«Օրերս Քննչական կոմիտեն շուրջ հինգ ամիս ապօրինի կալանքի տակ գտնվող ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել։ Քննչական կոմիտեի համապատասխան քննիչների խումբը բաղկացած է 53 քննիչներից։ Այդ խումբը փաստացի գործում է 2025 թվականի հուլիս ամսից։ Եվ 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը դեռեւս դատարանից խնդրում է, որ կարողանան կատարել նախաքննություն, իսկ այդ ընթացքում Սամվել Կարապետյանը լինի կալանավորված»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ազգային բարերարի փաստաբանական խմբի անդամ, Արամ Վարդեւանյանը եւ շարունակեց. «Այս երեւույթն ինքնին աբսուրդ է։ Եվ միայն սա արդեն բավարար է արձանագրելու համար, որ մենք իրավաբանությունից դուրս ենք գործում։
Առաջնային շեշտադրումը այս պահին ցանկանում ենք կատարել այն իրադարձությունների վրա, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատին։ 2025 թվականի նոյեմբերի 13-ին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժում է դատախազության կողմից ներկայացված բողոքը։ Այդ բողոքի մերժումը իրենից ենթադրում է մի իրավիճակ, որ փաստացի պահպանվում է միայն աբսուրդային կոչի դրվագը։ Այսինքն. «Մեր ձեւով կմասնակցենք Մայր Աթոռի պաշտպանությանը» նախադասությունը որպես կոչ որակելու իրավիճակը։ Իսկ տնտեսական բնույթի աբսուրդային մեղադրանքները հիմնավոր կասկածն այդպես էլ չէին հաղթահարել։ Սա նշանակում է, որ Սամվել Կարապետյանը այլեւս պետք է լիներ ազատության մեջ, երբ նոյեմբերի 18-ին կալանքի ժամկետը լրանում էր։ Գիտե՞ք ինչի համար։ Քանի որ կոչի դրվագով ինքնին նախաքննության ժամկետը հինգ ամիս է։ Այն կարող է երկարաձգվել մեկ ամսով, բացառիկ դեպքերում, փորձաքննության նպատակով։ Իսկ 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը քանիցս արձանագրել է, որ նման անհրաժեշտություն չունի։
Ֆիքսեցինք. նոյեմբերի 13, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշում։ Ի՞նչ է տեղի ունենում նույն օրը։ Քննիչի կողմից երկարաձգման միջնորդություն դեռ չի ներկայացվել, նման միջնորդություն մուտք չէր արվել, թեեւ նոյեմբերի 12-ին որոշ ԶԼՄ-ներ հրապարակել էին, իբրեւ միջնորդություն ներկայացվել է։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ չէր ներկայացվել։ Քննիչը չէր ներկայացնում, որովհետեւ չգիտեր՝ ինչ միջնորդություն ներկայացնի։ Եթե ունես մի հատ կոչի դրվագ, որն ինքնին աբսուրդ է, ամեն գնով ստացել ես հինգ ամիս կալանք, տնտեսական բնույթի մեղադրանքներ ունես, որոնք հիմնավոր կասկածի շեմ չեն հաղթահարել, ի՞նչ պետք է անես։ Եվ նոյեմբերի 13-ին վճռաբեկ դատարանը հրապարակում է որոշում՝ ստվերային արդարադատության պայմաններում։ Այդ որոշման հրապարակման մասին մենք չենք իմացել, չեք իմացել դուք։ Բայց դրա մասին գիտեր քննիչը։ Որտեղի՞ց գիտեր։ Պատկերացրեք, քննիչը կարողանում է նոյեմբերի 13-ին, ժամը 18։27-ին մուտքագրել երկարաձգման միջնորդություն, հղումներ կատարել վճռաբեկ դատարանի որոշումից, որը մենք մինչ օրս չենք ստացել, կարողանում է կից ներկայացնել վճռաբեկ դատարանի որոշումը դատարանին, որտեղ վճռաբեկ դատարանը փորձ է կատարել ցույց տալու, որ տնտեսական բնույթի մեղադրանքներից մեկով իբրեւ կարող է լինել հիմնավոր կասկած։ Բայց վճռաբեկ դատարանի որոշումը, ինչքան էլ այն անհրաժեշտ է եղել քննիչների համար, միեւնույն է, ուշացած է։
Եկեք վճռաբեկ դատարանի պրակտիկան ուսումնասիրենք՝ հասկանալու համար. եղե՞լ է դեպք, որ վճռաբեկ դատարանը մոտ 20 օրվա ընթացքում վարույթ ընդունի դատախազության բողոքը եւ որոշում կայացնի։ Եղե՞լ է Հայաստանի պատմության մեջ նման դեպք։ Հրապարակում եմ վերջին 12-15 ամսվա հենց նույն վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի վիճակագրությունը՝ վարույթ ընդունելու օր եւ որոշման հրապարակման օր։
Կարդացեք նաև
Ապրիլի 4-ին վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը վարույթ է ընդունում գլխավոր դատախազի, հենց տիկին Աննա Վարդապետյանի ներկայացրած բողոքը, որը վերաբերում է 33 դրվագ ենթադրյալ հանցանքի, որտեղ, ի դեպ, դատարանները կալանքը չէին կիրառել։ Վճռաբեկ դատարանը ապրիլին ընդունում է վարույթ, որոշումը կայացնում 2025 թվականի նոյեմբերի 6-ին։ Ժամանակագրային հատվածը ֆիքսեցինք; Շարունակություն. 2024 թ. ապրիլի 23-ին վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը վարույթ է ընդունում գլխավոր դատախազի բողոքը՝ որոշումը կայացնում է 2025 թ. մարտի 10-ին։ Այլ դեպքերով. 2024 թ. մայիսի 22-ին ընդունվում է վարույթ՝ որոշումն ընդունվում է 2025 թ. մարտի 10-ին, 2024 թ. դեկտեմբերի 11-ին վարույթ է ընդունվում, որոշումը հրապարակվում է 2025-ի ապրիլի 17-ին, վարույթ է ընդունվում 2024-ի հոկտեմբերի 30-ին՝ որոշումը կայացվում է 2025-ի նոյեմբերի 13-ին, վարույթ է ընդունվում 2024 թ. հոկտեմբերի 21-ին, իսկ որոշումը հրապարակվում է 2025 թ. հոկտեմբերի 23-ին։
Ես առաջարկում եմ, որ Սամվել Կարապետյանի դեպքով, որովհետեւ միջինացված ողջամիտ իրականության մեջ հնարավոր չէր պատկերացնել այսքան արագ որոշման կայացում,վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորների գործողությունների վերաբերյալ դիմել Գինեսի ռեկորդների գրքի համապատասխան հանձնաժողով; Եվ կարծում եմ, որ դա կլինի արդար; Ի վերջո, ինչի՞ չպետք է գնահատել նման վարքագիծը; Սա իսկապես Գինեսի ռեկորդների գրքում գրվելու տվյալ է։ Բայց եթե փորձում ենք ավելի բովանդակային նայել, ինչի՞ համար այս ամենը տեղի ունեցավ; Զուտ նրա համար, որ քննիչը միջնորդություն ներկայացնի։
Հասկանո՞ւմ եք, վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ՝ սահմանադրական մարմին, արդարադատության տեսանկյունից բարձրագույն ատյան, որին կարողանում են փաստացի օգտագործել միջնորդություն ներկայացնելու նպատակով։ Կարող էր չէ՞ վճռաբեկ դատարանը այս որոշումը կայացնել էլի կայծակնային արագությամբ, էլի մեկ ամսից շուտ։ Օրինակ, նոյեմբերի 22-ին։ Կարող էր, չէ՞։ Ես ուզում եմ դիմել մեր գործընկեր իրավաբան փաստաբաններին։ Դուք տեսե՞լ եք դեպք, որ վճռաբեկ դատարանը որոշման հրապարակման օր նշանակի նոյեմբերի 13-ին, մենք ոչ թե որոշումը, այլ գրություն ստանանք նոյեմբերի 14-ին, բայց քննիչը կարողացել է ստանալ նոյեմբերի 13-ին։ Սա ստվերային արդարադատության լույս սփռումն է։
Օրվա իշխանությունները մեր երկրին ասում են ժողովրդավարության բաստիոն։ Ես կառաջարկեի՝ բռնատիրական բաստիոն, որովհետեւ կալանքների շատ լինելը բռնատիրական երկրի բնութագիր է։ Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը 2024 թվականին հրապարակավ ասել է, թե մենք ներդրել ենք տնային կալանքը որպես խափանման միջոց, որովհետեւ ժողովրդավարական բարեփոխումները դա են պահանջում։ Սամվել Կարապետյանի դեպքում հինգ ամիս է՝ միայն կալանքն է գործում։ Ինչի՞ համար, ի՞նչ հիմքով, ի՞նչ պատճառաբանություններով։ Ես այստեղ ողջամտություն չեմ տեսնում։
Սահմանադրական դատարանը օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում երկու որոշում է ընդունում, որով ընդգծում է անձի ազատության կանխավարկածը։ Այսինքն, որ չի կարելի մարդուն կալանավորել ուղղակի կալանավորելու համար։ Այն պետք է լինի բացառիկ միջոց, պետք է դրա համար բոլոր այլ միջոցները սպառված լինեն։ Բայց տեսնում ենք, որ այդ ամենը չի գործում։ Սա ծայրահեղ վտանգավոր ժխտողականության ճանապարհ է, իրավական նիհիլիզմի ճանապարհ է։ Նախաքննական գաղտնիքի աբսուրդային սահմանափակումները հենց վերջանան, մենք հրապարակելու ենք մեր ներկայացրած վճռաբեկ բողոքը եւ թող դատախազությունն էլ հրապարակի իրենցը; Եվ ցանկացած անաչառ դիտորդ թող ասի, թե որ մի բողոքը պետք է ընդունվեր վարույթ; Ընդունվում է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը եւ 20-օրյա ժամկետում որոշում է ընդունվում հենց այն օրը, որ քննիչը կարողանա միջնորդություն ներկայացնել։
Ըստ քննչական կոմիտեի նախագահի հրամանի, քննիչը միջնորդությունը պետք է ներկայացնի ժամկետը լրանալուց 7 օր առաջ։ Այս անգամ այդպես չեղավ։ Քննիչն ինչի՞ն էր սպասում, այս ի՞նչ համոզմունքներ, կանխավարկածներ են գործում։ Եվ ներկայացնում է նոյեմբերի 13-ին, որը քրդատ օրենսգրքով միջնորդություն ներկայացնելու վերջնաժամկետն էր։ Բայց անպայման միջնորդության մեջ պետք է հնարավորություն ունենար ցիտելու վճռաբեկ դատարանին; Այդ հնարավորությունը վերապահված է միայն քննչական մարմիններին։ Սամվել Կարապետյանին վերաբերող վճռաբեկ դատարանի որոշում, բայց Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը դա չի ստանում։ Դա ստանում է քննիչը։ Թե ինչ ճանապարհով, գաղափար չունենք»,-ասաց Արամ Վարդեւանյանը ու նշեց մի կարեւոր հանգամանք եւս։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահը Արթուր Դավթյանն է, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































