Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպքից անցել է շուրջ 2 ամիս. «Կադաստրի գործով» տուժողի կինը դիմել է «Առավոտին»

Նոյեմբեր 13,2025 13:00

Ամուսնուս՝ Արթուր Կնյազյանի առեւանգման եւ խմբակային ծեծի (որի արդյունքում ստացել է փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ, զույգ ակնակապիճների ստորին պատի բեկորային կոտրվածքներ, քթոսկրի կոտրվածք երկու կողմից, 4, 5, 6 կողերի գծային կոտրվածքներ) կազմակերպման եւ իրագործման գլխավոր կազմակերպիչը հանդիսանում է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, որը ոչ միայն եղել է հանցագործության պատվիրատուն, այլեւ անմիջականորեն ղեկավարել է ողջ գործընթացը:

Վերջինիս ուղղակի ցուցումներով են գործել Ռոմանոսը եւ Խաչատուրը, վերջինս հանդիսանում է Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի եղբայրը, ով անձամբ է մասնակցել ծեծին, գտնվել է դեպքի վայրում եւ գործել է բացահայտ ինքնավստահությամբ, համոզված լինելով, որ որեւէ պատասխանատվության չի ենթարկվելու:

Այս համոզունքը հիմնավորված է, քանի որ Խաչատուրը հանդիսանում է նախկին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եւ Սահմանադրական դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանի բարեկամը:

Քանի որ Խաչատուրը ունի բարեկամական կապ վերոնշյալ պաշտոնյաների հետ, ստեղծվել է ազդեցիկ ու վերահսկվող ցանց, ինչը ակտիվորեն խաթարում է քրեական գործի քննությանը:

Սույն գործով քննությունը վարող քննիչ Սեւակ Խաչատրյանն առաջին իսկ օրվանից քննությունը կազմակերպել է ոչ պատշաճ ձեւով, ինչի հետեւանքով հանցագործներին հնարավորություն է տրվել վերացնել դեպքի վայրի հարակից տարածքում առկա տեսախցիկների ձայնագրությունները եւ այլ կարեւոր ապացույցներ: Առերեսման ընթացքում քննիչը չի տվել այնպիսի հարցեր, որոնք հնարավորություն կտային բացահայտել իրական հանցագործների կողմից ներկայացված կեղծ ցուցմունքները, դրսեորել է ակնհայտ վերապահում եւ կողմնակալ վերաբերմունք նրանց նկատմամբ:

Դեպքից անցել է շուրջ 2 ամիս, սակայն դեռեւս մեղադրանք չի առաջադրվել հանցագործության կազմակերպիչ եւ պատվիրատու Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին: Բացի այդ, մինչ օրս չի բացահայտվել շուրջ 40-50 անձի ինքնություն, ովքեր եւս ներգրավված են եղել ամուսնուս դեմ ուղղված հանցագործության մեջ:

Ես խորին համոզմունք ունեմ, որ քննիչը նպատակ ունի վարույթից հանել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը «Մարդու առեւանգում եւ ազատությունից զրկում» հատկանիշներով հանցակազմը: Նշված բոլոր հանգամանքները հիմք են տալիս պնդելու, որ քննիչը չի ապահովում գործի անաչառ եւ օբյեկտիվ քննություն, չի ներշնչում վստահություն, իսկ գործը վերահսկող դատախազ Տիգրան Մուրադյանը պատշաճ կերպով չի իրականացրել իր վերահսկողական պարտականությունները:

Ավելին, ամուսնուս նկատմամբ կատարված անարդար գործողությունների հետեւանքով`տուժողից նրան դարձնելով մեղադրյալ թիվ 69141425 քրեական գործի վարույթով, ես համոզվել եմ, որ իրավական համակարգում այսօր էլ գործում է կոռուպցիոն հանցավոր խումբ, ինչպես դա եղել է նախկինում, եւ պաշտոնատար անձինք շարունակում են չարաշահել իրենց լիազորությունները, հովանավորչություն ցուցաբերելով հանցագործներին, եւ խոչընդոտելով արդար դատաքննությանը:

Քննիչը չի կատարել անհրաժեշտ քննչական գործողությունները, նա փորձում է ամուսնուս հանդեպ քննչական վարույթ բացելով հոգեբանական ճնշում գործադրել, որպեսզի նա հետ կանգնի իր բողոքներից ու պահանջներից:

Վերոնիկա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930