Ակնկալվում է, որ արդեն 2026 թվականին պետական պարտքը կանցնի տասնհինգ միլիարդ դոլարի սահմանագիծը, ինչն արտացոլում է պարտքի կուտակման անկառավարելի և սպառնալից տեմպերը։
Իշխանությունների արձագանքը պետական պարտքի աճի քննադատություններին հաճախ հանգում է արդարացումների որոնմանը, որոնցից ամենահաճախ հնչողն այն է, որ ավելացած պարտքերը օգտագործվել են անվտանգության ապահովման, մասնավորապես զենքզինամթերքի ձեռքբերման համար։ Առաջին հայացքից սա կարող է երևալ որպես ընդունելի բացատրություն՝ հատկապես երկրի աշխարհաքաղաքական իրավիճակը և անվտանգային մարտահրավերները հաշվի առնելով։ Սակայն խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ այս փաստարկն, ինքն իրենով մանիպուլյատիվ լինելուց զատ, առաջին հերթին վկայում է քաղաքականության ձախողման մասին, այլ ոչ թե հաջողության։ Փաշինյանն ու իր թիմը, որոնք իշխանության եկան մեծ խոստումներով և ծրագրերով, պարտավոր էին տարիներ շարունակ կենտրոնանալ տնտեսության զարգացման վրա, ստեղծել այնպիսի տնտեսություն, որը կկարողանար ինքնուրույն ապահովել բավարար միջոցներ և ռեսուրսներ երկրի անվտանգության ապահովման համար, առանց պարտքերի կուտակման։ Երբ երկիրը ստիպված է դիմել արտաքին փոխառություններին՝ իր անվտանգությունը ապահովելու համար, սա ուղղակի վկայում է տնտեսական քաղաքականության ձախողման ու հատկապես այն հանգամանքի մասին, որ չեն ստեղծվել համապատասխան ներքին տնտեսական հզորություններ։
Զենք-զինամթերքի ձեռքբերման արդարացման հարցում կարևոր է նաև մեկ այլ ասպեկտի վրա կենտրոնանալը։ Եթե երկիրը իսկապես հետևողական քաղաքականություն վարեր տնտեսական զարգացման ուղղությամբ, եթե զարգացած լիներ արդյունաբերությունը՝ մասնավորապես ռազմարդյունաբերական ոլորտը, ապա երկիրը ոչ միայն կկարողանար ինքնուրույն արտադրել անհրաժեշտ զինատեսակների գոնե մի զգալի մասը, այլև կվերածվեր արտահանողի, ինչը կբերեր լրացուցիչ եկամուտներ և կամրապնդեր տնտեսությունը։ Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները ռազմարդյունաբերական ոլորտի զարգացման համար՝ որակյալ ինժեներական կադրեր, գիտատեխնիկական ավանդույթներ, որոշակի արտադրական հզորություններ, սակայն այս ներուժը մնացել է չօգտագործված։ Տարիներ շարունակ իշխանությունները խոսել են ռազմարդյունաբերության զարգացման անհրաժեշտության մասին, կազմվել են ծրագրեր, հայտարարվել են նպատակներ, բայց գործնական իրականացման մակարդակում այս ոլորտը մնացել է գրեթե զրոյական վիճակում։
Գերմանիայի օրինակը տալիս է հստակ պատկերացում այն մասին, թե ինչպես պետք է մոտենալ պետական պարտքի և անվտանգության ծախսերի հարաբերակցության հարցին։ Գերմանիան, որը Եվրոպայի ամենախոշոր և ամենազարգացած տնտեսությունն ունեցող երկիրն է, տասնամյակներ շարունակ հետևել է խիստ ֆինանսական կարգապահության քաղաքականությանը՝ պետական պարտքը պահպանելով համեմատաբար ցածր մակարդակում՝ համեմատած իր տնտեսության չափերի հետ։
Կարդացեք նաև
Երկիրն ունի հզոր արտահանման հատված, որտեղ գերմանական արտադրանքը, սկսած մեքենաներից, վերջացրած բարձրտեխնոլոգիական սարքավորումներով, վայելում է համաշխարհային պահանջարկ՝ ապահովելով կապիտալի մեծ ներհոսք։ Իսկ երբ գերմանական իշխանությունները խոսում են պարտքի հաշվին պաշտպանական ոլորտի ֆինանսավորման ավելացման մասին, դա լիովին տրամաբանական և ռացիոնալ որոշում է, քանի որ նրանց պարտքը գտնվում է կառավարելի սահմաններում, և նրանք ունեն հստակ պլան այդ պարտքը ապագայում փակելու։
Բայց Գերմանիայի օրինակի ամենակարևոր դասը ոչ թե պարտքով անվտանգության ֆինանսավորումն է, այլ այն մոտեցումը, թե ինչպես են նրանք դա անում։ Գերմանիան պարտքի ավելացումը դիտարկում է որպես ներդրում ոչ միայն անվտանգության, այլև տնտեսության մեջ։ Խոսքն առաջին հերթին ռազմարդյունաբերական ոլորտի էական զարգացման, ռազմական տեխնոլոգիաների և սարքավորումների արտադրության ընդլայնման մասին է, ինչը նշանակում է նոր աշխատատեղերի ստեղծում, տեխնոլոգիական զարգացում և, ամենակարևորը, արտահանման նոր հնարավորություններ։ Գերմանական ռազմարդյունաբերությունն արդեն իսկ զբաղեցնում է կարևոր տեղ համաշխարհային շուկայում, և իշխանությունները պլանավորում են ավելի ամրապնդել այս դիրքերը։
Այսինքն, պարտքերն օգտագործվում են այնպես, որ ապագայում դրանք ոչ միայն վերադարձվեն, այլև բերեն լրացուցիչ եկամուտներ պետական բյուջե։ Սա է տնտեսական ռացիոնալ մտածելակերպի էությունը, որը, դժբախտաբար, բացակայում է Հայաստանի ռազմավարական պլանավորման մեջ։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































