«Մեդիագրագիտության շաբաթ» նախաձեռնության շրջանակում Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել «Մեդիակրթությունը նախադպրոցական մանկավարժության ոլորտում» միջոցառումը: Ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Մանկավարժական համալսարանի՝ «Մեդիագրագիտության շաբաթ» միջոցառմանը միանալու հանգամանքը՝ համապատասխան կարողություններով ու հմտություններով կադրեր պատրաստելու և ապագա ուսուցիչների գիտելիքն ու փորձը սովորողներին փոխանցելու տեսանկյունից. «Ոլորտի բովանդակային բարեփոխումներում մեդիագրագիտությունը շեշտվում է իբրև առանցքային կարողունակություն և ներառված է ինչպես հանրակրթության, այնպես էլ նախադպրոցական կրթության չափորոշչում: Կարևոր է խնդիրները ճիշտ ձևակերպել և անհրաժեշտ մանկավարժական մոտեցումներով ցույց տալ սովորելու, անհրաժեշտ գիտելիքով զինվելու հնարավորությունները՝ նաև նախադպրոցական տարիքի երեխաների համար»:

Գործիքակազմերի ընտրության հարցում նա կարևորել է տեղական և միջազգային փորձի համադրությունը, քանի որ խնդիրները ընդհանուր են աշխարհի տարբեր երկրների կրթական համակարգերի համար. «Ուրախ եմ, որ Մանկավարժական համալսարանը գնում է տեսական մանկավարժական մոտեցումները բազային ուսումնական հաստատություններում փորձարկելու ճանապարհով: Մենք կարիք ունենք մեթոդական ճիշտ աշխատանքների՝ սկսած նախադպրոցական կրթության տարիքից, որպեսզի վստահ լինենք, որ երեխաների կարողությունների զարգացումը ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Որպես կրթության ոլորտի լիազոր մարմին՝ ակնկալում ենք փորձարկումների արդյունքում ստանալ առաջարկներ՝ նախադպրոցական հաստատություններում այս կամ այն գործիքները ներդնելու վերաբերյալ»:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը՝ ընդգծելով, որ մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում բուհն իր շուրջն է համախմբել կրթության ոլորտի շահառուներին՝ սկսած նախադպրոցական հաստատությունների ներկայացուցիչներից մինչև բուհերի ուսանողներ ու դասախոսներ:

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա ֆակուլտետի ուսանողների հեղինակած դիդակտիկ նյութերի ցուցահանդես, ներկայացվել են տարաբնույթ մեդիաբովանդակությամբ տեսանյութեր:

ԿԳՄՍՆ