«Էդ ֆրանսիացին նույնիսկ Կասկադը չի էլ տեսել, Կասկադում չի էլ եղել է, նստել էսքիզն արել, ուղարկել է: Հիմա այլընտրանք չտալով՝ այդ էսքիզն անցկացրին »,- այսօր Կասկադ համալիրի արդիականացման նախագծի հանրային քննարկման ժամանակ ասաց «Ի պաշտպանություն Կասկադի հեղինակային նախագծի» անդամ Դավիթ Ստեփանյանը:
Նա անդրադարձավ Կասկադի արդիականացման վերաբերյալ տարբեր փորձագիտական կարծիքներին: Մի մասը պնդում է՝ վերնամասը չենք կարող իրականացնել հեղինակի՝ Ջիմ Թորոսյանի նախագծով, եթե նա ողջ չէ, մեխանիկական, բուտաֆորիկ մոտեցում կլինի: Մի մասն ասում է՝ 50 տարի առաջվա նախագիծը նույն կերպ չպետք է իրականացվի, փոփոխություններ են պետք: Կան լրիվ ուրիշ, բայց եղածին ներդաշնակ փոփոխություններ առաջարկողներ:
«Ինչու եմ այդ մոտեցմանը դեմ, որովհետեւ աշխարհում բազմաթիվ օրինակներ կան, որ հեղինակը մահից հետո կառույցը անավարտ է թողել, նրա մահից հետո է կառուցվել: Եթե այդ մտածողությամբ շարժվեինք չէինք ունենա օպերան, որտեղ Թամանյանը միայն առաջին քայլն էր տեսել, ոչ էլ Սարդարապատի թանգարանը»,- ասաց Ստեփանյանը:
Նա նկատեց, որ մենք կարծես թե ստեղծում ենք քաղաք-պետություն. «Մարզերը դատարկում ենք, կեղտոտում ենք Երեւանը՝ այդպես ջարդելով ՀՀ ողնաշարը. սա ամենամեծ աղետալի սխալն է»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ ազատ տարածությունները մարզերում, որոնք մնում են խնամքից դուրս ու անբնակ, դրանք հանձնվում են այն մարդկանց, որոնք նկրտումներ ունեն դրանց հանդեպ. «Կոնկրետ մեր հարեւանները: Աչքներիս առաջ երկրի կեսը գնաց: Այն ահռելի կապիտալը, անխնամ բերքն, որ լցվում է Երեւանի գլխին, մի ինչ-որ տոկոսը, եթե ուղղորդվեր սահմաններ, ամրաշինական աշխատանքներ իրականացնելու, ոչ այդքան զոհ կունենայինք, ոչ այսպիսի խնդիրներ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































