Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ 26. «Բնապահպանությունը մեր կառավարության առաջնահերթությունն է»

Նոյեմբեր 19,2025 09:00

Սկիզբը՝ այստեղ:

Երբ այս իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին. «Մենք երկարաժամկետ զարգացման մոդել ենք կառուցում, որտեղ մարդը եւ բնությունը հավասար արժեք ունեն», հասարակությունը հավատում էր, որ Հայաստանը վերջապես կունենա իրական բնապահպանական քաղաքականություն, ծառերի պահպանություն, մաքուր օդ, կանաչ տարածքներ, խիստ վերահսկվող արդյունաբերական արտանետումներ։ Բայց այս խոստումն էլ դարձավ հերթականը, որի դեպքում  իրականությունը շատ հեռու էր առաջնահերթություն լինելուց։

Երեւանն ու մի շարք մարզային քաղաքներ տարիների ընթացքում սկսեցին իրենց աղտոտվածությամբ գերազանցել անգամ ավելի մեծ երկրների։ Օդի աղտոտվածությունը դարձավ անզեն աչքով նկատելի։ Անհրաժեշտ է միայն շատ թույլ քամի ու ամբողջ քաղաքը հայտնվում է փոշու ու կեղտի մեջ։ PM2.5 եւ PM10 մասնիկները, որոնք կապված են շնչառական հիվանդությունների, քաղցկեղային ռիսկերի եւ սրտային խնդիրների հետ, ոչ միայն չնվազեցին, այլ մի շարք շրջաններում նույնիսկ աճ գրանցվեց։

Պատճառները պարզ են. արդյունաբերական վերահսկողության բացակայություն, կառուցապատման անկառավարելի տեմպ, կանաչապատ տարածքների նվազեցում, մեքենաների արտանետումների չվերահսկվող աճ։

Եվ այս ֆոնի վրա իշխանությունը շարունակում է միայն հայտարարություններ  անել. «Մենք ամեն ինչ անում ենք օդը մաքուր դարձնելու համար», այն դեպքում, երբ մարդկային առողջությունը ենթարկվում է իրական ռիսկերի։ Ըստ հետազտությունների՝ Հայաստանի Հանրապետոթյունում ամեն 40-րդ անձը քաղցկեղով հիվանդ է, իսկ սրա առաջնային պատճառը օդի անգերազանցելի աղտոտվածությունն է։

Ծառահատություն. անտանելի շոգ եղանակ, քամու ժամանակ՝ փոշու անգերազանցելի քանակ, ու այս ամենի պատճառը՝ ծառերի պակասն է։ Քաղաքում օր օրի պակասում են հաստաբուն ու սաղարթախիտ ծառերը, իրենց տեղը զիջելով ինչ-որ դեկորատիվ ծառերի, որոնց ՕԳԳ-ն անհամեմատելի է անգամ այն ծառերի հետ, որոնք անխղճաբար հատվում են։ Մայրաքաղաքում ու մարզերում ամենացավոտ երեւույթներից մեկը դարձավ ծառերի զանգվածային եւ հաճախ անհասկանալի հատումը։ Այստեղ խոսքը միայն սանիտարական հատումների մասին չէ։ Մարդիկ տեսնում էին, որ ծառեր են հատվում ճանապարհաշինության համար, հին այգիներ, բակային կանաչապատ տարածքներ, պուրակներ են փոքրացվում կամ ամբողջովին վերանում, նոր կառուցապատողները միայն թղթի վրա են նշում կանաչապատ տարածքները, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվում կամ ընդամենը մի փոքր տարածք են գրավում։

Հաստաբուն ու առողջ ծառերը հատվում են ակնթարթային արագությամբ, իսկ նոր տնկիներ կամ առհասարակ չեն լինում, կամ իրականացվում են ձեւական, անվստահելի սածիլներով, որոնք մեկ-երկու տարում չորանում են։

Հասարակության շրջանակներում պարզ ու տրամաբանական  հարց է առաջանում. «Ո՞ւր է խոստացված կանաչ Երեւանը»։ Մինչ իշխանության գալը, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք նոր այգիներ էին կառուցվում, այսօրվա իշխանության ներկայացուցիչները մեղադրում էին նրանց ծառահատումների մեջ։ Իսկ ի՞նչ պարզվեց իրականում։ Այն, որ լուռ գործ անողները ավելի շատ էին մտածում մեր քաղաքի ու երկրի մասին, քան դրա մասին աղաղակողները։

Անընդհատ ավելացող շենքերը, կայանատեղիների անվերջ ընդարձակումը, անհամաչափ տարողությամբ շինարարական նախագծերը ստիպեցին կրճատել քաղաքի կանաչ գոտիները։ Բնապահպանական զեկույցները հաճախ հրապարակվում էին ուշացած կամ ձեւական բնույթով։

Արդյունքում այսօր Երեւանում օդի աղտոտվածությունը 3 անգամ գերազանցում է թույլատրելի շեմը, բարձր ջերմային կղզիների առաջացում, նվազող ստվերային գոտիներ, CO2-ի աճ, աղմուկի ու փոշու անսահմանափակ տարածում։

Երբ իշխանությունը հայտարարում է, թե «բնապահպանական հավասարակշռությունը պահպանվում է», հասարակությունը տեսնում է հակառակ կատարվող գործողություններ, որոնք պարզապես վնասում են մեր երկրին։ Մի շարք գործարաններ ու արդյունաբերական օջախներ տարիներով գործում են անբավարար էկոլոգիական ստուգումներով, ինչի մասին պարբերաբար ահազանգում են տեղական բնապահպանները։

Հոսքաջրերի աղտոտում, մեզ հայտնի որոշ հանքավայրերի շուրջ մշտական վեճեր, օդի արտանետումների ոչ լիարժեք հաշվառում. սա չի հիշեցնում «առաջնահերթություն», այլ հիշեցնում է լուռ հաշտեցում տնտեսական շահերի հետ։

Քաղաքային ծառապատման ծրագրերը գեղեցիկ PR են, բայց ոչ համակարգ։ Տարիների ընթացքում մի քանի անգամ ներկայացվեցին մեծածավալ ծրագրեր՝ դրամաշնորհներով, միջազգային աջակցությամբ։ Բայց իրականում ծառերը տնկվում էին սխալ սեզոնին, որոշ սերմնացաններ լավ որակի չէին, ոռոգման համակարգերը չեն աշխատում, կանաչ տարածքները չեն պահպանվում։ Արդյունքում՝ 500 տնկված ծառերից ապրում են միայն 80-ը։ Սա ռազմավարություն չէ։ Սա ձեւականություն է ու դատարկ խոստումների հերթական շարք։

«Առաջնահերթությունը» մնաց խոսքի մակարդակում։ Երբ մի պետություն հայտարարում է, որ բնությունը առաջնահերթություն է, դա ենթադրում է հետեւյալը. անտառների պաշտպանություն,  օդի որակի մշտադիտարկում, կառուցապատման վերահսկում, արդյունաբերական կանոնների խստացում։

Բայց այս ամենից կյանքի մեջ տեսանելի արդյունք չեղավ, իսկ շրջակա միջավայրը դարձավ հերթական ոլորտը, որտեղ խոստումները գերազանցեցին իրական գործողություններին։ Այդ պատճառով խոստումը, թե «Բնապահպանությունը մեր կառավարության առաջնահերթությունն է», ինձ համար դարձավ եւս մեկ հոդվածի նյութ։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՀԿ խորհրդի անդամ

«Առավոտ» օրաթերթ
19.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930