Ուկրաինայի Յազլովեց գյուղում 1611 թվականին կառուցված հայկական հուշարձան է հայտնաբերվել. հայտնում է Ուկրաինայի հայերի միությունը:
414 տարեկան «Հայկական ջրհորի» մեծ մասը գտնվում էր գետնի տակ, այդ է պատճառը, որ կառույցն անհայտ է մնացել:
Արտաքինից այն սովորական աղբյուր է՝ քարե պատով և թուջե խողովակով, բայց դրա տակ բարդ հիդրավլիկ կառուցվածք է՝ 17-րդ դարում հայ արհեստավորների ձեռամբ ստեղծված։ Աղբյուրից ջուրը նախ հոսում է ստորգետնյա ջրամբար, ապա միայն դուրս գալիս:
Աղբյուրի պատին պահպանվել է փորագրված քարե սալ, որի լատիներեն և հայերեն արձանագրություններում ասվում է. «Հայ Հակոբը սա կառուցել է 1611 թվականին՝ հասարակության բարօրության համար։
Կարդացեք նաև
Այս խաչն ու կառուցված աղբյուրը Հակոբի և նրա եղբայր Ստեփանի աշխատանքն են։ Քարագործ վարպետ Աբրահամն իր գործը կատարեց նվիրումով»։
Սալի վերին մասում թևերը բացած արծիվ է պատկերված, ներքևում խաչ է՝ ծաղկային խրթին զարդանախշով։
Հետազոտողները ենթադրում են, որ Յազլովեցի հայ վարպետների ձեռքի գործն են նաև տեղի եկեղեցու և հին ամրոցի դարպասների զարդանախշերը։






















































