ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակի շրջանակում՝ նոյեմբերի 12-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարում:
Նամականիշի մարման արարողությունն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ Կարեն Մարգարյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Նախարարի տեղակալի նշմամբ՝ անգնահատելի են Օֆելյա Համբարձումյանի ավանդն ու ներդրումը հայ կատարողական արվեստի զարգացման ու տարածման գործում: «Օֆելյա Համբարձումյանն իր անկրկնելի ձայնով, աշխատասիրությամբ ու բարձր կատարողական արվեստով հայ ավանդական երգը երկար ու ձիգ տարիներ հնչեցրել է Հայաստանի բոլոր անկյուններում և արտերկրում: Կոմպոզիտորները նոր երգեր են գրել հատուկ երգչուհու հրաշալի ձայնի և մաքրամաքուր կատարումների համար: Օֆելյա Համբարձումյանը մեծ ժառանգություն է թողել՝ սերունդներին փոխանցելով բարձր կատարողական արվեստի նմուշներ և մշտապես կատարելագործվելու ոգին։ Նրա արվեստը կամուրջ է սերունդների միջև, նրա կատարումները ոչ միայն երաժշտական վարպետության արտահայտություն են, այլև ազգային ինքնության, զգացմունքների ու հոգևոր արժեքների կենդանի վկայություն»,- նշել է Դանիել Դանիելյանը:
Կարդացեք նաև
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը (1925-2016 թթ.):
Նամականիշի վրա առկա են նաև «ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ» և «ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի, տպաքանակը՝ 10 000 հատ:
Հաջորդիվ՝ հոբելյանական տարվա շրջանակում կայացել է նաև «Օֆելյա Համբարձումյան 100» հոբելյանական համերգը: Հանդես է եկել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



















































