Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանավանի համայնքապետի կնոջ ընկերությունները հաղթել են համայնքային և պետական գնումներում. «Հետք»

Նոյեմբեր 13,2025 14:04

«Հետք». Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հիմնադրած, այժմ կնոջը պատկանող «Սոճենի» ՍՊ ընկերությունը պետական և համայնքային գնումներին 468 մլն դրամի պայմանագրեր է կնքել։

Ըստ այդ պայմանագրերի՝ ընկերությունը վերանորոգում է դպրոց, բազմաբնակարան շենքերի տանիքներ, իրականացնում է գազիֆիկացման աշխատանքներ։ «Ստեփշին» ՍՊ ընկերությունը, որի 45%-ը պատկանում է Արմեն Գրիգորյանի կնոջը, ևս մասնակցում է Ստեփանավանի և մարզի այլ համայնքների գնումներին։

«Սոճենի» ՍՊ ընկերությունը 2018-ի ապրիլին հիմնադրել է Արմեն Գրիգորյանը:

Մեկ տարի անց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է Ստեփանավան համայնքի ղեկավար: «Սոճենի» ՍՊԸ-ի 100% մասնաբաժինը 2021-ի հունվարին փոխանցել է դստերը՝ Սյուզաննա Գրիգորյանին, իսկ 2024-ի մայիսից ընկերության 100% փայատեր Արմեն Գրիգորյանի կինն է՝ Գայանե Ավետիսյանը։

«Սոճենի» ՍՊԸ և «Մեդիսոն էյբլ» ՍՊԸ կոնսորցիումը հաղթող է ճանաչվել նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՝ Վանաձոր համայնքի Ագարակ գյուղի դպրոցի վերանորոգման համար հայտարարված մրցույթում։ Պայմանագրով սահմանված աշխատանքների համար նախատեսվել է կապալառուին վճարել 56 մլն 277 հազար դրամ։ Մրցույթին մասնակցել է նաև «Մանուկյան շին» ՍՊԸ-ն, որը առաջարկել էր 59 մլն 385 դրամ։ Այս երկու առաջարկներով սահմանված գումարների տարբերությունը կազմել է 2,723,385 դրամ։ Քանի որ կոնսորցիումի առաջարկած գինն ավելի փոքր է եղել, մրցույթում հաղթող է ճանաչվել։

2024-ի նոյեմբերին «Սոճենի» ՍՊԸ և «Փայլք» ՍՊԸ կոնսորցիումը հաղթել է Տաշիր համայնքի հայտարարած մրցույթում, ըստ որի՝ ընկերությունը պետք է վերանորոգի Տաշիր քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքները, կատարի էներգաարդյունավետության և ջերմաարդյունավետության բարձրացման աշխատանքներ։

2024 թվականի նոյեմբերին «Սոճենի» և «Փայլք» ՍՊԸ-ների կոնսորցիումը հաղթել է Տաշիրի համայնքապետարանի կազմակերպած մրցույթում։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված 2024 թվականի հայտարարագրում Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը նշել է, որ «Սոճենի» ՍՊԸ-ն երկու պայմանագիր է կնքել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Տաշիր համայնքի հետ, բայց չի նշել երրորդ գնման՝ գազիֆիկացման աշխատանքներ կատարելու համար Ստեփանավան համայնքի հետ կնքված պայմանագրի մասին։

Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրի՝ Գայանե Ավետիսյանը «Ստեփշին» և «Սոճենի» ՍՊԸ-ներից ստացել է մոտ 20 մլն դրամի եկամուտ։ Այդ թվում՝ 15 մլն դրամ շահաբաժին և 3 մլն դրամ աշխատավարձ «Սոճենի» ՍՊԸ-ից և մոտ 3 մլն դրամ աշխատավարձ «Ստեփշին» ՍՊԸ-ից։

Գրիգորյանը, սակայն, իր կնոջ ընկերությունների մրցույթներում հաղթելու վերաբերյալ հայտարարություն չի ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

Արմեն Ղազարյան, Արեն Նազարյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930