուտբոլիստների: Սա լավ շանս է նոր կազմով, որովհետեւ 4-5 ֆուտբոլիստներ չեն խաղալու հավաքականի կազմում: Ինձ համար նախորդ խաղերի համեմատ լավ փորձություն է: Վերլուծության առիթ կլինի: Շատ ուրախ եմ մի տեղ, որ ունեմ սենց հնարավորություն՝ վերլուծելու եւ շարժվելու ճիշտ ուղղությամբ: Կհաղթենք վաղը, թե չէ՝ շատ կուզենայի: Բայց մենք հոգեբանորեն պատրաստ ենք եւ հաղթանակի, եւ ոչ-ոքիի, եւ պարտության: Բայց ամենակարեւորը, որ վաղը մենք պատրաստ ենք պայքարելու»,-ասաց մարզիչը:
Եղիշե Մելիքյանը նշեց, որ հոկտեմբերյան խաղերի պարտություններն իրենց վրա չեն ազդել, այլ տվել են առիթ սխալներն ուղղելու: Հարցին, թե խմբից դուրս գալու տեսական շանսեր կան, որքա՞ն է դրանք իրական համարում եւ վաղվա խաղում ռիսկի գնալո՞ւ է, մարզիչը պատասխանեց. «Շանսեր կան, սակայն դրանք չեմ համարում շատ: Բայց քանի որ ունենք, պետք է պայքարենք: Ես չեմ եկել հավաքական, որ աշունը հարցեր լուծեմ արդյունքների հետ կապված: Այո, շատ կցանկանամ: Բայց ես եկել եմ՝ այս աշունն այս ցիկլում աշխատել թիմի հետ: Ես այդ աշխատանքը տանում եմ իմ մարզչական շտաբով եւ թիմով: Շատ գոհ եմ աշխատանքից: Այո, ես էլ եմ արդյունք ուզում եւ դրա համար մենք կպայքարենք»:
Մարզիչը լրագրողներին տեղեկացրեց, որ վաղը նրանք կտեսնեն թիմի մեկնարկային կազմ, որտեղ մեծ մասը լինելու են Հայաստանի առաջնությունից, եւ ասաց, որ չի հիշում, թե երբ է նման բան եղել: «Այո, դա ռիսկ է, բայց ես գիտեմ թե ուր եմ գնում եւ դրա համար չեմ վախենում պարտությունից եւ շատ մեծ ցանկություն ունեմ հաղթելու»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































