Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանն ուսանողներին հորդորել է կյանքի ընթացքում հանդիպող մարտահրավերները դիտարկել որպես զարգացման հնարավորություն

Նոյեմբեր 17,2025 16:14

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Լոռու մարզ: Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան՝ ուսանողների հետ հանդիպելու և նրանց տոնը շնորհավորելու նպատակով։

Պաշտպանն իր ուղերձում, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ ուսանողներ, Շնորհավորում եմ Ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Այս օրը հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու կրթության հիմնարար նշանակությունը, երիտասարդների առանցքային դերակատարումը հասարակության կայուն զարգացման գործում, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությունը՝ արժանապատիվ, անվտանգ և ներառական կրթական միջավայրի ապահովման համատեքստում»։

Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է ժամանակակից աշխարհի պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական մարտահրավերները՝ առանձնացնելով իրավունքի քաղաքականացումն ու հասարակական բևեռացումը որպես լուրջ սպառնալիքներ համակարգի արդյունավետ գործունեությանը. «Հանդուրժողականությունն անկյունաքարային նշանակություն ունի ժողովրդավար, բռնությունից և խտրականությունից զերծ հասարակություն կառուցելու գործում։ Մինչդեռ հասարակական բևեռացումը խաթարում է իրավական և ժողովրդավարական պետության հիմքում ընկած արժեքները, ձևախեղում մարդու իրավունքների ընկալումը և վտանգում իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի արդյունավետությունը»:

Անահիտ Մանասյանը շեշտել է, որ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու հարցում նշվալ խնդիրների հաղթահարումն ունի առանցքային նշանակություն: Քննարկման շրջանակում Պաշտպանը պատասխանել է ուսանողների հարցերին, ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության հիմնական մեխանիզմները, նշել հանդուրժողականության, իրավահավասարության, արդարության և մարդու՝ որպես սահմանադրորեն ճանաչված բարձրագույն արժեքի երաշխավորման կարևորությունը։

Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանն ուսանողներին հորդորել է կյանքի ընթացքում հանդիպող մարտահրավերները դիտարկել որպես զարգացման հնարավորություն, կրթության գործընթացն ընկալել ոչ թե որպես առանձին մտքեր սերտելու, այլ արժեքներ իմաստավորելու և տարածելու հնարավորություն՝ հավատարիմ մնալով մասնագիտական էթիկայի և պրոֆեսիոնալիզմի սկզբունքներին։

Պաշտպանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ծատուրյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել նաև Համալսարանի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, ուսումնական գործընթացին և աշխատանքային պայմաններին:

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930