Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր հարցումներով ընտրություններում այս պատկերը պետք է լիներ, չի եղել անակնկալ. Վաղարշապատի դրական հետևությունները. Վահե Հովհաննիսյան

Նոյեմբեր 17,2025 21:21

Եթե Վաղարշապատի ընտրությունների արդյունքները քննարկենք առանց հայկական ավանդական սգի, անեծքի և հուսահատության, ապա կանենք ռացիոնալ հետևություններ.

Պետք է շնորհավորել «Հաղթանակ»  և «Մայր Հայաստան» դաշինքներին։

Պետք է արձանագրել, որ Հայաստանում և հատկապես մարզերում ընտրությունները կատարվում են անհատական գործոնի՝ պապու, հորեղբոր տատու, մեծ ընտանիքների, գյուղական պատկանելության, և այլ  արխայիկ իդենտիֆիկացիաների շնորհիվ։ Մեխակյանի հաղթանակը սրա մասին է խոսում. սա փաստ է, որի պետք է հաշվի նստել։

Միայն առաջիկա շաբաթներին Վաղարշապատի ընտրողներն աստիճանաբար կգիտակցեն, որ իրենք ձայն են տվել ՔՊ-ին։ Մեխակյանի օգտին քվեարկածների 80 տոկոսը վստահ է, որ ինքը ձայն է տվել Մեխակյանին, և ոչ թե՝ ՔՊ-ին։

Նիկոլ Փաշինյանը չխառնվեց Վաղարշապատի ընտրություններին(Գյումրիից հետո արեց հետևություններ), և դա էապես ազդեց արդյունքների վրա։ Բայց համապետական ընտրություններում նա չի կարող մնալ ստվերում, և նույն Վաղարշապատում լինելու է լրիվ այլ արդյունք։ Հենց այդ ժամանակ Վաղարշապատի ընտրողը անկեղծ զարմանալու է՝ «ինչի մեր Մեխակյանը նիկոլակա՞ն ա»։
Բոլոր հարցումներով ընտրություններում այս պատկերը պետք է լիներ, չի եղել անակնկալ։

«Հաղթանակ» դաշինքի նորամուտն իրոք լավն էր։ Պետք է հասկանալ՝ որքանով էր դա Սևակ Խաչատրյանի և լոկալ թիմի արդյունքը, որքանով՝ կենտրոնական լիդերության։ Ռ. Քոչարյանը վերջին մեկ տարում ունի կայուն լավ վարկանիշ։ Խնդիրը սեփական լավ վարկանիշի և լոկալ լոյալ թիմերի վարկանիշների սինխրոնիզացիան է։ Սա խնդիր է, բավականին բարդ, որը պետք է փորձել լուծել, և որն ունի լուծում։

«Մայր Հայաստանի» համառ ու գրագետ աշխատանքը տալիս է տեսանելի արդյունք. նոր ստեղծված ուժը մշտապես հաղթահարում է անցողիկ շեմը։ Երեք պայքար՝ երեք հաջողություն. Երևան, Գյումրի, Վաղարշապատ։ Սա արդյունք է, որ չի կարող աննկատ մնալ, և չի կարող իր ազդեցությունը չունենալ 2026-ի համապետական ընտրությունների ժամանակ։

Վաղարշապատի ընտրություններին չեն մասնակցել երկու խոշոր ֆավորիտ ուժեր՝ Ս. Կարապետյանի «Մեր Ձևով»-ը և Գ. Ծառուկյանի  «Առաջարկ Հայաստանին»-ը։ Հասկանալի է, որ նրանց մասնակցությունն էապես կփոխեր պատկերը։ Բայց սա հասկանում է նաև իշխանությունը, և առաջիկայում ենթադրելի է ճնշումների մեծացումն այս ուժերի վրա, քանի որ Վաղարշապատի մոդելն իշխանությանը ձեռք է տալիս։

Իշխանության հետագա վարքագծի մասին. իմ կանխատեսմամբ՝ իշխանությունը շարունակելու է երկու բան. գնալու է ծավալուն այլանդակությունների՝ ընտրությունների նախաշեմին նոր միջավայր ձևավորելու համար, և անելու է նորանոր կոպիտ սխալներ, որոնցից պետք է առավելագույն չափով օգտվել, եթե դիմացը լինեն լուրջ ընդդիմադիր  համակարգեր (դրա մասին՝ հաջորդիվ)։

 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930