Լատվիայից Հայաստան էր ժամանել ժամանակակից պարի հիմնադիրներից մեկը՝ Օլգա Ժիտլուհինան՝ պարուսույց, պարուհի և մանկավարժ, որը համարվում է Լատվիայի ժամանակակից պարի ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Նա Լատվիայի Մշակույթի ակադեմիայի ժամանակակից պարի ծրագրի ղեկավարն է։
Aravot.am-ի հետ զրույցում արվեստագետը հավաստիացրեց, որ իր այցը Հայաստան վերջապես կայացել է, այն էլ պատահաբար: Տեղեկանալով, որ պարուհի և բեմադրիչ Ռիմա Պիպոյանը տվյալ պահին Երևանում է, նա անմիջապես որոշում է կայացրել՝ օգտվել հնարավորությունից և այցելել և մեր երկիր, և գործընկերուհուն: «Քանի որ Ռիման մշտապես շրջագայությունների մեջ է, իսկապես բախտ վիճակվեց նրան հյուրընկալելու», -հավելեց տիկին Ժիտլուհինան: Վերջինս մեզ հավաստիացրեց, որ Հայաստանում անցկացրած երկու շաբաթների ընթացքում ինքը խորությամբ ուսումնասիրել է մեր պարային դաշտը, այցելել է Պարարվեստի պետական քոլեջ, ներկա գտնվել «Մոդեռն պար» բաժնի ղեկավար՝ Ռիմա Պիպոյանի վարած դասերին և տպավորվել դրանցով։
«Ներկա գտնվեցի ձեր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Բոլերո» և «Սրբազան գարուն» բալետային ներկայացումներին, ինչպես նաև մեկ-երկու հայկական ժողովրդական պարային անսամբլների համերգներին։ Ամեն ինչ հիանալի էր, բարձրակարգ ու բարձրարվեստ» -ասաց մասնագետը:
Հետո էլ շարունակեց. «Համերգներից հետո Ռիմայի հետ միասին այցելեցինք Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտ, հանդիպեցինք ռեկտոր Սառա Նալբանդյանին՝ մտքերի մի շարք փոխանակումներից հետո քննարկեցինք նաև հետագա փոխհամագործակցության ծրագրեր՝ Լատվիայի և Հայաստանի բուհերի միջև ավելի սերտ կապերի հաստատման և արվեստի որոշ ճյուղերում փորձի փոխանակման նախագծերի իրականացման նպատակով», – հայտնեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Կարծում ենք, մեր երկիր այցելած ժամանակակից պարի անվանի մասնագետի մասին անհրաժեշտ է իմանալ, նրա գործունեությանը վերաբերող գոնե «չոր», հետևյալ փաստերը. Օլգա Ժիտլուհինան 2006 թվականից հանդիսանում է Ռիգայում անցկացվող միջազգային ժամանակակից պարի փառատոնի՝ «LAIKS DEJOT»-ի գեղարվեստական ղեկավարը: Ի դեպ, տարիներ առաջ հենց այդ փառատոնի շրջանակում է նա հրավիրել Ռիմա Պիպոյանին՝ ներկայացնելու իր աշխատանքները: 1996-ից մինչև 2012 թվականը Ժիտլուհինան եղել է «Olga Zitluhina Dance Company»-ի գեղարվեստական ղեկավարը և այդ խումբը ավելի քան տասը տարի հանդիսացել է Լատվիայի միակ պրոֆեսիոնալ ժամանակակից պարի անսամբլը, ինքն էլ իրականացրել է բազմաթիվ բեմադրություններ, շրջագայելով աշխարհով մեկ: Դասավանդել է Չինաստանում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Հնդկաստանում, Լիտվայում, Մակեդոնիայում, Մեքսիկայում, Մոլդովայում, Նորվեգիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Ռուսաստանում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։
Արվեստագետի ստեղծագործական կյանքը ներկայացնենք նաև կոնկրետ թվերով, ինչն ավելի խոսուն է. Օլգա Ժիտլուհինան 53 տարի պարի ոլորտում է, 39 տարի՝ որպես բեմադրիչ, 39 տարի՝ դասավանդում է, որից 22-ը պետական բալետի դպրոցում: Պրոֆեսորը 18 տարի ղեկավարում է Լատվիայի Մշակույթի ակադեմիայի ժամանակակից պարի ծրագիրը և Ռիգայի ժամանակակից պարի փառատոնի (LAIKS DEJOT) : Իրականացրել է բազմաթիվ բեմադրություններ:
Հուսանք, որ Օլգա Ժիտլուհինան մոտ ապագայում կրկին կայցելի Հայաստան և իր ներդրումը կունենա մեր ժամանակակից պարային ասպարեզում՝ փորձի ու գաղափարների փոխանակման նոր հնարավորություններ ստեղծելով։
Ի դեպ, մեր հյուրը մի քանի օր անցկացրել է Սյունիքում՝ Տաթևում։ Ինչպես ինքը նշեց՝ այդ օրերն ինձ համար եղել են «մաքուր հոգևոր սնունդ», հիացել եմ գյուղի մարդկանց ջերմությամբ, աշխատասիրությամբ և Տաթևի անզուգական գեղեցկությամբ։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ




















































