Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիիում, որտեղ 1899-1922 թթ. ապրել է Երվանդ Քոչարը, բացվել է հուշատախտակ

Նոյեմբեր 18,2025 19:14

Հայ մեծանուն քանդակագործ-արձանագործ, նկարիչ Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Թբիլիսի քաղաքի Պուշկին փողոցի N 13 հասցեում, որտեղ 1899-1922 թթ. ապրել է Քոչարը, բացվել է հուշատախտակ:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն, արվեստագետի թոռնուհի Կարինե Քոչարը, Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամներ:

Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է՝ Թբիլիսիի վերոնշյալ հասցեն նշանակալի է թե՛ հայ և վրաց ժողովուրդների, թե՛ արվեստասեր հանրության համար, և մեծ պատիվ է հայ մեծանուն արվեստագետ և մտավորական Երվանդ Քոչարին նվիրված հուշատախտակի բացումը:

«Թբիլիսին երկար տարիներ եղել է հայկական արվեստի և մշակույթի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող քաղաք: Քոչարի ստեղծագործական եզակիության արմատները պետք է փնտրել երկու եղբայրական ժողովուրդների համակեցության, ինչպես նաև մեկը մյուսի մշակույթի նկատմամբ ունեցած սիրո և հարգանքի արդյունքում ձևավորված միջավայրում: Այս հուշատախտակը դառնում է ևս մեկ նոր կամուրջ Երևանի և Թբիլիսիի, Հայաստանի և Վրաստանի մշակութային երկխոսության միջև։ Մենք այսօր վերահաստատում ենք այդ կապը մեծանուն Քոչարի անունով։ Լիահույս եմ, որ այս վայրը կդառնա լուսավոր կանգառ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են արվեստը»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

Երվանդ Քոչարի տուն-թանգարանում մինչ օրս պահվում է նրա հեղինակած՝ Շոթա Ռուսթավելիի արձանը և անձնական նամակագրությունը նկարիչներ Լադո Գուդիաշվիլիի, Էլենե Ախվլեդիանիի, Դավիթ Կակաբաձեի և ուրիշների հետ։

Հուշատախտակը բացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության, Թբիլիսիի քաղաքային իշխանությունների, Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930