Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրում է.
«Արդրբեջանի ռեժիմի կողմից բռնի էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված յուրաքանչյուր անձի պետք է վերաբերվել ապրումակցումով. մարդիկ թողել են տարիների ընթացքում իրենց ստեղծած տները, վտարվել են իրենց հարազատ բնակավայրերից, կտրվել են իրենց շրջապատից, ոչ թե սեփական կամքով, այլ սպառնալիքի, սպանվելու, սովի մատնվելու վտանգի հետևանքով:
Եվ բռնի տեղահանվածների Հայաստանում ինտեգրման քաղաքականությունը թելադրում է, պահանջում է լինել միմիայն հարգալից, արժանապատվության հանդեպ հարգալից:
Ինտեգրումը չի ենթադրում ենթարկեցում: Ինտեգրվողներն էլ բազմակարծիք են, կան տարբեր մտածելակերպ ունեցող մարդիկ:
Կարդացեք նաև
Անթույլատրելի է մարդկանց սոցիալ-տնտեսական աջակցության իրապես լայնածավալ ծրագրերի դիմաց սպասել քաղաքական լոյալություն՝ ըստ քաղաքական մոտեցումների կամ դիրքորոշումների:
Ընդհակառակը, պետք է ինտեգրումը դիտարկել զուտ մարդասիրական պարտավորություն, անկախ այդ աջակցությունը ստացողի վերաբերմունքից։
Այո, իր բնակավայր, իր տուն վերադառնալու իրավունքը իրատեսական չէ, բայց իրավունքը գոյություն ունի, անկախ նրա իրականացվելու հնարավորությունից։ Բայց միաժամանակ վերադարձի իրավունքը համընդհանուր է, ու չի կարող ճանաչվել ըստ քաղաքական նպատակահարմարության կամ ըստ էթնիկ կամ ազգային պատկանելության։
Խաղաղությունը բռնապետական ռեժիմի հետ նույնքան անիրատեսական է /եթե պատերազմական գործողություններ չկան, դա դեռ չի նշանակում, թե հաստատված է այնքան ցանկալի խաղաղությունը, հատկապես, երբ կան օկուպացված տարածքներ/, որքան անիրականանալի է ներկայումս վերադարձի իրավունքի իրականացումը։
Այնպես որ, թե խաղաղության որպես հաստատված իրողության մասին, թե վերադարձի իրավունքի իրականացման մասին խոսույթները չպետք է հասցնել քաղաքական պոպուլիզմի մակարդակի:
Երկու իրավունքներն էլ՝ խաղաղության իրավունքը և իրենց բնակավայրեր վերադառնալու իրավունքը և դրանց իրականացումը շատ ավելի լուրջ, բովանդակային, պատասխանատու վերաբերմունքի կարիք ունեն արժանանալու, քան դրսևորվում է նախընտրական Հայաստանում:
Հանգստացեք ու մտածեք»:


















































