Լրահոս
Օրվա լրահոսը

Ձգտում ենք արժանահավատ տեղեկատվության տարածման խթանման միջոցով նպաստել ավելի տեղեկացված, կայուն և դիմակայուն Հայաստանի կառուցմանը. Վասիլիս Մարագոս

Նոյեմբեր 13,2025 13:04
Մեդիագրագիտությունը՝ սոցիալական փոփոխության գործիք

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) այսօր Գավառում անցկացրին «Մեդիագրագիտությունը՝ սոցիալական փոփոխության գործիք» թեմայով քննարկում՝ Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում։
Միջոցառմանը մասնակցում էին լրագրողներ, մեդիա մասնագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսանողներ և համայնքային դերակատարներ՝ Երևանից և Գեղարքունիքի մարզից՝ քննարկելու մեդիագրագիտության դերը տեղեկացված հասարակական երկխոսության խթանման մեջ։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց պատասխանատու մեդիա բովանդակություն ստեղծելու գործնական մոտեցումներին, համայնքային պատմությունների կարևորությանն ու մեդիայում թեմաների բազմազանության ապահովմանը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Այսօր Գավառում մենք նշում ենք մեդիագրագիտության խթանման կարևոր փուլը, որը վճռական նշանակություն ունի Հայաստանի ողջ տարածքում ժողովրդավարության ամրապնդման համար։ Երևանից մինչև Գյումրի՝ Եվրոպական միությունը հավատարիմ է իր հանձնառությանը՝ աջակցելու համայնքներին տեղեկացված և կառուցողական երկխոսության ձևավորման գործում, ինչպես նաև հնարավորություն ընձեռելու քաղաքացիներին զարգացնել քննադատական մտածողություն և դրսևորել ակտիվ ներգրավվածություն հանրային կյանքում։ Մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ՝ մենք ձգտում ենք արժանահավատ տեղեկատվության տարածման և քաղաքացիական մասնակցության խթանման միջոցով նպաստել ավելի տեղեկացված, կայուն և դիմակայուն Հայաստանի կառուցմանը»,- նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Ինֆոքոմ» մեդիա հարթակի լրագրող Հայարփի Բաղդասարյանը և «Հետք» մեդիա գործարանի լրագրող Ժաննա Բեքիրյանը ներկայացրին մեդիագրագիտությանը նպաստող գործիքներ և լուծումների լրագրության ու հանրային ներգրավվածությունը խթանող համայնքային բովանդակության ստեղծման գործնական մոտեցումներ։

«Կասկածել, ստուգել, վերլուծել․ սրանք այն քայլերն են, որոնք մեզնից յուրաքանչյուրը՝ անկախ մասնագիտությունից, պետք է անի, երբ ստանում է որևէ տեղեկություն։ Լրագրողի աշխատանքը մի փոքր այլ է․ նախքան որևէ լուր նյութի վերածելը՝ մենք խորանում ենք փաստերի մեջ, փնտրում և վերլուծում տվյալները, տարանջատում փաստերը կարծիքներից՝ տեղեկությունը հնարավորինս ճշգրիտ, հավաստի և ամբողջական համատեքստում ներկայացնելու համար»,- շեշտեց Ժաննա Բեքիրյանը։

4Plus-ի վավերագրող ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանը և «Բլեջան» ՀԿ-ի ղեկավար Լիաննա Ասոյանը ներկայացրին մեդիայում թեմաների բազմազանության խնդիրներն ու զգայուն թեմաների հետ աշխատելու կարևորությունը։

«4Պլյուսում մենք կարևորում ենք թեմաների բազմազանությունն ու ներառականությունը, քանի որ դրանք տեսանելի են դարձնում այն պատմությունները, որոնք հաճախ դուրս են մնում հիմնական մեդիա հոսքից։ Լուսանկարչությունը մեզ համար գործիք է՝ կոտրելու կարծրատիպերը և բացահայտելու սոցիալական թեմաներ։ Մեր պատմությունների միջոցով մենք փորձում ենք առաջ բերել հարցեր, որոնք դիտողին կստիպեն մտածել, հասկանալ և տեսնել ավելին, քան պարզապես պատկերն է»,- նշեց Նազիկ Արմենակյանը։

Քննարկումներին անդրադարձ եղավ համայնքային ձայները թվային գործիքների միջոցով լսելի դարձնելու և մեդիա բովանդակության ներկայացման էթիկական մոտեցումներին, մեդիայում բազմազանության ու ներառականության սկզբունքներին։

«Տեղական խնդիրների լուսաբանումը պետք է լինի առավել խորքային և փաստահեն․ անկախ նրանից՝ խոսքը վերաբերում է ջրային ռեսուրսների օգտագործմանը և դրանց աղտոտման հետևանքներին, կլիմայի փոփոխության ազդեցությանը գյուղատնտեսության և կենսաբազմազանության վրա, թե համայնքների խոշորացումից հետո հանրային ծառայությունների մատուցման որակին։ Երբ լրատվամիջոցները նման թեմաներին մոտենում են փաստերի, տվյալների վերլուծության և համայնքային իրական պատմությունների հիման վրա, նրանք ոչ միայն բարձրացնում են հասարակության տեղեկացվածության և վստահության մակարդակը տեղական մեդիայի նկատմամբ, այլև նպաստում են մեդիագրագիտության զարգացմանը՝ հնարավորություն տալով քաղաքացիներին տարբերել փաստը կարծիքից և նվազեցնել տեղեկատվական մանիպուլյացիաների ազդեցությունը»,- նշեց Լիաննա Ասոյանը։

Բանախոսներն ընդգծեցին մեդիայի, քաղաքացիական հասարակության և համայնքների միջև համագործակցության կարևորությունը՝ կառուցողական հանրային հաղորդակցություն ու երկխոսությունն ամրապնդելու համար։

Միջոցառման ավարտին բանախոսները խրախուսեցին մեդիայի, քաղաքացիական հասարակության դերակատարների և երիտասարդական նախաձեռնությունների միջև շարունակական համագործակցությունը՝ հանուն համայնքի բարօրության ու մեդիագրագիտության զարգացման, խթանելու դիմակայուն համայնքների ձևավորումը։

Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթը կազմակերպվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից և այս տարի անցկացվում է 2025 թ. նոյեմբերի 8-15-ին։

Մեդիագրագիտության շաբաթը Հայաստանում տեղի է ունենում արդեն ութերորդ տարին։ Այս տարվա խորագիրն է՝ «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն»։
Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է ամեն տարի աշնանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրների վրա։

Եվրոպական միությունն աջակցում է մեդիագրագիտության խթանմանը Հայաստանում՝ որպես ժողովրդավարական դիմացկունության, անկախ մեդիայի և հանրային մասնակցության ամրապնդման ուղղված համագործակցության մաս։

Հանրային լրագրության ակումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930