Քիչ առաջ Արթիկ քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեցին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանքով կալանավորված երեք անձինք՝ «Մեր ձևով» շարժման Շիրակի մարզի համակարգող, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը, Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Նարեկ Ղուկասյանը և Գյումրու ավագանու մանդատից հրաժարված ֆերմեր Տիգրան Ավագյանը։
Նրանց գրեթե միաժամանակ ազատ արձակեցին․ նրանց ընկերները, հարազատները, շրջապատի մարդիկ եկել էին դիմավորելու։
Նրանց ազատ արձակելու պահը ֆիքսել է լրագրող Ալեքս Սարգսյանը՝ գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջում ու տեսանյութ տեղադրելով։
Կարդացեք նաև
Առաջինը քրեակատարողական հիմնարկից դուրս եկավ Ռուբեն Մխիթարյանը, նրան դիմավորեցին «Ռուբե՜ն, Ռուբե՜ն» վանկարկելով ու ծափահարություններով։ Ընկերներից մեկը, առաջինը նրան գրկախախառնվելով, հարցրեց․ «Էս ո՞ւր էիր ախպերս էսքան ժամանակ», որին Ռուբենը պատասխանեց փոխադարձ կատակով. «Հանգստանալու էի»։
Եվ մինչ Ռուբենը հերթով գրկախառնվում էր ընկերների հետ, մի քանի պատանիներ շտապեցին դիմավորելու իրենց ընկերոջը՝ Նարեկ Ղուկասյանին։ Այնուհետ ընդառաջ գնացին Նարեկ Ղուկասյանի հարազատները՝ ասելով․ «Նարեկ, Նարեկ, մեռնիմ ջանիդ, ազատություն մնացածներին, տարոսը՝ մյուսներին»։
Վերջում դուրս եկավ ֆերմեր Տիգրան Ավագյանը, որին նույնպես ողջունեցին փաթաթվելով ու Արթիկի գաղութում գտնվող մյուս կալանավորներին ազատություն մաղթելով։
«Արթիկ գաղութի տեղը մի լավ բոստան դնեն, սաղ կալանավորներին ազատեն, բոստան դնեն»,-ասաց ներկաներից մեկը։
Հարցին՝ ինչպե՞ս եք, Տիգրան Ավագյանը, ցույց տալով հետևում գտնվող Արթիկ քրեակատարողականի շենքը, պատասխանեց․ «Ախպերներս ու ընկերներս որ էնտեղ լինեն, ինչպե՞ս կլինեմ»։
«Ազատություն բոլոր արդարներին»,- բացականչեց Տիգրան Ավագյանն ու հեռացավ:
Նկատենք, որ Գյումրու Վարդանանց հրապարակում զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանքով կալանավորված երեք անձանց խափանման միջոցը փոխվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ։
Նարեկ Ղուկասյանի ու Ռուբեն Մխիթարյանի փաստաբանները գրառում էին կատարել՝ հայտնելով, որ նրանց ազատ արձակող դատավորը Վազգեն Ռշտունին է։
Ռուբեն Մխիթարյանի փաստաբանական խմբի անդամ Կարեն Գաբրիելյանը՝ Շիրակի, այնուհետ Լոռու մարզի նախկին դատախազը, իր ֆեյսբուքյան էջում, շնորհակալություն հայտնելով Վազգեն Ռշտունուն, գրել է․
«Վերջերս Գյումրու հրապարակում տեղի ունեցած ենթադրյալ զանգվածային անկարգության և քննությանը խոչընդոտելու մեղադրանքով կալանավորված՝ մեր պաշտպանյալ Ռուբեն Մխիթարյանն այսօր ազատ արձակվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ։
Վերադաս դատարանը բավարարել է մեր որոշումն ամբողջությամբ, ինչից էլ ենթադրելի է որ հաստատված չի համարել հիմնավոր կասկածի առկայությունը։
Ի դեպ, պաշտպանական թիմն ավելի մանրամասն և փաստարկված հիմնավոր կասկածի բացակայության մասին խոսել է առաջին ատյանի դատարանում՝ կալանքի միջնորդության քննարկման ժամանակ, սակայն այդ ամենը հաշվի չառնվեց նշված միջնորդությունը քննած դատարանի կողմից /դատավոր՝ Վ. Մելքոնյան/:
Շնորհակալություն դատավոր Վազգեն Ռշտունուն բացարձակ արդարամիտ և օբյեկտիվ որոշում կայացնելու համար»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































