Ավելի քան մեկ ժամ տևած քննչական գործողությունից հետո ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները ձերբակալեցին ու Քննչական կոմիտե տեղափոխեցին «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին:
Նրանք մեղադրվում են խուլիգանության հոդվածով:
Կարդացեք նաև
Պատճառը փոդքասթի նոյեմբերի 10-ի թողարկումն է, որտեղ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն անդրադարձել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին: Օպերատիվ աշխատողը հատուկ նկարահանել է նրանց ձեռքերը ոլորած տանելը:
Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա է խուլիգանության հոդվածով վարույթ հարուցվել Վազգեն Սաղաթելանի ու Նարեկ Սամսոնյանի դեմ, այն առնչվում է նոյեմբերի 10-ին եթեր հեռարձակված «Իմնեմնիմիին», հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նա մի դրվագ է նշել, որ նոյեմբերի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հարցազրույցից հետո, Ալեն Սիմոնյանը Սամսոնյանին և Սաղաթելյանին անվանել է «շան տղերք»։
«Նոյեմբերի 10-ի իրենց եթերում Վազգենն անդրադառնում է այդ խոսքերին ու կոշտ ձևով, Նարեկն արձագանքում է, բայց չի հայհոյում։ Որտե՞ղ է այստեղ խուլիգանությունը։ Մարդկանց անվանում են «շան տղերք», ու դա խուլիգանություն չէ, իսկ դրան պատասխանելը խուլիգանությո՞ւն է»,-ասել է փաստաբանը։
Ձերբակալությունից առաջ փաստաբան Ռուբեն Մելիքյանը փորձում էր մտնել Սամսոնյանի բնակարան և մասնակցել քննչական գործողություններին, սակայն դուռը նրա առջև այդպես էլ չբացվեց: Փաստաբան Արսեն Բաբայանը եւս գրել էր. «ԱԱԾ դիմակավորված անձինք, քննիչի մասնակցությամբ խուզարկություն են իրականացնում Վազգեն Սաղաթելյանենց տանը: Ես որպես փաստաբան մի քանի անգամ պահանջեցի, որ ներս թողնեն, սակայն ներսից քննիչը հրահանգեց համբերել…Դե ի՞նչ ասեմ, տղերք, համբերել ես հաստատ գիտեմ: Համբերելու եմ մինչեւ ձեր պատասխանատվության ժամը»։
«Անտիֆեյք»-ի գրասենյակում իրականացվում է խուզարկություն: Վերցվում է ողջ տեխնիկան»,-հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։



















































