Լրահոս
Վաղարշապատի դասերը
Օրվա լրահոսը

Սուտ 25. «Դատական համակարգը լիովին անկախ է, ես չեմ միջամտում դատարանների աշխատանքին»

Նոյեմբեր 18,2025 09:00

Սկիզբը՝ այստեղ:

«Սիրում եմ Ձեզ, խոնարհվում եմ Ձեր առաջ, հպարտանում եմ ձեզանով». այս նույն կարգախոսային տոնայնությամբ հնչեց նաեւ ամենաբարձրագոչ ու ամենահուսադրող խոստումներից մեկը՝ «Դատական համակարգը վերջնականապես կդառնա անկախ»։ Խոստում, որը պիտի փոխեր պետության ողնաշարը, ազատագրեր արդարադատությունը, վերադարձներ իրավունքի գերակայությունը։ Բայց ամենամեծ արժեհամակարգային խոստումներից մեկը դարձավ ամենաուժեղ հիասթափություններից։

«Անկախ դատարաններ» բառերով, բայց ոչ գործով։ Դատական համակարգը տարիներ շարունակ համարվել է Հայաստանի ամենախոցելի պետական կառույցներից մեկը։ Հասարակությունը սպասում էր արմատական բարեփոխումի, թափանցիկության, «նոր սերնդի դատավորների»։ Սակայն իրական գործողությունները չհամապատասխանեցին հայտարարություններին։ Բարեփոխումների տեմպը դանդաղեց՝ առանց հստակ ճանապարհային քարտեզի։ Դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը չաճեց, այլ մնաց նույն կասկածներով։ Քաղաքական դաշտում շարունակվեցին խոսակցությունները ոչ թե անկախության, այլ քաղաքական ազդեցության կասկածների մասին։ Արդյունքում, խոստացած «արմատական անկախությունից» մնաց միայն գեղեցիկ ձեւակերպում։ Դատավորների «ստուգման» մասին խոստումները դարձան հսկա ակնկալիքներ։ Բայց այն չվերածվեց համակարգված մեխանիզմի։ Ոչ մի համատարած ստուգում չիրականացվեց։ Ոչ մի համապարփակ արդյունք չհրապարակվեց։ Արդյունքում համակարգը մնաց ոչ թե մաքրված, այլ անսպասելիորեն անորոշ վիճակում։ Հայտնվեցին Նիկոլի «սրտի» դատավորներ, ովքեր կուրորեն ծառայելով Փաշինյանին, դատապարտեցին թե՛ զոհված զինծառայողների ծնողներին, թե՛ հոգեւորականներին։

Ղեկավարությունը ուղիղ կոչ արեց շրջափակել դատարանների մուտքերը՝ «իրավական հեղափոխության» անվան տակ։ Դա դարձավ այն պահը, երբ «անկախություն» խոստացած իշխանությունը սեփական ձեռքով վտանգեց անկախության հիմքերը։ Փակված դատարաններ, հակադրություն դատավորների եւ գործադիրի միջեւ, միջազգային կառույցների բացահայտ մտահոգություն։ Դա արդեն «անվտանգ բարեփոխում» չէր։ Դա վերածվեց ճնշման տպավորության՝ որը հետո երկար տարիներ թուլացրեց համակարգի հեղինակությունը։

Հասարակության լայն շերտերում ձեւավորվեց մի զգացում, թե դատավորների որոշումները մշտապես համընկնում են քաղաքական իրավիճակի հետ։ Որոշ գործերի արագ ընթացք է տրվում, որոշ գործեր անսպասելի դանդաղում են, որոշ գործեր էլ ընդհանրապես «կոմայի» մեջ են։

Սա չի անկախությունը։ Սա անորոշություն է, որտեղ ոչ մի կողմ չի վստահում մյուսին։ Գեղեցիկ խոստումներից էր այն, որ դատական համակարգը կունենա ամբողջական ռեստարտգ նոր բարձրագույն դատական խորհուրդ, նոր իրազեկ հակակոռուպցիոն մեխանիզմներ, դատավորների վերապատրաստում։ Բայց շատ քայլեր մնացին նախագծերի մակարդակում, դրանք պարզապես խոստումներ էին, որոնք այդպես էլ մնացին հեռուստաէկրանի վրա։

Արդյունքը՝ անավարտ գործընթաց։ Այս ամենի արդյունքում, հասարակությունը տեսնում է մի դատական համակարգ, որտեղ վստահությունը չի վերադարձել, անկախությունը չի երաշխավորվել, դատական իշխանության հեղինակությունը չի բարձրացել, եւ երբ հնչում էր «Դատական համակարգը վերջնականապես անկախ է», իրականությունը այլ բան էր պատմում։

Կարելի էր փոխել, կարելի էր արմատախիլ անել հին սխալները։ Բայց խոստումները մնացին օդում։ Եվ «անմիջամտության» բարձրագոչ բառերից հետո հասարակությունը տեսավ մի դատական համակարգ, որն իրականում մնաց ցնցումների, ճնշումների, քաղաքական կասկածների եւ անվստահության մեջ։ Ահա թե ինչու այս ամենը դարձավ եւս մեկ խոստում, որ չապրեց իր կյանքի սկիզբն անգամ։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՀԿ խորհրդի անդամ

«Առավոտ» օրաթերթ
18.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930