Լրահոս
Օրվա լրահոսը

Խաժակ արք. Պարսամյանն այցելել է Բարսելոնա՝ Արամ քահանա Թիլիկյանին տեղի մշտական հոգևոր հովիվ նշանակելու առիթով

Նոյեմբեր 18,2025 14:38

Նոյեմբերի 16-ին Բարսելոնայի Ս․Մարիամ Թագուհի կաթոլիկ եկեղեցում (Iglesia de Santa María Reina) հայությունը մեծ ոգևորությամբ և վերանորոգված հավատքով մասնակցեց Սուրբ Պատարագին, որը մատուցվեց Խաժակ Սրբազանի նախագահությամբ։ Արարողության ընթացքում Սրբազան Հայրը համայնքին ներկայացրեց Տեր Արամ քահանա Թիլիկյանին, ով այսուհետ ծառայելու է Բարսելոնայի և հարակից քաղաքների հայ հավատավոր ժողովրդին։

Հայերի ներկայությունը Իսպանիայում ունի դարավոր և բազմաշերտ պատմություն՝ ձևավորված գաղթերի և մշակութային կապերի արդյունքում։ Այսօր Իսպանիայում ապրում է շուրջ 40.000 հայ, որոնցից մոտ 10.000-ը բնակվում են Բարսելոնայում և նրա արվարձաններում՝ տարիների ընթացքում այն վերածելով հայ հոգևոր ու մշակութային կյանքի ամենակենսատու կենտրոններից մեկի։

Իր ուղերձում Տեր Խաժակ Արք․ Պարսամյանը երախտագիտություն հայտնեց այն հոգևորականներին, որոնք տարբեր ժամանակաշրջաններում հովվել են համայնքը՝ Հայր Սասունին, Հայր Շնորքին և վերջերս՝ Հայր Ղևոնդին։ Նա բարձր գնահատեց ինչպես նրանց նվիրյալ ծառայությունը, այնպես էլ հայ համայնքի անդուլ աջակցությունը, որոնք համատեղ նպաստել են Բարսելոնայի Հայ Առաքելական Եկեղեցու հաստատմանը և զարգացմանը։

«Տեր Արամի՝ ձեր մշտական հովվի նշանակմամբ սկսվում է ձեր համայնքի ամրապնդման և աճի նոր փուլը»,— նշեց Սրբազանը՝ հավելելով, որ այդ առաքելությունը հատկապես կարևոր է նոր սերունդների համար, որոնք կոչված են պահպանելու և ծաղկեցնելու մեր քրիստոնեական ու ազգային ինքնությունը։

Պողոս Առաքյալի «Փիլիպեցիներին» թղթից օրվա ընթերցված հատվածի (1.9–11) շուրջ իր քարոզում Սրբազանը շեշտեց քրիստոնեական սիրո կենսական դերը՝ որպես անձնական ու համայնքային կյանքի խորություն և ուրախություն պարգևող ուժ, ինչպես նաև որպես եկեղեցական միասնության անփոխարինելի հիմք։ Նա կոչ արեց հավատացյալներին ակտիվորեն համագործակցել նոր հովվի հետ՝ խթանելով հովվական, դաստիարակչական և մշակութային նախաձեռնություններ, որոնք ուղղված են զորացնելու Հայ Առաքելական Եկեղեցու առաքելությունը Բարսելոնայում։

«Որպես Հայ Եկեղեցու ավազանում մկրտված զավակներ՝ դուք մեր բազմադարյա հոգևոր և եկեղեցական ժառանգության պահապաններն եք»,— հիշեցրեց Սրբազանը։

Նա քաջալերեց համայնքի անդամներին պահպանել մեր հավատքն ու հայկական ինքնությունը՝ միաժամանակ ակտիվորեն մասնակցելով Իսպանիայի հասարակական կյանքին, գնահատելով տեղի մշակույթը և ներդրում բերելով հասարակությանը՝ համակեցության ու ինտեգրման ոգով։

Սրբազանը ընդգծեց, որ Տեր Արամը իր առաքելությունը կիրականացնի հօգուտ Բարսելոնայի աշխույժ և աճող հայ համայնքի՝ սերտ համագործակցությամբ պատվիրակության մյուս հոգևորականների՝ Հայր Ղևոնդի, որը հոգևոր սպասավոր է Մադրիդում, Առնեդոյում, Վալենսիայում, Ալիկանտեում և Սան Սեբաստիան համայնքներում և Հայր Թորոսի, ով հոգևոր սպասավորություն է իրականացնում Մալագայի, Սևիլիայի, Կադիսի համայնքներում, ինչպես նաև Պորտուգալիայում։

Տեր Արամին վերապահված ջերմ և անկեղծ ընդունելությունը նոր էջ է բացում Բարսելոնայի Հայ Եկեղեցու կյանքում՝ հիմնված հավատքի, ավանդության շարունակականության և համայնքի հոգևոր ու մշակութային կյանքի վերազարթոնքի վրա։

Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930