Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները խռխռոցի մեջ են, դրա համար այսօր ամեն ինչ անում են՝ հարձակվելու ընդդիմադիր ուժերի վրա, քաղաքական գործիչներին կալանավորելու, նրանց քաղաքական պայքարից հեռացնելու համար». Արմենուհի Կյուրեղյան

Նոյեմբեր 13,2025 23:40

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով այսօր վաղ առավոտյան ԱԱԾ դիմակավորված աշխատակիցների կողմից Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին շոու տեսարաններով բերման ենթարկելու պատճառներին, ինչը հետագայում պարզվեց, որ իրականացվել է Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա, ասաց. «Այո, օրը բացվեց նոր բռնաճնշումների փաստ արձանագրելով, ընդ որում, Ալեն Սիմոնյանի հաղորդագրության հիման վրա: Իմ մեջ հարց է առաջանում. Ալեն Սիմոնյանի հաղորդագրությունից առաջ Ալեն Սիմոնյանի թքելը քաղաքացու վրա որեւէ արձագանք չէր ունենալո՞ւ: Քաղաքացու վրա թքող Ալեն Սիմոնյանը չի՞, որ իր թիկնապահներին ստիպեց, կարգադրեց, որ ձեռքերը ոլորեն եւ հետ տանեն, ու մոտեցավ, քաղաքացու երեսին թքեց, ինչ է, որ քաղաքացին իր վերաբերմունքը ուղղակիորեն հայտնել էր Ալեն Սիմոնյանի դեմքին: Դա նույն Ալեն Սիմոնյանն է:

Եկեք հիշենք, թե ով էր Ալեն Սիմոնյանը հեղափոխությունից առաջ եւ ինչ է լինելու հեղափոխությունից հետո: Եթե ինչ-որ խոսքեր են հնչել Ալեն Սիմոնյանի հասցեին եւ Ալեն Սիմոնյանը այդպես իրավապաշտ, օրինապաշտ է, Ալեն Սիմոնյանի ականջները փա՞կ են, երբ իր ընտրյալ վարչապետը ԱԺ-ում հայհոյում է, հանրության հետ հանդիպելիս հայհոյում է: Ալեն Սիմոնյանի ականջները փա՞կ են, երբ ԱԺ դահլիճում ՔՊ պատգամավորները հայհոյանքով են խոսում, Արսեն Թորոսյանը մոտենում է ամբիոնին եւ հայհոյում է: Իրենց ձայնն իրենց ականջին չի ընկնո՞ւմ: Այնպես որ, խոսել Ալեն Սիմոնյանի վարքագծի մասին ավելորդ է:

Պարզապես, այս ամենը ցույց է տալիս, որ իրենք իրապես խուճապի մեջ են, իրենք շատ լավ հասկանում են, որ այլեւս հանրությունը իրենց չի վստահում, որ այլեւս վերընտրվելու հնարավորություն չունեն: Իրենք շատ լավ հասկանում են, որ մնացած շատ կարճ ժամանակաընթացքում իրենք չեն կարողանալու կատարել թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները. ինչ խոստացել են՝ ինչի դիմաց, ինչքան, ինչպես: Իրենք շատ լավ գիտեն, թե դրանց չկատարելը իրենց ինչ պատժի առջեւ է կանգնեցնելու: Սա իրենց խուճապի, վախի դրսեւորման մի ձեւ է: Եվ դա շարունակվելու եւ ավելի է խորանալու: Մինչեւ հիմա հարձակվեցին՝ սրբազաններին կալանավորեցին, հարձակվեցին՝ բարեգործներին կալանավորեցին, հարձակվեցին քաղաքական որեւէ դիրքորոշում արտահայտած մարդուն կալանավորեցին, որովհետեւ իրենք մեծ վտանգ են տեսնում չվերընտրվելու եւ առավել մեծ վտանգ են տեսնում չվերընտրվելուց հետո իրենց առջեւ կանգնած պատժի: Պատիժ՝ իրենց դրսից բերող կողմնակիցների եւ պատիժ՝ մեր ժողովրդի կողմից: Կներեք, սիրուն բառեր չեմ ասում, բայց այս իշխանությունները խռխռոցի մեջ են: Եվ դրա համար այսօր նրանք ամեն ինչ անում են՝ հարձակվելու ընդդիմադիր ուժերի վրա, ամեն ինչ անում են քաղաքական գործիչներին կալանավորելու, նրանց քաղաքական պայքարից հեռացնելու համար, որովհետեւ փորձում են վերընտրվել»,- ասաց պատգամավորը «Հայելի» ակումբում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930