Լրահոս
Օրվա լրահոսը

AntiFake.am-ի նկատմամբ գործողությունները դատապարտելի են և հարիր չեն ժողովրդավարությանը ձգտող պետությանը. Լրագրողական կազմակերպություններ

Նոյեմբեր 14,2025 19:44

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են AntiFake.am կայքի «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։ Ավելի ուշ նրանք դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել են։ Պատճառը նոյեմբերի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցին հաջորդած՝ նշյալ փոդքասթի երկու թողարկումներում Սաղաթելյանի և Սամսոնյանի հնչեցրած հայհոյանքն ու վիրավորանքներն են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և իշխանության այլ ներկայացուցիչների հասցեին։

Հետապնդումը նախաձեռնվել է Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Ըստ Քննչական կոմիտեի՝ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

Նույն օրը ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել AntiFake.am կայքի գրասենյակում, առգրավել է խմբագրության տեխնիկան, ապա՝ ձերբակալել լրագրող Դավիթ Ֆիդանյանին՝ արդարադատությանը խոչընդոտելու պատճառաբանությամբ։ Այսօր արդեն՝ նոյեմբերի 14-ին, իրավապահները ձերբակալել են նաև AntiFake.am-ի աշխատակից Իշխան Խոսրովյանին, որը մի քանի ժամ անց ազատ է արձակվել։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, անթույլատրելի ենք համարում իշխանությունների կողմից այս անհամաչափ ուժի և բիրտ ճնշումների կիրառումը, որն արտահայտվել է ԱԱԾ-ի ներգրավմամբ ցուցադրական գործողություններով, բուն խնդրի հետ ուղիղ կապ չունեցող՝ AntiFake.am-ի այլ աշխատակիցների ձերբակալմամբ և խմբագրության ողջ տեխնիկայի առգրավմամբ, ինչը հանգեցրել է ընդդիմադիր հարթակի գործունեության խաթարման։ Այս գործողությունները դատապարտելի են և հարիր չեն ժողովրդավարությանը ձգտող պետությանը։

Միևնույն ժամանակ, սկզբունքորեն անընդունելի ենք համարում և դատապարտում ենք հայհոյախոսությունն ու վիրավորանքը հանրային տիրույթում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։ Վերջին տարիներին լայնորեն տարածված արատավոր այդ երևույթը, որը հաճախ անպատիժ է մնում, էլ ավելի է խորացնում հասարակության պառակտվածությունն ու բևեռացումը, սերմանում անհանդուրժողականություն և սանձարձակություն։ Անկասկած, հայհոյանքն ու վիրավորանքը, ատելության խոսքն ու սպառնալիքները պետք է ստանան իրավական գնահատական։ Դրանք անհամատեղելի են հասարակության հետ հաղորդակցվելու տարրական նորմերի հետ։

Հաշվի առնելով վերոհիշյալ իրադարձությունների հանրային լայն արձագանքը՝ պահանջում ենք․

իրավապահ մարմիններից՝ զերծ մնալ ընտրողական մոտեցումից վիրավորանքների և հայհոյախոսության համար անձանց պատասխանատվության ենթարկելիս, իսկ տվյալ գործի քննությունն իրականացնել համակողմանի և օբյեկտիվ՝ պարբերաբար տեղեկացնելով հասարակությանը դրա ընթացքի և արդյունքների մասին,

իշխանություններից, քաղաքական բոլոր ուժերից, այդ թվում՝ դրանց հետ ասոցացվող լրատվամիջոցներից, հանրային խոսքում զերծ մնալ պարկեշտության սահմանները հատող բառապաշարից և հայհոյախոսությունից, հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաները քննարկելիս դրսևորել առավել հանդուրժողականություն և զսպվածություն։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930