Լրահոս
Օրվա լրահոսը

Վրթանես քահանա. «Բաց նամակով կդիմեմ Ալեն Սիմոնյանին, ինքն է այդ հարցերով զբաղվում, ինքը որ դիմում է, այդ մարդկանց շատ արագ բերման են ենթարկում». «Հրապարակ»

Նոյեմբեր 14,2025 10:40

Արագածոտնի թեմի ութ հոգեւորականների եւ Մայր Աթոռի որոշ բարձրաստիճան սպասավորների երեկ կանչել էին Քննչական կոմիտե։ Որոշ հոգեւորականների էլ կանչելու են այսօր՝ նոյեմբեր 14-ին։ Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Վրթանես քահանա Բաղալյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ ուրբաթ օրն են իրեն կանչել, սակայն ինքը կգնա երկուշաբթի՝ 16.00-ից հետո։

«Փաստաբանս վաղը նիստի է լինելու այդ ժամին, ես էլ առանց փաստաբանի չեմ ուզում գնալ։ Դառը փորձ ունեմ, չափից դուրս անհարգալից իրենց վերաբերմունքից հետո մտածում եմ՝ խելամիտ չի լինի առանց փաստաբանի գնալ։ Մենք միշտ մտածել ենք, որ մեր հայրենի իշխանություններն են, Եկեղեցու հանդեպ հարգանք ու պատկառանք կա, բայց այս վերջին անգամ հասկացա, որ մեր հայրենի իշխանությունները չեն, այլ կամակատարներ են, որ դրսից տերեր ունեն։ Հավանաբար, դրանց հաշվետվություն պիտի տան, եւ անարխիկ վիճակ է։ Սրբազան հայրն արդեն 2 ամսով կալանավորված է, բայց ես նույնիսկ չգիտեմ, թե երկուշաբթի ինչ թեմայով կլինի իմ հարցաքննությունը, որովհետեւ իրենք դեռ չեն կողմնորոշվել, թե Սրբազանին ինչ հոդվածով դատեն»,- ասաց Տեր Վրթանեսը։ Խոսքն Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի մասին է:

Տեր Վրթանեսը նկատում է, որ այս իշխանությունները հոգեւորականներին ձերբակալում են, հետո են որոշում, թե ինչ հոդվածով կալանավայրում պահեն ու դատեն։ «Փառք Աստծո, կիրակի օրով առավոտյան 9-ին չեն կանչել, ինչի համար մենք անչափ շնորհակալ ենք, մանավանդ Արթուր Պողոսյանից շատ շնորհակալ եմ, որովհետեւ ինքն ասում է, որ քննչականի աշխատակիցների այդ անհարգալից պահվածքն ինքը չի կիսում, ինքը բարի, դրական անձնավորություն է։ Քննիչներն ինքնագործունեությամբ են զբաղվում, երբ մտնում են, տանդ առարկաները թափում են հատակին, քեզ չեն թողնում հագուստ հագնել, զանգի իրավունքից են զրկում կամ նորմալ չեն կերակրում, պարզվում է` քննչականի պետի մեղքով չի դա լինում, այլ ներքին օղակներն են ինքնագործունեություն ծավալում»,- ասաց Տեր Վրթանեսը։

Հետաքրքրվեցինք՝ իսկ հեր­յուրանքների, վիրավորանքների մասով ոստիկանություն դիմելո՞ւ են, ասաց` ոչ, սակայն. «Եթե շատ կրկնվի, բաց նամակով կդիմեմ Ալեն Սիմոնյանին, ինքն է այդ հարցերով զբաղվում, ինքը որ դիմում է, այդ մարդկանց շատ արագ բերման են ենթարկում։ Եթե իմ հասցեին շատ հերյուրանքներ լինեն, բաց նամակով կդիմեմ Ալեն Սիմոնյանին, ինքը հանձնարարական կտա, ոստիկաններն իրենցով արագ կզբաղվեն, թե չէ՝ եթե ես հայց էլ ներկայացնեմ, գիտեմ, ընթացք չի լինի։ Օրենքը ծառայում է իրենց կուսակցության շահերին, միայն ՔՊ-ականներին է պաշտպանում, եթե ՔՊ-ական չես կամ իրենց թիմից չես, քեզ համար օրենքը չի գործում։ Եթե մի ՔՊ-ական քեզ ծեծի, վիրավորի, ապա վերջում քեզ կձերբակալեն»։

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930