Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը։
«Տաշիր Կապիտալ» ընկերության շահերի ներկայացուցիչ փաստաբան Վարդան Ալոյանը ՀԾԿՀ նախագային բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց։ Նա ասաց, որ «Տաշիր Կապիտալ» ընկերությունը գտնում է, որ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի վերաբերյալ առկա են ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ապացույցներ, որոնք հիմք են հանդիսանում նրան կողմնակալ համարելու համար։
Փաստաբանը հիշեցրեց, որ Մեսրոպյանը աշխատել է Կոտայքի մարզպետի պաշտոնում եւ բազմիցս ասել է, որ հանդիսանում է քաղաքական գործիչ։
«Համաձայն վարչապետի կողմից Մեսրոպ Մեսրոպյանին ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ ԱԺ նախագահին փոխանցած փաստաթղթերի փաթեթում առկա ինքնակենսագրականի՝ Մեսրոպ Մեսրոպյանը 2023 թվականի նոյեմբեր ամսից հանդիսացել է ՔՊ կուսակցության անդամ։ Նրա առաջադրման որոշումը կայացվել է ՔՊ վարչության նիստում իր մասնակցությամբ։ Վերոգրյալ տեղեկությունների համադրման արդյունքում կարող ենք արձանագրել, որ դրանք ինքնին կաշկանդող գործոն են ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի համար։ Դա ապացուցում է վերջինիս ամուր քաղաքական կապը գործող իշխանության՝ ՔՊ կուսակցության հետ»,- նշեց Ալոյանը։
Կարդացեք նաև
Միջնորդության ներկայացումից հետո ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը կես ժամ ընդմիջում վերցրեց՝ քննարկելու այն։ Ընդմիջումից հետո քվեարկության դրվեց բացարկի միջնորդությունը, այն չընդունվեց։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































