Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է երիտասարդ արվեստագետ Դավիթ Քոչունցի «Պատմության նկարներ» խորագրով ցուցահանդեսը: Սա ժամանակակից երիտասարդ արվեստագետներին նվիրված «Հեռապատումներ» ծրագրի երկրորդ նախագիծն է։
«Պատմության նկարներ» շարքը ստեղծվել է 2021-ից 2025 թվականներին, այն տարբեր իրադարձությունների հետ է կապված. կոնկրետ իրադարձություն նշել չեմ կարող, քանի որ դիտողը միշտ ունի իր սեփական մեկնաբանությունն ու ընկալումը: Ինձ համար ուղղակի կարեւոր էր, որ հասնեի մի վիճակի, որ շարքս պատրաստ լիներ ցուցադրելու: Շնորհակալ եմ Հայաստանի ազգային պատկերասրահին, որ հնարավորություն ընձեռեց ցուցադրվելու, որովհետեւ իմ եւ ցանկացած սերնդի նկարչի համար մեծ պատիվ է ցուցադրվել այստեղ» ,-ասաց Դավիթ Քոչունցը:
Հավելելով, որ ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների մի մասը ստեղծվել է 2025-ին, նա ընդգծեց, որ այս ընթացքում միշտ չի նկարել, եղել են դադարներ, ինչ-որ գործի հետ կապված տեւական մտորումներ, ու հետո եկել է պահը, երբ հասկացել է, որ պատրաստ է ցուցադրվելու:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ նկարները նկարել է լուսանկարներից, որոշ գործերի դեպքում օգտվել է համացանցից կամ վավերագրական նյութերից, որոշ լուսանկարներ էլ ինքն է նկարել. «Բոլոր այդ լուսանկարները, կադրերը՝ համացանցից կամ հեռուստատեսությունից, պարզապես ելակետային նյութ են ծառայում, որոնց հիման վրա աշխատեմ: Ես ինձ համարում եմ իրական նկարիչ, իմ արվեստը բխում է անհրաժեշտ իրականությունից, իսկ իրականությունը շատ տարբեր է :
Ես մասամբ հեռուստացույցի սերնդից եմ, հետո եկել են համակարգիչները, արհեստական բանականությունը, ու այդ ամենն էլ արտացոլված է այս շարքում: Ես միշտ նկարում եմ, որովհետեւ անհանգիստ եմ, անհանգստությունը խթան է՝ նկարելու համար, եթե ամեն ինչ լավ լիներ, գուցե չնկարեի»:
Ցուցահանդեսի համադրողը Վիգեն Գալստյանի ձեւակերպմամբ, իր վերջին շարքով Քոչունցն անդրադառնում է մի պարզ, բայց հրատապ հարցի ․ի՞նչ է պատմական նկարչությունը, երբ պատմությունն ինքնին անկայուն եւ հատվածական երեւույթ է, որն ընկալվում է էկրանների միջով:
«2024-ին, երբ մշակում էինք Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսային ռազմավարությունը, միտք առաջացավ, որ պետք է հատուկ շեշտադրել Հայաստանի ժամանակակից արվեստը: Առաջին ցուցահանդեսը, որ կայացավ այդ նոր ծրագրի շրջանակում, Լուսինե Նավասարդյանի «Լռություն նախագծի ներկայացումն էր այս տարվա հունվար ամսին» : Եվ այժմ, երկրորդ նախագիծն է ներկայացվում՝ Դավիթ Քոչունցի «Պատմության նկարներ» շարքի պրեմիերան է» ,-նշեց «Պատմության նկարներ» խորագրով ցուցահանդեսի համադրողը:
Ասաց, որ նախատեսում են տարեկան կազմակերպել 3-4 ցուցահանդես, որոնք ստեղծված կլինեն արվեստագետ-համադրող համագործակցության արդյունքում: Սկզբունքն այն է, որ հենց Հայաստանի ազգային պատկերասրահն է դառնում այդ արվեստագետի կայացման հարթակը:
Վիգեն Գալստյանի ձեւակերպմամբ. «Դավիթ Քոչունցի վավերագրական լուսանկարների եւ սքրինշոթերի հիման վրա ստեղծված «Պատմության նկարները» շարքն ընդգրկում են ակնառու մարդկանց դիմանկարներ՝ Լուիս Բունյուել, Միշել Ֆուկո, Անդրեյ Սախարով, ինչպես նաև Հայաստանի ընթացիկ ճգնաժամային իրադարձություններին առնչվող դրվագներ, Մերլին Մոնրոյի թաղումը, սոցցանցերի ինֆլուենսերներ, հանցագործներ եւ ռոբոտներ։ Այս տարաբնույթ սյուժեների հերթականությունը նմանվում է Ինստագրամի ժապավենի անտրամաբանական հոսքին, որտեղ հերոսականն ու անէականը խաչվում են, իսկ անցյալը լուծարվում է ներկայի մեջ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


























































