Լրահոս
Օրվա լրահոսը

Սա խոսքի և մամուլի ազատության նկատմամբ բռնաճնշումների նոր հանգրվան է. Նարեկ Սամսոնյան

Նոյեմբեր 15,2025 16:51

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հոդված է գրել «Արմավիր» ՔԿՀ-ից, որում մասնավորապես ասում է․

«Բարի երեկո մեզ շատ սիրող և հատկապես չսիրող մարդիկ: Ինչպես արդեն տեղյակ եք, Վազգենը և ես հերթական քաղաքական հալածանքներին ենք ենթարկվում: Ուղղակի այս անգամ «գործի» աբսուրդայնության աստիճանը տասնապատիկ բարձր է, իսկ ռեպրեսիաների ծավալը չի սահմանափակվել մեզանով և հասել է AntiFake.am կայքի փաստացի փակմանը: Այո, սիրելիներս, «Ա1+» ալիքի փակման մասին մինչև օրս բոցաշունչ ելույթներ ունեցողների խմբի պարագլուխը երեկ փաստացի կասեցրել է AntiFake.am-ի գործունեությունը` առգրավելով ամբողջ տեխնիկան` ներառյալ բարձրախոսները, շտատիվները ու տեսախցիկները: Սա խոսքի և մամուլի ազատության նկատմամբ բռնաճնշումների նոր հանգրվան է, որն ապագայում, վստահաբար, ներառվելու է  քրեական գործերի հատորյակներում»:

Նարեկ Սամսոնյանը հայտնում է, որ իրեն ու Վազգենին կալանավորելուց և AntiFake.am-ին տեխնիկայից զրկելուց զատ ձերբակալվել են իր թիմակիցները, այս պարագայում` մարտական եղբայրներ` լրագրող Դավիթ Ֆիդանյանն ու նրա օգնական, միաժամանակ օպերատոր Իշխան Խոսրովյանը:

«Իշխան Խոսրովյանն այս պահին ազատության մեջ է։ Վստահ եմ` տղաներն իրենց համար մեծ պատիվ են համարում ռեպրեսիաների ենթարկվելու փաստը և գոտեպնդման խոսքերի կարիք չունեն, բայց ես ցանկանում եմ ուժ և կորով մաղթել Դավիթի ընտանիքի անդամներին և իմ ու մեր թիմի աներկբա աջակցությունը հայտնել նրանց: Վստահ եմ` նրանց ձերբակալություններն ունեն մեր լրատվական գործունեությունը խոչընդոտելու նպատակ, ինչը թույլ չենք տալու: Շնորհակալ եմ նաև Դավիթի և Իշխանի պաշտպանությունը ստանձնած փաստաբաններին՝ Վարազդատ Հարությունյանին և Կառլոս Ավագյանին։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել անցնող երկու օրվա ընթացքում մեր թիմին և մեզ աջակցող բոլոր անհատներին և կազմակերպություններին, հատկապես առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Սամվել Թադևոսյանին, որն իր միջոցներով գնել է AntiFake.am-ի գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները: Մեր մյուս հովանավորներին`  անչափ զգացված եմ ձեր բոլորի աջակցության և պատրաստակամության համար և վստահ եմ` հիմա էլ ավելի մեծ եռանդով եք աջակցելու/հովանավորելու մեր թիմին:

Մեր և մեր ընտանիքների մասին. վստահ եմ` կասկած չունեք, որ մենք այս ամենը քմծիծաղով ենք տանում և սրանից միայն կոփվում և ուժեղանում ենք: Մեր ընտանիքները ևս սրանից չեն վախենում կամ կոտրվում: Վստահեցնում եմ բոլորիդ, որ մերոնք ամենապինդն են կանգնած մեր կողքին` ծնողներից, կանանցից մինչև մանկահասակ երեխաներ: Բոլորս գիտակցում ենք, թե ինչի համար ենք ենթարկվում այս զրկանքներին ու ապագայում պատմությունը տալու է թե՛ մեր և մեր ընտանիքների, թե՛ մեզ ռեպրեսիաների ենթարկող խմբակի, քննիչ-դատախազ-դատավորների գնահատականը: Համենայն դեպս, ես գիտեմ, որ միշտ իմ երեխաների աչքերին բարձր գլխով եմ նայելու: Չգիտեմ` օրինակ, այս օրերի մասին իրենց երեխաներին ինչ են պատմելու այս քրեաքաղաքական աբսուրդի տակ ստորագրածները, բայց վստահ գիտեմ, թե ես ինչ եմ պատմելու երեխաներիս»։

Նարեկ ՍԱՄՍՈՆՅԱՆ

«Արմավիր» ՔԿՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930