Ներկայացնում ենք արցախյան շարժման վավերագրիր, լուսանկարիչ Գագիկ Պողոսյանի դստեր՝ Հասմիկ Պողոյանի հուշապատումներից մեկը
Հայ հետախույզները պատմության հերոսներ են: Նրանք հերոսներ են, որ անօրինակ սխրանքներով փառավորեցին ոչ միայն մեր, այլեւ օտար ժողովուրդների պատմության էջերը՝ Գեւորգ Վարդանյան, Զատիկ Խանզադյան: Արցախյան ազատամարտում մեր անդրանիկ հաղթանակը կերտվեց նաեւ հայ հետախույզի շնորհիվ, որոնց շարքերում բազմաթիվ զինվորականներ հետո կանգնելու էին մեր նորանկախ երկրի բանակի ու բանակաշինության ակունքներում: Եվ մեր նորագույն պատմության մեջ այս օրը ամրագրվեց ազգային օրացույցում, որպես Հայ հետախույզի օր:
Նրանք պատվով կատարեցին իրենց առաքելությունը Ապրիլյան պատերազմում: Շատերն էլ անմահացան Արցախյան 44-օրյա պատերազմում: Նրանց դեմքերը մենք չենք տեսնում եւ ոչ էլ անուններն ենք իմանում մեր ժամանակի ծիրում: Բայց պատմության հոլովույթում բացահայտվելու են այդ անունները, եւ թեեւ մասամբ ու ոչ ամբողջությամբ, սերունդներն իմանալու են, թե մեր գոյապայքարի բովերում ինչպիսի սխրանքներ գործեցին հայ հետախույզները:
Կարդացեք նաև
Արցախյան գոյապայքարում ձեւավորվեց նաեւ Հատուկ նշանակության գունդը: Իսկ մեր նորագույն պատմության եւ Հայոց բանակի կազմավորման ողջ ընթացքը վավերագրած հայրս՝ լուսանկարիչ Գագիկ Պողոսյանն իր ամբողջ կյանքում մեծ նշանակություն էր տալիս Հայոց բանակի ամեն մի ստորաբաժանումի ծննդյան օրվան:
Նոյեմբերի 5-ը նրա սրտում եւ կյանքում եւս կարեւորագույն տեղ ուներ: Վավերագրում էր ամեն կադրը, անգամ սպասվող զորահանդեսի նախնական փորձերը, հետո հիացմունքով մեզ էր պատմում, թե ինչ բարձր ոգի ունի հայ զինվորը, թե ինչպես է նորակոչիկների ամեն մի սերունդը գերազանցում իր նախորդին:
– Հետախույզը բանակի ամենատես աչքն է, ոգին ու ամուր վահանը: Գիտեինք մեծաքանակ ուժը թշնամու: Բայց, ինչ խոսք, մերն էլ գիտեինք: Իսկ թշնամին հաճախ է ստիպված եղել հաշվի նստել մեր հետախույզների կատարած գործողությունների հետ, եւ վճռվել է մեզ պարտադրած պատերազմների հաղթական ելքը,- ասում էր հայրս:
Հայրիկիս հարուստ արխիվում նաեւ Հատուկ նշանակության գնդի պատմությունն է, որոնք ամեն անգամ նոր միջոցառումների կադրերով հարստացնելով՝ անթաքույց հպարտություն էր ապրում, որ մեր պետությունն ու բանակն ավելի են կայանում, որ մեզ այլեւս հաղթել չի լինի: Իսկ երբ իշխանության եկած հակահայ ուժերը սկսեցին բացահայտ հարվածել մեր ազգային գոյության հիմքերին, որոնցից մեկն էլ Հայոց բանակն է՝ իր բոլոր ստորաբաժանումներով, շրջանառում էին ակնհայտ հորինված ստեր «թալանված բանակի մասին», հայրս միշտ նյարդայնացած ասում էր.
– Ինչպե՞ս են պատասխան տալու այս կեղծ թեզերի համար, ինչպե՞ս են ոչնչացնում արժանի զինվորականների ստեղծած հաղթանակը: Եթե այսօր չէ, վաղը պատասխան են տալու: Պատասխան պահանջելու ժամանակը գալու է:
Իսկ այդ արժանի զինվորականների մարտական ուղին անցել էր հայրիկիս աչքի առաջ, ովքեր իրենց կյանքի ուղին սկսել էին որպես նոր կազմավորվող Հայոց բանակի զինվոր (առաջին զինվորական երդումը տեղի է ունեցել 1992 թ. մարտի 2-ին. այս կադրերը եւս կարեւոր տեղ ունեին նրա համար) եւ մի շարք երկրների ռազմական ակադեմիաներն ավարտելով՝ դարձել էին բարձրաստիճան զինվորական: Եվ այդ մարդկանց կենսագրությունը եւս վավերացված է հայրիկիս լուսանկարներում:
…Նոյեմբերի 5-ին լրացավ չորրորդ տարին, որ մեր նորագույն պատմությունը վավերագրած հայրս մեզ հետ չէ: Նա կյանքից հեռացավ նոյեմբերի 5-ին՝ ճիշտ այն օրը, երբ Հայոց բանակում նշվում է հայ հետախույզի օրը.
– Ես կռվել եմ իմ ֆոտոխցիկով եւ կշարունակեմ մեր երկրի ու զինվորի կողքին լինել իմ այս զենքով,- ասում էր:
Այսպես էր հայրիկս մեզ սովորեցնում սիրել մեր Հայրենիքը ու պայքարել մեր իրական արժեքների համար։
Շնորհակալ եմ, որ քո դուստրն եմ, սիրելի հայր։
Քո փոխանցած գաղափարները, սկզբունքները ինձ հետ են լինելու միշտ` իմ կյանքի ու գործունեության բոլոր բնագավառներում…
Մեր պայքարը շարունակվում է:
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.11.2025



















































