Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի մայր թատրոնի վերակազմավորումը ոչ միայն գեղարվեստական իրադարձություն է, այլև խորհրդանշական դրսևորում այն գաղափարի, որ Արցախը շարունակում է ապրել»

Նոյեմբեր 13,2025 17:11

2023թ․ սեպտեմբերի վերջին հայաթափ եղավ Հայոց Արցախը։ Անորոշ մնաց նաև արվեստի բազում ճյուղերով ու ավանդույթներով հարուստ Արցախի մշակութային կառույցների ճակատագիրը։ Բռնի տեղահանվելով հայրենիքից՝ նույն մշակութային խմբերի, համույթների անդամները բնակություն են հաստատել ՀՀ տարբեր վայրերում։ Բայց կա կարևորը՝ պահել ու պահպանել Արցախի հարուստ մշակույթը, բարբառը, ավանդույթները։ Այսինքն՝ արցախցիները պետք է միախումբ լինեն ու մշտապես մտածեն տուն դառնալու մասին։ Եվ շատ կարևոր է՝ վերակազմավորվեն մշակութային կառույցները։ Այս հարցում և՛ պետական, և թե՛ հասարակական աջակցություն է պետք։

Հասարակական կառույցներից այս առումով մեծ է Մոսկվայում գործող «Դիալոգ» կազմակերպության դերը՝ իր հիմնադիր ու նախագահ Յուրի Նավոյանի գլխավորությամբ։ Արդեն նշել ենք՝ «Դիալոգ»-ը մեծ աջակցություն է ցուցաբերել «Արցախ» ջազ համույթին, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմին (ՀԱԵ ԱԹ) և այլ կառույցների։

Օգոստոսի 19-ին Երևանում՝ Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) նախագահ Հակոբ Ղազանչյանն ընդունեց «Դիալոգ» ՀԿ նախագահ Յ․ Նավոյանին։ Կնքվեց հուշագիր Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի վերակազմավորման մասին։ Ներկա էին թատրոնի դերասանները՝ գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանի գլխավորությամբ։

 

Եվ 2 կառույցների աջակցության շնորհիվ՝ նոյեմբերի 12-ին Վ․ Փափազյանի անվան թատրոնի դերասաները Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում էին։ Դեռևս օգոստոսյան հանդիպման ժամանակ էր որոշվել՝ Փափազյանականների առաջին ներկայացումը լինելու է Արցախի բարբառով, և բեմադրվելու է Ալեքսանդր Մանասյանի «Արցախյան սիրո հեքիաթ կամ «Արա, պա ստի պեն կինի՞» ստեղծագործությունը։

Ու հիմնականում արցախցիներով լեցուն դահլիճում Արցախի մայր թատրոնի խումբը, գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանի գլխավորությամբ, հիացրեց հանդիսատեսին իր խաղով։

Մինչ ներկայացման սկսվելը՝ ներկաներին ողջունեցին ՀԹԳՄ նախագահ Հ․ Ղազանչյանն ու «Դիալոգ» ՀԿ նախագահ Յ․ Նավոյանը։ Անդրադառնալով արդեն 3 ամիս առաջ իր և Յ․ Նավոյանի կնքած հուշագրին՝ Հ․ Ղազանչյանն ասաց՝ ամեն ինչ պետք է արվի, որ Արցախի մայր ու լեգենդար թատրոնը շարունակի իր գործունեությունը։ Հավելեց նաև՝ 3 ամիսների ընթացքում արցախցի դերասանները փորձերն արել են ՀԹԳՄ դահլիճում, և ինքը հաճախ է ներկա եղել ու տեսել երիտասարդ դերասանների նվիրումով աշխատանքը։ Շնորհակալություն հայտնեց «Դիալոգ»-ի նախագահ Յ․ Նավոյանին, որի ցանկությամբ ու առաջարկով հնարավոր եղավ այսօրվա բեմականացումը։

Տեղեկացրեց նաև՝ այս ընթացքում վերահրատարակել են Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մասին պատմող գիրք-ալբոմը, որի ամբողջ տպաքանակը մնացել էր Ստեփանակերտում։ Նշեց նաև՝ Նավոյանի աջակցությամբ ՀԹԳՄ-ում գործող «Գալյա Նովենց» թատերական դպրոցում բացվել է թատերական անվճար խումբ՝ հատուկ արցախցի երիտասարդների համար։

Իր խոսքում Յ․ Նավոյանն ասաց․ «Այսօր մենք ականատեսն ենք լինելու Արցախի վերածնված մայր թատրոնի առաջնախաղին։ Սա ևս պարունակում է մեծ իմաստ՝ լի մեծ ցավով ու լավատեսությամբ։ Կարծում եմ՝ խոսքերի փոխարեն արվեստի լեզուն ավելի արտահայտիչ է, և մեր արցախցի դերասաներն իրենց տաղանդավոր խաղով կապացուցեն դա։ Նշեմ՝ սա մեզ համար արցախյան ուղղությամբ ու արցախցիների հետ համագործակցության ընդհատված գործունեության վերականգնում է։ Եվ արցախահայության բռնագաղթից հետո մենք աջակցում ենք արցախյան մշակութային հաստատություններին վերակազմավորման հարցում։

Հաճախ էին հարցեր հնչում՝ ուր է Արցախի փառավոր թատրոնը։ Հարցը նաև ինձ էր հուզում, և դրա պատասխանն ինձ բերեց պարոն Ղազանչյանի հետ հանդիպման։ Պարզվեց՝ մենք համախոհ ենք, ու հաջորդ հանդիպումը կայացավ եռակազմ՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանի մասնակցությամբ։ Եվ ահա մենք ներկա ենք լինելու առաջնախաղին, որ դերասանները ներկայացնելու են այս հանճարեղ ստեղծագործությունը՝ հեղինակի՝ Ալեքսանդր Մանասյանի ներկայությամբ․․․»։

Հավելեց նաև՝ «Գալյա Նովենց» թատերական դպրոցի նոր բացված արցախյան երկամյա դասարանում, որը ղեկավարում է և Հ․ Ղազանչյանը, սովորում են արցախցի 15 երիտասարդ՝ Ռուզաննա Խաչատրյանի դասավանդմամբ։ Հույս հայտնեց, որ այս երիտասարդները համալրելու են Արցախի մայր թատրոնի դերասանների շարքերը։

Անդրադառնալով իր ղեկավարած ընկերության աջակցությամբ վերակազմավորվող արցախյան մշակութային կառույցներին՝ նշեց նաև՝ նոյեմբերի 12-ին «Դիալոգ»-ը համաձայնագիր է կնքել՝ արցախյան ևս 2 մշակութային կառույցների վերակազմավորման հետ կապված։ Արցախի պետական երգչախումբն այսուհետև «Վարարակն» անվամբ կշարունակի գործունեությունը։ Իսկ «Արցախի բալիկներ» համույթը հունվարին արդեն ելույթ կունենա։ Վստահեցրեց նաև՝ ինքն ու Հ․ Ղազանչյանը մշտապես լինելու են թատրոնի կողքին և կաշխատեն մինչև հունվար ևս մեկ անգամ ներկայացնել «Արցախյան սիրո հեքիաթ կամ «Արա, պա ստի պեն կինի՞» գործը, իսկ հաջորդը լինելու է Մուրացանի «Ռուզան» դրաման։

Ինչ խոսք, հանդիսատեսը ծափողջյուններով դիմավորեց ելույթ ունեցողներին՝ հայտնելով երախտագիտություն կատարած հայրենանվեր աշխատանքների համար։ Այնուհետև բեմում արդեն դերասաներն էին, որ մեկ ժամից ավելի հաճելի պահեր մատուցեցին հանդիսատեսին։ Արցախյան գյուղն էր ու գյուղի պարզ ու հասարակ, բարի բնակիչները։ Սեր, հարևանների վեճ, սակայն միշտ պատրաստ իրար օգնելու, համատեղ թոնրով հաց թխելու ավանդույթ, երիտասարդական սիրով լի անորոշ վիճակ ու վերջնական հաղթանակ։ Ստեղծագործության հիմքում հիմնական 3 խնդիր էր դրված՝ Հույս, Հավատ ու Սեր։ Սերը հաղթեց, եղավ հարսանիք։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռ․ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին՝ ասելով․ «Մինչև չլինեն նվիրյալ անհատներ, լավ գործեր չեն լինի։ Ես շնորհակալ եմ այդ լավ մարդկանց՝ պարոն Նավոյանին, պարոն Ղազանչյանին։ Այսօր կան այդ մարդիկ, և կա ու ապրում է Արցախի մայր թատրոնը։ Իմ խորին երախտագիտությունը պարոն Մանասյանին։ Նա 2 անգամ այս ստեղծագործությունը վստահել է Արցախի մայր թատրոնին։ Սա երկրորդ ներկայացնում է, ցավոք, ոչ արցախյան բեմում, բայց հավատով, որ այս օրերը, ինչը ներկայացվեց, վերստին ապրելու ենք Արցախում»։ Ռ․ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց նաև իր ղեկավարությամբ գործող դերասաններին, որ տվեցին Հույս, Հավատ ու Սեր, Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենությանը։ Եվ այդ փոքրիկ հույսը, մեծ հավատն ու շատ մեծ սերը մեզ տանելու են Արցախ։

Ստեղծագործության հեղինակը նույնպես կարևորեց այն, որ առաջնախաղը կայացավ Արցախի բարբառով, և ներկայացվեց ավանդույթներով հարուստ արցախագյուղը։ Անդրադառնալով բարբառի կարևորությանը՝ ասաց․ «Բարբառը, որով մենք խոսում ենք, երաժշտությամբ լի է և տանում է դեպի բանաստեղծություն։ Եվ այդ բարբառներում կան բառեր, որոնք պետք է փրկել»։

Անդրադարձավ «Ցվիք» բառին, որը նշանակում է տանիքի դեպի բակի կողմի մասը, և արտասանեց իր գրած բանաստեղծությունը այս բառի կապակցությամբ (նույն բառը կա նաև Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի խոսվածքում Զ․ Ը․)։

Վ․ Փափազյանի անվան Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի վերակազմավորման և առաջնախաղի առթիվ ՀԱԵ Արցախի թեմը հայտարարել է․ «․․․Արցախի մայր թատրոնի վերակազմավորումը ոչ միայն գեղարվեստական իրադարձություն է, այլև խորհրդանշական դրսևորում այն գաղափարի, որ Արցախը շարունակում է ապրել՝ իր խոսքի, ստեղծագործության և հավատքի ուժով՝ ապացուցելով մշակութային ինքնության անխզելի շարունակականությունը նույնիսկ ամենաբարդ պայմաններում։ Այս նախաձեռնությունը նաև բացառիկ հնարավորություն է Արցախից բռնատեղահանված մեր հայրենակիցներին կրկին միավորվելու իրենց հարազատ մշակութային տիրույթում՝ լսելու և վերապրելու այն խոսքային ու հուզական միջավայրը, որն Արցախը դարեր շարունակ պահել է իր հարուստ բարբառի ու ավանդույթների մեջ»։

Ներկայացումից հետո հանդիսատեսները մոտենում էին թատրոնի գեղարվեստական ղեկավարին, ստեղծագործության հեղինակին, Հ․ Ղազանչյանին, Յ․ Նավոյանին, հայտնում շնորհակալություն կայացած երեկոյի համար՝ հավատով՝ կգա օրը, որ Արցախում կլինի ստեղծագործության տոնական ներկայացումը։

Հ Գ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան (1936-1989-ին` Մ. Գորկու անվան) պետական դրամատիկական թատրոնը կազմավորվել է 1932-ին` Կամո Ալվարյանի ղեկավարությամբ: Նույն տարվա օգոստոսի 11-ին Վաղարշ Վաղարշյանի «Օղակում» պիեսի ներկայացմամբ առաջին անգամ բացվել է նորաստեղծ թատրոնի վարագույրը:

 

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930