Ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արմեն Ֆերոյանը, իր պաշտպանյալի կալանքի խափանման միջոցը անպայման երկարաձգելու ուղղությամբ Քննչական կոմիտեի եւ Վճռաբեկ դատարանի գործողությունները որակելով որպես քաղաքական հետապնդման դրսեւորում, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց. «Տնտեսական բնույթի հանցագործության մեջ են մեղադրում Սամվել Սարգիսիչին, բայց այդ արարքները հիմնավոր կասկածի շեմն անգամ չեն հաղթահարում:
Ես ժողովրդին հասու եղանակով փորձեմ պարզաբանել, թե այդ արարքը նախ ինչ դրսեւորում ունի եւ դրան ինչ քրեաիրավական գնահատական են տալիս, որ մեր ժողովուրդն էլ պատկերացում ունենա, յուրաքանչյուր անձ իր մեջ վերլուծի եւ նաեւ ինքը գա համոզման, որ իրոք կատարվող գործողությունը ապօրինի է եւ քաղաքական հետապնդման կոպիտ դրսեւորման ձեւ ունի: Այս դեպքում այդ փողերի լվացում ասվածն իր մեջ ունի հետեւյալ դրսեւորումը: ՀԷՑ ՓԲ ընկերության ղեկավար պաշտոն զբաղեցնող մի քանի անձինք հիմնադրում են իքս ընկերություն եւ այդ իքս ընկերությամբ իրականացնում են որոշակի գործողություններ: Թողնենք՝ դա հանցավոր է, հանցավոր չէ: Մենք ունենք արդեն կայացած դատական ակտեր: Ես տեղյակ եմ, որ Սարգիս Պետրոսյանը որպես դատավոր հենց այդ անձանց գործընկերներից մեկի մասով հաստատված է համարել, որ փողերի լվացման հանցակազմ գոյություն չունի:
Խոսքը վերաբերում է «Կայծաղբյուր» ընկերությանը, որի հետ Սամվել Կարապետյանը որեւէ ձեւով կապ եւ առնչություն չունի: Բայց քննչական մարմինը ունի իր դատողությունը, ու մեզ համար շատ զավեշտալի է, որ աբսուրդի հասնող այդ դատողությունը կիսում է նաեւ վճռաբեկ ատյանը: Ասում են՝ գիտե՞ք, քանի որ ՀԷՑ-ի աշխատողներն են ստեղծել այդ ընկերությունը, իսկ դուք հանդիսանում եք ՀԷՑ ՓԲԸ հիմնադիր, ուրեմն նրանց կողմից կատարած, իրենց ձեւակերպմամբ՝ փողերի լվացումը արել են քո կազմակերպմամբ:
Մենք ասում ենք. այ եղբայր ջան, հապա մի փաստ, ապացույց ցույց տուր, մի վկայի, որն ասի, որ պարոն Կարապետյանը որեւէ ձեւով առնչություն է ունեցել այդ ընկերության հետ, տնօրեններին կամ ղեկավարներին ասել է՝ այսպես վարվեք, այնպես վարվեք: Զրո պատասխան, զրո արձագանք: Միակ փաստը այն է, որ ինքը հանդիսանում է ՀԷՑ ՓԲԸ-ի հիմնադիրը: Իսկ եթե ՀԷՑ ՓԲԸ-ի աշխատակիցները հիմնադրել են ընկերություն ու կատարել են ենթադրյալ հանցագործություն, ուրեմն այդ ընկերության հիմնադիրը կազմակերպել է այդ արարքը:
Կարդացեք նաև
Որպեսզի ժողովրդի համար պատկերավոր դառնա, նաեւ՝ քննիչների, որ պատկերացնեն, թե իրենք ապօրինությունների ինչ շղթայի մեջ են մտել, ստացվում է, որ եթե Քննչական կոմիտեի քննիչներից մեկը կաշառք է վերցնում, ուրեմն մենք ողջամտորեն կարող ենք ենթադրել, որ այդ կաշառք վերցնելու գործընթացը կազմակերպել է Քննչական կոմիտեի նախագահը: Բայց կարող ենք մեր մտավարժանքը էլ ավելի զարգացնել ու մի քայլ էլ վեր բարձրանալ: Երկիրն ունի բարձրագույն ղեկավարություն չէ՞, որն այդ համակարգի մասն է կազմում: Ուրեմն Քննչական կոմիտեի նախագահի հետ նաեւ երկրի բարձրագույն ղեկավարությունն է կազմակերպել այդ կաշառք վերցնելու գործընթացը: Այ, այս տիպի աբսուրդի ժանրից ենք մենք խոսում:
Առաջին ատյանի դատարանը դրան տվել է իրավական դիրքորոշում: Մասնավորապես, մեջբերել է այդ ձեւակերպումը եւ ասել, որ այն զուրկ է ողջամիտ իրավական բանականության սահմաններից: Բացառիկ դեպքերում է, որ մենք առաջին ատյանի դատարանում նման ձեւակերպումների ականատես ենք դառնում: Այդ նույն դիրքորոշումը կիսել է նաեւ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը: Բայց սրա վերաբերյալ բողոք է տարվել վճռաբեկ դատարան, որը այնտեղ վարույթ է ընդունվել:
Դրան հաջորդել է մեկ այլ դատավարական պրոցես: Մինչեւ վճռաբեկ բողոք կտանեին, իրենք նորից են մտել դատարան, որպեսզի կալանքի ժամկետ երկարացնեն: Եվ երբ նորից են մտել դատարան, իբրեւ այս եղածը կարողանում էին հիմնավորել, մի դրվագ էլ էին ավելացրել՝ իբրեւ թե փողերի լվացման դրվագ: Այս դեպքում էլ առաջին ատյանի արդեն մեկ ուրիշ դատավոր որոշում կայացրեց եւ հաստատեց, որ հիմնավոր կասկածի առկայություն ինչպես սկզբի դրվագում, բացարձակ գոյություն չունի: Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը մերժել է մեր եւ դատախազության բողոքը: Այսինքն, հաստատված է մնացել, որ փողերի լվացման դրվագ գոյություն չունի: Կա միայն կոչի հետ կապված դրվագ եւ դրանով է հիմնավոր կասկածը հաստատված համարել: Կարեն Ամիրյանը նաեւ նշել է, որ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն է տվյալ դեպքում անհրաժեշտ եւ կալանքի երկարացման հիմքեր այլեւս գոյություն չունեն:
Բայց օրերի, կարելի է ասել՝ ժամերի ընթացքում, երբ որ քննիչը միջնորդությունը պետք է մուտք անի դատարան, քննչական մարմինը գերարագությամբ վճռաբեկ դատարանից ձեռք է բերում այս որոշումը, որպեսզի իրենք կարողանան նոր հիմք ստեղծեն ու մտնեն առաջին ատյանի դատարան, որ ամեն գնով Սամվել Կարապետյանին փորձեն ապօրինի պահել կալանքի տակ:
Ես ծանոթացել եմ Վճռաբեկ դատարանի այդ դիրքորոշմանը, եթե կարելի է դա դիրքորոշում անվանել: Այն բաղկացած է 108 էջից, որի մոտ 99 %-ը բացարձակապես քոփի-փեստեր են՝ բողոքներ, գործի դատավարական նախապատմություն, այս կողմ, այն կողմ: Միայն 3-4 էջ է, որ կարելի է ասել Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներ են: Իսկ այդ իրավական դիրքորոշումներն, ըստ էության, հանգում են հետեւյալին, որ նման դեպքերում քանի որ այդ արարքն ունի ավելի լատենտային հատկանիշ, հիմնավոր կասկածի շեմը պետք է ավելի նվազ գնահատել եւ պետք է հիմնավոր կասկածի առկայությունը փաստել:
Ես խորը մտավախություն ունեմ, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է ենթադրությունն է, եւ տա Աստված, որ այդ մտավախությունը երբեւէ չհաստատվի, որ այս որոշումը չի գրվել Վճռաբեկ դատարանում: Վճռաբեկ դատարանի դատավորները այս 14 հատորանոց գործին չեն էլ ծանոթացել: Այսպիսի գերարագությամբ իրենք չէին կարողանա այս ծավալուն գործը ուսումնասիրել, քննարկել, վերլուծել եւ գալ նման անտրամաբանական, անհիմն հետեւության: Թեեւ իրենք կոչված են երաշխավորելու արդարադատության, դատական համակարգի հեղինակությունը, իրենք այս դատական ակտով արդարադատության ու դատական համակարգի հեղինակությունը նսեմացնում ու տասնապատիկ ցածրացնում են»:
Բայց ինչի է սա արվում, պետք է գանք ակունքներին: Վստահ եմ, բոլորդ նկատեցիք, որ փողերի լվացման հատկանիշները դուրս եկան, երբ պետական մակարդակներում ու ժողովրդի մեջ բոլորը դատապարտում են դրսեւորումը, թե ո՞նց կարելի է եկեղեցուն պաշտպանելու խոսք ասվի եւ դա համարվի հանցագործություն: Դրա վերաբերյալ նաեւ միջազգային հանրությունից ենք բազմաթիվ բացասական արձագանքներ լսում:
Մեր այն իրավակիրառ մարմինը, որն այս հոդվածը դրել է, խայտառակվում է դրա ձեռքը ու չի կարողանում որեւէ ձեւով հիմնավորել, որ այդ կոչի դրվագը իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ: Մենք այդ դրվագով ունենք փորձագիտական եզրակացություններ, պրոֆեսորների, լեզվաբանների, հոգեբանների մասնագիտական կարծիքներ, որ դա իր մեջ իշխանությունը զավթելու, յուրացնելու որեւէ էլեմենտ չի պարունակում, այլ եկեղեցու պաշտպանությանն ուղղված խոսք է: Ստացվում է, որ մեր քննչական, դատախազական մարմինները մտավախություն ունենալով, որ այդ դրվագով գործը չի կարող ապրել եւ հեռանկար ունենալ, իսկ ներպետական եւ միջազգային մակարդակով իրենք խայտառակվում են, դրա համար այսպիսի շինծու մեղադրանքներ են փորձել առաջադրել՝ իբրեւ թե փողերի լվացում, որպեսզի կարողանան իրենց նախկին խայտառակությունը ինչ-որ ձեւով քողարկել եւ մարդկանց սուտ ինֆորմացիա հրամցնել, թե Սամվել Կարապետյանը բացի կոչից, նաեւ փողերի լվացում է իրականացրել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































