Հայաստանում առաջին անգամ անցկացված «Աղոթքի նախաճաշին» մասնակցած Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (CSI) ներկայացուցիչներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, տեսակցել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության հանրային գործերի տնօրեն Ժոլ Վելդքեմպը։
CSI պատվիրակության հետ հանդիպմանը Նորին Սրբությունը տեղեկացրել է, որ Եկեղեցին Ղարաբաղի հարցը փակված չի համարում, եւ նա շարունակելու է պայքարել հանուն արցախցիների իրավունքների։
CSI-ի տնօրեն Ջոն Այբներն անդրադարձավ լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է CSI-ն առանձին այցելել Մայր Աթոռ, երբ այց էր կազմակերպվել «Աղոթքի նախաճաշի» բոլոր մասնակիցների համար։ Նա բացատրեց, որ Մայր Աթոռ այցը չէր ենթադրում հանդիպում Վեհափառի հետ, իսկ CSI պատվիրակությունը ցանկանում էր տեսակցել Գարեգին Բ-ին եւ ժամանակ անցկացնել իր հետ։
Կարդացեք նաև
Ժոլ Վելդքեմպն էլ, ընթերցելով կազմակերպության հայտարարությունն, ամփոփեց․ «Հայկական իշխանություններին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Սամվել Կարապետյանին, կալանավորված բոլոր չորս հոգեւորականներին, իրենց հետ փոխկապակցված անձանց եւ վերջ տալ չարամիտ հետապնդումներին»։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ


















































