«Դա արտաքին քաղաքական ուղերձ է, որ մենք կրճատելու ենք, բանակի բյուջեն կրճատում ենք՝ ուղղված Բաքվին, Թուրքիային եւ շատ այլ ոչ բարեկամ երկրներին»,- խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ տարակուսելով, որ բյուջեի տարբեր կրճատումների մասին հարցեր են ուղղվել նաեւ մյուս ուժային կառույցների ներկայացուցիչներին, մինչդեռ իշխանական կողմը միայն ՊՆ-ի բյուջեի կրճատումները թմբկահարեց։ Նա նաեւ հեգնեց Նիկոլ Փաշինյանին եւ նրան երկրորդող Սուրեն Պապիկյանին՝ 50 հոգանոց խմբեր կազմելու եւ բանակի սպառազինությանը, դիրքերի կահավորմանը ծանոթանալու նպատակով, այն դեպքում, երբ անգամ գաղտնիության որոշակի աստիճանի հասանելիություն ունեցողներին է դա արգելվում։
Գեղամ Մանուկյանը դիմեց զինվորականներին՝ նշելով, որ անկարգապահության կոչ չի անում․ «Բայց անցնող մի քանի տարիները ցույց տվեցին, որ հերթով բոլորին փուռն են տալու»։ Նա վկայակոչեց պաշտպանության նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական, ԳՇ պետի նախկին տեղակալ Արշակ Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը․ «Իր պաշտպանը չեմ, ի դեպ, աչքիս լույսն էլ չի եղել, երբ պաշտպանության նախարար էր, բայց ուզում եմ պատկերացնեք՝ մարդուն խորհրդականից բերում են ԳՇ պետի առաջին տեղակալ, հետո դարձնում են պաշտպանության նախարար ու դրանից հետո ասում են՝ քրեական գործ է հարուցվել»։
Ալեն Սիմոնյանն արձագանքեց Գեղամ Մանուկյանի ելույթին. «Մարդ եք գտել, պաշտպանում եք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Ատամները կրճտացնելով» փորձում ենք վնաս չտալ երկրի անվտանգությանն ու զինված ուժերին՝ անգամ այն պարագայում, երբ ՀՀ ԶՈՒ նկատմամբ հոգատարությունը փորձում են մեր դեմ օգտագործել՝ նաեւ ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Նա առավոտյան ներկա էր եղել ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության կազմավորման 28-ամյակին նվիրված սուրբ եւ անմահ պատարագին։ Պատարագին ներկա են եղել զինվորներ՝ «շատ լավ եւ կազմակերպված սերժանտի» գլխավորությամբ, բայց որեւէ բարձրաստիճան զինվորական, ՊՆ ներկայացուցիչ ներկա չի եղել։
Գեղամ Մանուկյանը փաստեց՝ գնդերեցներն այս 28 տարիներին անգնահատելի դեր են ունեցել ՀՀ ԶՈՒ-ում՝ մի ձեռքում խաչը, մյուսում՝ զենքը կանգնելով զինվորի կողքին։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































