Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում «ՆԱՏՕ-ի միջանցք» բառակապակցությունը համարվում է «Զանգեզուրի միջանցքի» հոմանիշ, հետեւաբար այդ միջանցքի նկատմամբ վերաբերմունքը նույնն է. «Ազգ»

Նոյեմբեր 14,2025 11:41

Բաքու այցելած Հյուսիսատլանտյան դաշինքի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը համապատասխանեցվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին եւ հավաստիացրել է, որ շարունակվելու է բանակի արդիականացման գործընթացը:

Թուրքիայի զինված ուժերի հետ ադրբեջանական բանակի սերտ համագործակցության մասին Ալիեւի հայտարարությունը նույնպես ասվել էր այդ համատեքստում: Ալիեւը նաեւ ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ խոսել է երկրի առջեւ դեռ նախորդ դարասկզբից դրված գերնպատակին հասնելու՝ «օկուպացված հողերն ազատագրելու» մասին:

Իլհամ Ալիեւի՝ ՆԱՏՕ-ի 15 անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումը կարելի է գնահատել որպես ոչ սովորական դիվանագիտական իրադարձություն՝ շարունակություն այն երկարաժամկետ գործընթացի, որը մեկնարկել է դեռեւս 1994 թվականից՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում: Սակայն այժմ այն ձեռք է բերում ավելի հստակ քաղաքական եւ անվտանգային ուղղվածություն:

Եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությունն այս հանդիպմանը եւ Բաքվի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու ձգտումները վկայում են Արեւմուտքի վճռականության մասին՝ Իրանի հյուսիսային սահմանների երկայնքով ռազմական եւ հետախուզական համագործակցությունը խորացնելու հարցում, ինչը չէր կարող չմտահոգել Թեհրանին:

Մի առիթով Իրանի Գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական Վելայաթին ասել է, որ «եթե ՆԱՏՕ-ն մոտենա Իրանի հյուսիսային սահմաններին, Իրանը կանխարգելիչ քայլերի կդիմի»:

Ընդհանրապես Իրանում «ՆԱՏՕ-ի միջանցք» բառակապակցությունը համարվում է «Զանգեզուրի միջանցքի» հոմանիշ, հետեւաբար այդ միջանցքի նկատմամբ վերաբերմունքը նույնն է:
Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսին դեռեւս 2023 թ. հոկտեմբերին՝ Իլհամ Ալիեւի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի եւ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումների ընթացքում հայտարարել էր, որ «Իրանը դեմ է ՆԱՏՕ-ի ներկայությանը Հարավային Կովկասում, քանի որ ՆԱՏՕ-ն սպառնալիք է տարածաշրջանի երկրների անվտանգությանը, եւ «Զանգեզուրի միջանցքը» կարող է նմանատիպ վտանգներ առաջացնել»:

Գնահատելով իրավիճակը՝ իրանցի քաղաքական վերլուծաբան Ահմադ Քազեմին նշել է, որ «թուրքական ՆԱՏՕ»-ի գաղափարը կյանքի կոչելու նպատակով Ադրբեջանի անդամակցությունը դաշինքին կդառնա անգլոսաքսոնական ճակատի ամենակարեւոր քայլը Կովկասում՝ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ նոր կարգ հաստատելու համար»:

Իրանի գնահատմամբ՝ վերջին զարգացումները Հարավային Կովկասում ցույց են տալիս, որ Ադրբեջանի եւ նրա արեւմտյան հովանավորների հիմնական նպատակը «Զանգեզուրի միջանցքի» կամ «Թրամփի ուղու» գործարկումն է:

Ըստ անկախ վերլուծաբանների՝ այս զարգացումն Իրանի եւ Ռուսաստանի համար ունի հստակ հետեւանք. այն կարող է սահմանափակել երկու երկրների ռազմավարական խորությունը հյուսիս-արեւմուտքում եւ կտրել Իրանի ցամաքային կապը Հայաստանի հետ:

Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930