«Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Արթուր Սաքունցն ահազանգում է, որ ընտրական տեղամասերում քվեարկության սենյակներն այնքան փոքր են, չեն համապատասխանում ընտրողների թվին եւ չեն կարող ապահովել առանց կուտակումների ընտրություն: Այսօր, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վաղարշապատում ընթացող ավագանու ընտրություններին, ասաց Սաքունցը:
Ըստ Սաքունցի՝ խնդիր է նաեւ, որ տեղամասերին անմիջական հարակից տարածքում նույն մարդը կարող է շարունակաբար գտնվել. «Դա գնահատվում է որպես ընտրողների ուղղորդման հնարավոր տարբերակ: Տասովչիկների երեւույթը դեռեւս մնում է օրակարգում»:
Ըստ նրա՝ ոստիկանները պետք է հեռացնեն անձին, որը շարունակաբար գտնվում է տարածքում, ոչ թե սպասեն՝ ընտրական հանձնաժողովի նախագահի ցուցումին:
Կարդացեք նաև
Սաքունցի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ վստահված անձը կամ դիտորդը գրանցված չեն, բայց տեղամասում են. «Հանձնաժողովի նախագահը պետք է հսկի չգրանցված անձանց ներկայությունը, նրանց տարածքից հեռացնելու առումով դեռեւս թերանում են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































