«Բացարձակապես, երիցս՝ ոչ։ Չի կարող նման բան լինել, քանի որ եկեղեցին քաղաքական իմաստով որևէ օգուտ չի կարող տալ։ Նիկոլ Փաշինյանն ուզում է ունենալ հստակ, մաքուր ու կայուն ինստիտուտներ, և որ բոլոր ինստիտուտներն իմանան իրենց առջև դրված խնդիրները և դրանով շարժվեն առաջ»,- լրագրողների դիտարկմանը` չեք կարծո՞ւմ, որ եկեղեցու դեմ կատարվողը Նիկոլ Փաշինյանը ոչ թե անում է եկեղեցու ներսում եղած խնդիրների համար, այլ որ ուզում է ունենալ մի եկեղեցի, որը հնազանդվում է իրեն, ուզում է ունենալ հպատակ եկեղեցի, ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Նա հորդորեց՝ լավ կլինի, որ մեր եկեղեցին պատմական քայլ անի հայ ժողովրդի համար և ինքնամաքրվի, վերանայի իր գործողություններն ու ապրելակերպը, մոտեցումները, գտնի մաքրագործվելու ճանապարհներ։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ այդ դեպքում ինչո՞ւ 2019-2020-ին Նիկոլ Փաշինյանն այդ խնդիրները չէր արծարծում, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «2019-2020-ին եկեղեցին չէր դարձել քաղաքական կուսակցություն և քաղաքական գործունեություն չէր կատարում։ Եթե եկեղեցին շարունակեր իր գործունեությունը կատարել, ապա որևէ խնդիր չէր առաջանա։ Մնում է՝ եկեղեցին այս պահին գրանցվի՝ որպես կուսակցություն, և ամեն ինչ կընկնի իր տեղը։ Սա տհաճ ու տգեղ է և հղի է վատ հետևանքներով։ Քանի դեռ կա ժամանակ, կարմիր գծերը չեն հատվել, եկեղեցին պետք է որոշակի քայլեր անի իր նախնական առաքելությանը վերադառնալու համար»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































