Factor.am. Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել արտասահմանում բնակվող ադրբեջանական մեդիայի հայտնի ներկայացուցիչների դեմ, հաղորդում է Meydan TV-ն։
Մասնավորապես, լրագրող Սևինջ Օսմանգըզին և բլոգեր Աբիդ Գաֆարովը, որոնք բնակվում են արտասահմանում, կանչվել են Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական վարչություն։ Երկուսն էլ մեղադրվում են Քրեական օրենսգրքի լուրջ հոդվածներով՝ 220.2 (կոչեր պետական պաշտոնյայի օրինական պահանջներին ակտիվ անհնազանդության, քաղաքացիների նկատմամբ զանգվածային անկարգությունների և բռնության) և 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր՝ նույն գործողությունների համար, որոնք կատարվել են կրկնակի անգամ կամ անձանց խմբի կողմից):
Լրագրող Սևինջ Օսմանգըզիի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նույն օրը Բինագադիի շրջանային դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Օսմանգըզին, որը հայտնի յութուբյան ալիքի հիմնադիր և հաղորդավար է, մեկնաբանել է իրավիճակը՝ նշելով, որ մեղադրանքները զարմանալի չեն։ «Եթե դուք YouTube ալիքի հաղորդավար եք, ամեն օր եթեր եք դուրս գալիս և անդրադառնում ռեժիմի շահերին, ապա պոտենցիալ թիրախ եք»,- ասել է նա։ Հերքելով բոլոր մեղադրանքները՝ լրագրողը շեշտել է. «Դա խոսքի նկատմամբ վախ է»։
Գլխավոր դատախազության քննչական վարչությունը պաշտոնական ծանուցում է ուղարկել մեղադրյալ բլոգեր Աբիդ Գաֆարովին՝ համաձայն Քրեական օրենսգրքի 467-13.4 հոդվածի։ Քանի որ բլոգերն Ադրբեջանում չէ, նա նույնպես հետախուզվում է։ Բինագադիի շրջանային դատարանը նրա նկատմամբ հեռակա կալանքի որոշում է կայացրել։
Գաֆարովը մեկնաբանել է իրավիճակը իր ֆեյսբուքյան էջում՝ ընդգծելով, որ իր գործունեությունը չի ներառում անկարգությունների կամ բռնության կոչեր. «Մինչ այժմ ես ոչ ոքի անկարգությունների կամ բախման չեմ կոչ արել: Բայց կառավարության կողմից բոլոր քաղաքական և սոցիալական ինստիտուտների ոչնչացումն ինքնին մեզ մղում է քաղաքացիական բախման»:
Արտերկրում բնակվող հայտնի լրագրող, բլոգեր Բեյդուլլա Մանաֆովը, ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 283.1 հոդվածներով, հայտարարվել է միջազգային հետախուզում:
Բաքվի Բինագադիի շրջանային դատարանը նրա նկատմամբ հեռակա կալանքի որոշում է կայացրել։ Նա 2025 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 14:00-ին, կանչվել է գլխավոր դատախազության գլխավոր քննչական վարչություն: Դարձյալ արտերկրում բնակվող ադրբեջանցի հայտնի պատմաբան, հասարակական գործիչ Ալթայ Գոյուշովին ևս մեղադրանք է առաջադրվել (նա դեմ է հանդես եկել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային, կոշտ քննադատում է Իլհամ Ալիևին)։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 հոդվածով, հետախուզում է հայտարարվել։ Բինագադիի շրջանային դատարանի 2025 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հեռակա կալանավորումը։
Արտերկրում բնակվող ադրբեջանցի հայտնի քաղաքական մեկնաբան և անվտանգության փորձագետ Արաստուն Օրուջլուն ևս կանչվել է Գլխավոր դատախազություն։
Օրուջլուի գործով որոշում է կայացվել՝ մեղադրանք առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 հոդվածով։ Նրա նկատմամբ ևս հետախուզում է հայտարարվել։ Այս տարվա փետրվարի 23-ին Բինագադիի շրջանային դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը հեռակա կարգով: Իրավապաշպանները կարծում են, որ այս քրեական գործերը քաղաքական դրդապատճառներ ունեն և ուղղված են երկրից դուրս գործող ադրբեջանական անկախ լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշում գործադրելուն։
Թարգմանությունը` Factor.am-ի


















































