Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանություններն օրվա ընթացքում այնքան քաղաքական աղմկոտ իրադարձություններ են դաշտ նետում, որ լրագրողները չեն հասցնում անդրադառնալ բովանդակային թեմաների». լրագրողները հակադարձեցին արդարադատության նախարարին

Նոյեմբեր 14,2025 23:20

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը այսօր հանդիպում-քննարկում ունեցավ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

«Մի շարք հարցեր կան, որ կցանկանայի միասին քննարկել եւ փորձել երկխոսության միջոցով հաղթահարել այն խնդիրները, որոնք կան»,-ասաց նախարարը եւ առանձնացրեց այն խնդիրները, որոնք ինքն է տեսել տարիների ընթացքում: Նա նաեւ խնդրեց, որպեսզի լրագրողներն էլ ներկայացնեն իրենց տեսած խնդիրները, տան այն հարցերը, որոնք իրենց հետաքրքրում են արդարադատության ոլորտում:

Քննարկումն ստացվեց, շոշափվեցին բազմաթիվ հարցեր, որոնց մի մասին կողմերը փոխադարձաբար համաձայն են, մյուս մասով էլ ունեն հակադարձ դիրքորոշումներ:

Տիկին Գալյանը նշեց, որ արդարադատության նախարարությանը շատ հաճախ ուղղվում են հարցեր, այդ թվում՝ քաղաքացիների կողմից, որին նախորդում է լրագրողի հետ պաշտոնատար անձի շփումը, որոնք առհասարակ կապ չունեն արդարադատության նախարարության մանդատի հետ: «Ու մենք շատ հաճախ ստիպված ենք լինում քաղաքացիներին բացատրել, որ արդարադատության նախարարությունը իրականում կապ չունի այս կամ այն խնդրի հետ: Օրինակ, ինձ գործից անարդարացիորեն հանել են, անարդար վերաբերմունքի եմ արժանացել: Եվ քանի որ ձեր նախարարության անունը Արդարադատության նախարարություն է, եկեք իմ խնդիրը լուծեք: Ու երբ պատասխանում ես, որ հարգելի քաղաքացի, մենք չենք կարող ձեզ օգնել, քանի որ նման լիազորություն չունենք, ստացվում է այնպես, որ մենք չենք ուզում աշխատել»,-ասաց նախարարը եւ բացի պետական մարմնից, որը լավ չի կարողանում կոմունիկացնել իր կատարած աշխատանքը եւ իր մանդատի բովանդակությունը հասարակությանը, այդ պատկերացման հիմնական դերակատար կարգեց լրագրողներին: Ու որպես օրինակ նշեց, որ շատ հաճախ իրեն ուղղում են հարցեր, որոնք վերաբերում են քրեական վարույթներին եւ դրանց բովանդակությանը, հարցեր, որոնք ուղիղ վերաբերում են այլ մարմինների լիազորություններին:

«Եվ շատ հաճախ պաշտոնական անձը, անկախ նրանից, թե ինչ բովանդակության պաշտոն է զբաղեցնում, նաեւ էթիկական խնդիրներ է ունենում՝ անդրադառնալ այն հարցերին, որոնք բարձրացվում են, որովհետեւ իրականության մեջ դրանք գտնվում են այլ, իր նման պաշտոնատար անձի մանդատի տիրույթում: Հետո երբ պատասխանը հնչում է, որ ես տեղյակ չեմ եւ չեմ կարող լինել, գլխագիրը միանգամից հրապարակման շրջանում դրվում է դա՝ առանց կոնտեքստից հղում տալու: Մենք էլ գիտենք, որ մեր հասարակության ներկայացուցիչները չեն էլ բացում, որ կոնտենտը տեսնեն, միանգամից գլխագրով առաջնորդվում են ու գնում են առաջ»,-դժգոհեց նախարարը:

Առաջարկին, թե կարո՞ղ է մի քանի օրինակ բերել, նախարարը հավաստիացրեց, որ կարող է եւ կհիշի ու կասի, բայց իր մոտ այս պահի համար չի նշել, որովհետեւ այս հանդիպման իմաստը ոչ թե միջադեպերի տեսքով կոնկրետ խնդիրներին, այլ առհասարակ որպես այդպիսին երեւույթներին անդրադառնալն է:

Սրբուհի Գալյանը կարծիք ու տպավորություն ուներ, որ լրագրողական համայնքին իրականում շատ քիչ է հետաքրքրում իրենց կատարած աշխատանքի բովանդակային մասը: «Այսինքն, ի՞նչ խնդիրներ ենք մեր առջեւ դրել, ի՞նչ նախագծեր ունենք, որոնք միտված են այդ խնդիրները լուծելուն, ի՞նչ ենք առհասարակ անում, ի՞նչ պրոդուկտ ենք արտադրում: Ես չեմ տեսնում եւ առնվազն ինձ ուղղված հարցերի համատեքստից վստահորեն կարող եմ ասել, որ մեր լրագրողական համայնքին, ընդ որում, խոսքս բոլորին է վերաբերում, որեւէ բովանդակային աշխատանք հետաքրքրում է»,- ասաց նա եւ համոզմունք հայտնեց, որ լրատվամիջոցները այն միջոցն են, ֆիլտրը, որ պետք է աշխատեն, որպեսզի հասարակությունն ավելի պահանջկոտ լինի պետական մարմինների նկատմամբ: Եվ որպես իր ասածների ապացույց հիշեց իր ծամոն ծամելը նկարելը եւ հանրության մեջ դա տարածելը:

«Ես հիմա էլ եմ ծամում: Ես միշտ ծամոն եմ ծամում: Չեմ ասում՝ լավ եմ անում, որ ԱԺ-ում եմ ծամում: Ծամոն ծամելու ամենամեծ քննադատը իմ մայրիկն է եղել, որը հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի է: Բայց որպես շատ խոսացող մարդ, որն ունի ֆարինգիտի խնդիր, ես միշտ ծամոն եմ ծամում՝ դասախոսական աշխատանքի ընթացքում էլ: Ուզում եմ ասել՝ հա, այդ տիպի երեւույթներն էլ կարելի է լուսաբանել: Բայց մեր կոնտենտը, ինչքան նայում եմ, նման տիպի երեւույթներն են»,-ասաց նախարարը ու բերեց իր գործընկերոջ հետ կապված այլ օրինակ եւս:

Լրագրողներն այդ որակումներին առարկեցին՝ նշելով, որ դրա մեղավորը իրականում իշխանություններն են, պաշտոնյաները, որովհետեւ օրվա ընթացքում այնքա՜ն աղմկոտ թեմաներ են դաշտ նետում, այնքան քաղաքական աղմկոտ իրադարձություններ կան, որ լրագրողները չեն հասցնում անդրադառնալ նախարարի նշած բովանդակային թեմաներին, ինչը անում էին մինչեւ 2018 թվականը: Մեր մյուս գործընկերները նույնպես բազմաթիվ կոնկրետ օրինակներով, մեկը՝ կապված ՔԿՀ-ներում իրականացված բարեփոխումները լուսաբանելու ցանկության, մյուսը՝ իրավապահ համակարգի՝ լրատվամիջոցների հետ աշխատելու, անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու հարցերում թերանալու կամ, պարզապես, անգործություն դրսեւորելու կոնկրետ օրինակներով հակադարձեցին՝ ընդգծելով, որ պետական կառույցները այդպես դանդաղ, մի մասն էլ՝ պարզապես «փակ» աշխատաոճով ավելի մեծ վնասներ են պատճառում պետությանը, քան այն բացասական երեւույթները, որոնց դեմ իրենք կոչված են պայքարել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930