Ս/թ նոյեմբերի 19-ին Վեդի խոշորացված համայնքի ավագանու նիստի օրակարգում ներառված է «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված` Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման գործունեությանը Ավագանու կողմից նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տրամադրելու հարցը, որը սահմանվում է ՀՀ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածով:
Հիշեցնեմ, որ Կարմիր սարի շահագործման նախագիծը նույն սեփականատերերի կողմից ներկայացվել էր նաև նախորդ տարի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ստացել 8 կետով հիմնավորված պետական փորձաքննական բացասական եզրակացություն (Ֆայլ 1)։
Կարմիր սարի պաշտպանության նախաձեռնող խմբի՝ ՀՀ շրջակա միջավայրի հետ նամակագրությունից պարզ է դարձել, որ «Օրդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը դիմել է դատարան՝ խնդրելով պարտավորեցնել շրջակա միջավայրի նախարարությանը տրամադրել պետական փորձաքննական դրական եզրակացություն (վարչական գործ թիվ ՎԴ/10730/05/24): Վարչական դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 12-ի «Փորձաքննություն նշանակելու և վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման շրջանակներում «Օրդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթին մեկ այլ մասնագետի կողմից կրկին տրամադրվել է պետական փորձաքննական բացասական եզրակացություն (Ֆայլ 2): Այսպիսով, կարելի է «Օրդ» ՍՊԸ-ի նախագիծը համարել կրկնակի մերժված։
Այս ամենով հանդերձ, ընկերության սեփականատերերը այս տարի նորից դիմել են «Օրդ Գրուպ» ՍՊԸ անվամբ՝ առանց նախորդ բացասական եզրակացության մեջ նշված թերությունների վերացման լուրջ հիմնավորումների։ Հանրային լսման ընթացքում մասնակիցների բարձրացրած գրեթե բոլոր հարցերին ի պատասխան՝ «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի ներկայացուցչի կողմից հնչում էր նույն արտահայտությունը՝ «կասենք, երբ նախագիծը պատրաստ լինի»։
Կարդացեք նաև
Այսպիսով, հանրային լսման ընթացքում մասնակիցներին չի տրվել որևէ տեղեկանք կամ ամփոփ նկարագրություն ծրագրի տվյալների, պոտենցիալ վնասների, ռիսկերի, դրանց կանխարգելման և վերացման ընկերության պարտավորությունների մասին: Հետևաբար, պարզ չէր ինչի մասին են լսումները: Չնայած հանգամանքին, որ ընկերությունը դիմել էր համայնքին` լսումներ անցկացնել կրային մերգելների հանքարդյունահանության ծրագրի վերաբերյալ, ամբողջ ժամանակ խոսվեց ցեմենտի գործարանի մասին: Այնպիսի տպավորություն էր, որ հանքարդյունահանման թույլտվությունը ստանալով, ընկերությունը խաբեությամբ ցանկանում է ստանալ նաև ցեմենտի գործարանի թույլտվություն:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային լսումից հետո համայնքի ավագանու ընդունած որոշումը պետք է պարունակի հիմնավորումներ դրա պատճառների մասին։ Այս իրավիճակում, երբ «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի ներկայացուցչները որևէ հիմնավոր պատասխան չեն տվել բարձրացված տասնյակ հարցերին, (որոնցից մի քանիսը ՀՀ Սահմանադրության և միջազգային կոնվենցիաների ուղիղ խախտումներին էին առնչվում) և ամենը պատճառաբանել են հանգամանքով, թե դեռ ծրագիր չունեն, մեծ պատասխանատվություն է վերցնում Վեդի համայնքի ավագանու յուրաքանչյուր անդամ, որն իր համաձայնությունը կտա նման վարքագծով հանդես եկող կազմակերպության գործունեությանը։
«Օրդ Գրուպ» ՍՊ ընկերությունը համառորեն խոսակցություն է շրջանառում փակ ցիկլով ցեմենտի գործարանի, համայնքին տրվելիք սոցիալական ներդրումների մասին, ինչը մեծ հաշվով մանիպուլյացիա է, որը նպատակ ունի ստվերելու ԲԱՑ հանքի նախագիծը և դրանից սպասվող առողջապահական, գյուղատնտեսական և բնապահպանական վնասները։
Մինչ այսօր Կարմիր սարում Այգեզարդի վարչական տարածքում ընդերքօգտագործման համար դիմել են մի քանի այլ ընկերություններ, սակայն այգեզարդցիների 2200 «ԴԵՄ» ստորագրությամբ մերժում են ստացել։ «Օրդ Գրուպ» ՍՊ ընկերությանը տրված համաձայնությունը «կանաչ լույս» կվառի նաև այդ ընկերությունների համար, ինչը բազմապատիկ մեծացնում է Վեդու ավագանու կողմից կայացվելիք որոշման պատասխանատվությունը. հետևանքը լինելու է այն, որ Արարատյան դաշտի ամենագյուղատնտեսական շրջանում բացվելու է փոշու ևս մեկ ահռելի օջախ, որը գումարվելով Արարատի մարզի մյուս հանքերի և գործարանների արտանետումներին՝ բազմակի մեծացնելու է արդեն իսկ գոյություն ունեցող վնասը։

Կարմիր սարի տարածքում տեղադրված օդի որակի չափման՝ շվեյցարական IQAir սարքի տվյալները ցույց են տալիս մտահոգիչ ցուցանիշներ այս տարածքում օդի որակի վերաբերյալ։ Սա հնարավոր է լինի Արարատի ցեմենտի գործարանի ու շրջակա հանքերից արտանետվող փոշու հետևանքը, քանի որ տարածքում փոշու այլ աղբյուրներ չկան։
Կարմիր սարը կենսաբազմազանության յուրահատուկ օրրան է. այն կարմիրգրքային 14 տեսակի բույսերի աճելավայր է և 16 տեսակի բույսերի ապրելավայր, իսկ Արարատյան դաշտը մեր երկրին գյուղմթերքով սնուցող գլխավոր երակն է, որի զգալի մասն այս նախագիծը դնում է ռիսկի տակ՝ պարենային անվտանգության լուրջ խնդիրներ ստեղծվելով պետության համար։ Սպասվելիք վնասը հնարավոր չէ փոխհատուցել որևէ տնտեսական շահով․ փողը ուտել հնարավոր չէ, իսկ գյուղմթերքը կենսական պահանջ է, առանց որի անհնար կլինի դիմակայել երկարատև շրջափակմանը, որին մոտ կամ հեռու ապագայում կարող է բախվել ոչ բարեկամական երկրներով շրջապատված մեր պետությունը։
Արփինե Խաչատրյան
«Կորիզ» Այգեզարդի երիտասարդական և համայնքային զարգացման կենտրոն ՀԿ նախագահ



















































