ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Մի քանի կարևոր արձանագրում Վաղարշապատի ընտրությունների առնչությամբ
Նախ, պետք է արժևորել շուրջ 15000 (47 %) քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի չտվեցին ստին ու կեղծիքին, խայտառակ ճնշումներին և քվեարկեցին Վաղարշապատի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի օգտին, մասնավորապես, «Հաղթանակ» դաշինքի օգտին (շուրջ 32% կամ 10,000 քվե)։
Պետք է գնահատել նաև բոլոր այն ուժերին, ովքեր չխուսափեցին քաղաքական պատասխանատվությունից, վաղարշապատցուն ներկայացրին այլընտրանք և իրենց ուժերի չափով պայքարեցին գործող վարչախմբին հեռացնելու համար։
Կարդացեք նաև
Ակնհայտ է, որ․
- իշխող ուժը մեկ համայնքի վրա կենտրոնացրել և օգտագործել է իր ռեսուրսների ողջ արսենալը` վարչականը, ուժայինը, մոբիլիզացրել է իր ամբողջ զանգվածը և կարողացել է ստանալ Վաղարշապատ համայնքում ընտրողների ընդհանուր թվի 21,8 տոկոսը։ Ու միայն 45 տոկոս մասնակցության պարագայում են այդ ձայները կազմել են 48․5 տոկոս,
- որևէ ընդդիմադիր ուժ չունի հնարավորություն և ռեսուրս միայնակ իշխանություն ձևավորելու, իսկ իշխանությունը (նույնիսկ կցորդ ուժերով) չունի վերարտադրվելու շանս՝ հատկապես ընտրողների բարձր մասնակցության պարագայում։
- ընդդիմադիր այն ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին, սակայն չեն հաղթահարում անցողիկ շեմը, փոշիացնում են ընդդիմադիր ձայները և նպաստում իշխանության վերարտադրությանը։
Այս խնդիրները հաշվի առնելով` ընդդիմադիր ուժերիս անելիքները պետք է լինեն հետևյալը.
- բացատրել հանրությանը ընտրություններին մասնակցության կարևորությունը, ապահովել բարձր մասնակցություն,
- ստեղծել արդյունավետ համակարգ իր մեխանիզմներով, որը կկարողանա կանխել կամ նվազեցնել վարչական ռեսուրսների կիրառումը, ընտրախախտումները և բռնաճնշումները,
- անցողիկ շեմը հաղթահարելու վտանգ ունեցող ընդդիմադիր ուժերը պետք է մեկտեղեն իրենց հնարավորությունները, միավորվեն կամ ընդգրկվեն ավելի խոշոր դաշինքներում։
Այսպիսով, Վաղարշապատի ընտրությունները ցույց են տալիս այն ուղղությունները, որոնցով կա հսկայական անելիք և աշխատանք 2026-ին նախատեսված համապետական ընտրություններից առաջ։
Չարախնդալու, մեղավորներ նշանակելու, շարունակ բողոքելու, մարդկանց հուսալքության հասցնելու և դրանով սեփական անգործությունն ու անպատասխանատու վարքագիծը արդարացնելու փոխարեն պատասխանատու քաղաքական ուժերը և գործիչները պետք է լծվեն վերը նշված խնդիրները լուծելու գործին։
Մենք գնալու ենք այդ ճանապարհով․․․»:


















































