«Մեկ անգամ ևս ապացուցելու համար ՀԷՑ կառավարչի ցանկությունը թվերը ներկայացնելու և հաշվի առնելով, որ ՏԿԵՆ-ն անգրագետ և սխալ հաղորդում է ներկայացրել՝ ճգնաժամի հետ կապ չունեցող, ուստի բոլորով լծվել են, մեղմ ասած, սխալ ինֆորմացիա ներկայացնելուն»,- «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված ՀԷՑ-ի «լիցենզիան դադարեցնելու» հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ընթացքում իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀԷՑ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Ելույթն ընդմիջեց ու վարման կարգով արձագանքեց ՀԷՑ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ու դիմելով հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին՝ հորդորեց․ «Ես խնդրում եմ զեկուցողին կոռեկտության կոչ անել և զեկույցի, ելույթի մեջ զերծ մնալ որակումներից, քաղաքական գնահատականներից և կոռեկտությունից դուրս արտահայտություններից, այլապես չգիտեմ՝ ինչի կվերածվի»։
Մեսրոպ Մեսրոպյանը թույլ չտվեց, որ Դավիթ Ղազինյանը միանգամից արձագանքի ու ասաց․ «Չսահմանափակելով Ձեր խոսքի ազատության իրավունքը՝ 30-ից ավելի րոպե խոսում եք, բազմիցս վիրավորական գնահատականներ տվեցիք։ Կարող եք գնահատել երևույթը, բայց առանց պիտակավորելու»։
Կարդացեք նաև
Դավիթ Ղազինյանն արձագանքեց․ «Ուզում եմ կառավարչին տեղեկացնել՝ ինքն էլ, բոլորն էլ տեղյակ են, որ սպառնալիքներով ինձ հետ խոսել հնարավոր չէ»։
Մեսրոպ Մեսրոպյանն ասաց՝ Դուք եք այս պահին սպառնալիքներով խոսում։
Դավիթ Ղազինյանն էլ ի պատասխան նշեց․ «Ո՞վ ասաց՝ կվերածվի՝ չգիտեմ ինչի։ Ե՞ս։ Ես ասում եմ՝ սա դիտարկում եմ՝ որպես սպառնալիք։ Սպառնալիքի լեզվով ոչ մեկն ինձ հետ չխոսի։ Չեմ վախեցել, չեմ վախենում և չեմ էլ վախենալու։ Կառավարչի ու հանձնաժողովի աշխատակազմը թույլ են տալիս նյութերում մեզ սարքել հանցագործ, սխալ թվեր գրել, հետո իրենք իրենց հերքում են, էդ ամենը չի համարվում վիրավորանք, ես ընդամենը, որ ասում եմ՝ սուտ ու կեղծ տեղեկություն, համարվեց վիրավորանք»։
Հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































