Անցյալ շաբաթ Վիեննայում կայացել է Ավստրիայի կաթոլիկ եպիսկոպոսների աշնանային լիագումար ժողովը՝ Հայ առաքելական եկեղեցու, Ասորի ուղղափառ եւ Ղպտի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հետ, որ ուշադրություն է բեւեռել Ավստրիայում եւ իրենց ծագման երկրներում եկեղեցիների եւ նրանց անդամների վիճակին: Սույն իրադարձությունը լուսաբանող Ավստրիայի կաթոլիկների լրատվական գործակալությունը՝ kathpress-ը նոյեմբերի 7-ին հաղորդում է, որ Ավստրիայի կաթոլիկ եպիսկոպոսներն իրենց համերաշխությունն են հայտնել Ավստրիայի Արեւելյան ուղղափառ եկեղեցիներին, մասնավորապես՝ Հայաստանի եկեղեցուն:
Ավստրիացի եպիսկոպոսները կարծիք են հայտնել, որ Հայաստանը, ըստ երեւույթին, «մարտահրավեր է նետում կրոնական ազատությանը՝ սույնը համարելով օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների խախտում, ինչպես նաեւ «հարձակում կրոնական համայնքի վրա»: Նրանք կոչ են անում աղոթել իրենց հոգեւորական եղբայրների շուտափույթ ազատ արձակման համար:
Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI) նոյեմբերի 1-ին հրապարակել է hոկտեմբեր ամսվա զեկույցը՝ ուշադրությունը բեւեռելով Նիգերիայում քրիստոնյաների հանդեպ հալածանքների, Հայաստանում հարձակումների ենթարկվող հայ առաքելական եկեղեցու վրա:
«Հայաստանի կառավարությունը խստացնում է եկեղեցու նկատմամբ հալածանքները, ձեւակերպում է ՔՀՄ կազմակերպությունն իր զեկույցում, ներկայացնելով այն փաստը, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ սուր արշավի պայմաններում ձերբակալվել են հոգեւորականներ՝ աշխարհիկ աշխատակիցների հետ միասին: Անվտանգության ուժերը խուզարկություններ են իրականացրել Արագածոտնի թեմում՝ ձերբակալելով Մկրտիչ եպս. Պռոշյանին, նրա 12 քահանաներին եւ մի շարք եկեղեցական աշխատողների: Հաջորդ օրը բոլոր ձերբակալվածները ազատ են արձակվել, բացառությամբ՝ Պռոշյան սրբազանի, Գարեգին Արսենյան անունով քահանայի եւ թեմի հաշվապահի: Այս երեք տղամարդկանց քաղաքական մեղադրանք է առաջադրվել՝ իրենց ընդդիմադիր գործունեության հետ կապված:
Անվտանգության դիմակավորված գործակալները ձերբակալել են նաեւ հունիսից անազատության մեջ գտնվող Բագրատ արք. Գալստանյանի փաստաբանին: Հոկտեմբերի 3-ին մեկ այլ արքեպիսկոպոս՝ Միքայել Աջապահյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման՝ մամուլին տրված մեկնաբանությունների համար, ծանուցում է Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունն իր կայքում զետեղված զեկույցում եւ շարունակում՝ «ձերբակալությունները լրացնում են Հայաստանում քաղբանտարկյալների ընդլայնվող ցանկը, որի մեջ է մտնում նաեւ Սամվել Կարապետյանը՝ ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարար, որ հեռուստատեսային մի հարցազրույցում պաշտպանել է եկեղեցին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տարաձայնություններ ունի եկեղեցու հետ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումներին արձագանքելու հարցում: Եկեղեցին հրապարակավ աջակցում է ղարաբաղցի հայերին՝ իրենց բնօրրան հայրենիք վերադառնալու իրավունքն իրացնելու հարցում: Իսկ Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը «փակված» է եւ վերադարձի մասին խոսակցությունները «վտանգավոր»՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ներկայում ընթացող խաղաղության գործընթացի համար»:
Կարդացեք նաև
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում


















































