Քիչ առաջ Գյումրու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նիստ էր գումարել, որի օրակարգում երկու հարց էր․ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորած քաղաքական ուժի՝ «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Հասմիկ Խաչատրյանին ընտրացուցակից դուրս հանելը, գրանցումը ուժը կորցրած ճանաչելը և Վարդան Ղուկասյանի գլխավորած «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության կալանավորված ու մանդատից հրաժարված ավագանու անդամ Տիգրան Ավագյանի մանդատը ցուցակի հաջորդ համարին տրամադրելու հարցը։
Նշենք, որ Հասմիկ Խաչատրյանը Գյումրու ավագանու կազմում փոխարինելու էր օրերս մանդատից հրաժարված ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյանին, որի բացակայության պատճառով ընդդիմադիրները չկարողացան քվորում ապահովել ու ավագանու նիստ գումարել։ Սակայն նախքան Նարեկ Միրզոյանի մանդատից հրաժարվելը, ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել Հասմիկ Խաչատրյանը, նա ցանկություն չէր հայտնել ավագանու անդամ դառնալու՝ պատճառաբանելով, որ պարբերաբար երկրից դուրս է գնում։
Կարդացեք նաև
Երկրորդ հարցը, ինչպես արդեն նշել ենք, վերաբերում էր Արթիկ քրեակատարողականում գտնվող գյումրեցի ֆերմեր Տիգրան Ավագյանի մանդատից հրաժարվելուն ու այն ցուցակի հաջորդ համարին տրամադրելուն։
Տիգրան Ավագյանը դեռ ավագանու անդամ չդարձած՝ կալանավորվեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության օրը զանգվածային անկարգություններին մասնակից լինելու մեղադրանքով։
Նկատենք, սակայն, այս հարցում ևս խնդիրներ կան․ պարզվում է՝ մանդատը, որը փոխանցվելու է «Կոմունիստական կուսակցության» ցուցակի հաջորդ համարին, վերցնելու է քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետը ՝ Արտյոմ Արտուշի Մկրտչյանը, որը, ըստ ՏԻՄ օրենքի, իրավունք չունի և՛ պաշտոնավարելու և՛ ավագանու անդամ լինելու։
ՏԻՄ օրենքի հոդված 18-ը, որը վերնագրված ՝ Համայնքի ավագանու անդամի այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը, սահմանում է՝
Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ`
1) աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում, համայնքի բյուջետային հիմնարկներում, լինել համայնքային հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավար.
2) լինել մեկ այլ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ.
3) աշխատել իրավապահ, պետական անվտանգության եւ դատական մարմիններում:
Սույն հոդվածով սահմանված, ինչպես նաեւ զինված ուժերում ծառայելու կամ ծառայության անցնելու դեպքերում համայնքի ավագանու անդամը պարտավոր է մինչեւ ավագանու հերթական նիստը գրավոր հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները դադարեցվում են:
Վերջինս կամ պիտի հրաժարվի պաշտոնից կամ մանդատից, եթե նա հրաժարվի մանդատից, ապա Գյումրու ավագանու նիստերը հնարավոր է նորից ձգձգվեն, քվորում չապահովվի, մինչև որ ընտրացուցակի հաջորդ հերթական համարը կվերցնի մանդատը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ





















































