Վեդու համայնքապետարանի ավագանու նիստի օրակարգում «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի ներկայացրած Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման վերաբերյալ հարցի քննարկումն է, եւ ավագանու քվեարկությունից է կախված` կազմակերպությունը կստանա՞ իրավունք շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրություն անելու կամ ոչ:
Կարմիր սարը գտնվում է Արարատյան դաշտի ամենագյուղատնտեսական գոտում: Այն նաև կենսաբազմազանության եզակի գանձարան է` Կարմիր գրքում գրանցված 14 տեսակ բույսերի աճելավայր եւ 16 տեսակ կենդանիների ապրելավայրը:

Չնայած Վեդու համայնքապետարանի ավագանու նիստը դռնբաց էր, սակայն ոստիկանները թույլ չէին տալիս անգամ նախապես գրանցված մարդկանց ներս մտնել: Քաղաքացիները ոստիկաններից պահանջում էին հղում անել օրենքին, որի հիման վրա արգելում են իրենց մուտքը: Ոստիկաններն ասում էին, որ իրենց այդպես է հրամայված: Բլոգեր Արթուր Չախոյանին եւ մի քանի հոգու մի կերպ հաջողվեց ներս մտնել:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում Նարինե Խարբերդյանը տեղեկացրեց, թե ինչ վիճակ է տիրում տեղում. «Մենք առավոտյան 10:30-ից այստեղ ենք, նիստը 11-ից էր սկսվելու, որը դռնբաց էր, բայց մեզ ասացին, որ տեղ չկա նստելու: 15-20 հոգի ենք, մի մասը Երեւանից է եկել, մյուսները՝ գյուղերից: Մի 3 հոգու ներս թողեցին: Անգամ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ներս չէին թողնում ոստիկանները, նա ֆիզիկական ուժ գործադրելով ու հրելով մի կերպ ներս մտավ, որովհետեւ ոստիկանության ծառայողները 15 հոգով դուռ են փակում»:
Նարինե Խարբերդյանը մտահոգված է, որ եթե իրենց ներս չեն թողնում, ուրեմն ոչ մաքուր մտադրություններ ունեն. «Բիզնես են դնելու, ցեմենտի հանք են բացելու, մեծ փողեր են շրջանառվելու, մի ուրիշ պոչամբար է լինելու մեր Հայաստանի՝ օր օրի կոտրվող ողնաշարին: Դրա համար էլ մեզ ներս չեն թողնում: Մեզնից 3 հոգին ներսում են, հուսով ենք, որ գոնե իրենք կկարողանան խոսք ունենալ հանուն բնության, հանուն Կարմիր սարի»:
Գենեվետ գյուղի բնակչուհի Մարիամը մեզ հետ զրույցում ասաց, որ եկել է նիստին մասնակցելու, բայց չի կարողացել ներս մտնել, ստիպված դրսում սպասում են, նիստն ավարտվի՝ հասկանան, թե ինչ են որոշում:
Նա նաեւ հետեւյալը հայտնեց. «Ես e-request-ով նամակ ունեմ, որին մինչեւ հիմա համայնքապետարանը չի պատասխանել, ոչ էլ ասում է, թե ինչի չի պատասխանում: Ես գրել էի, որ բողոքում եմ եւ համաձայն չեմ հանքի բացմանը, որովհետեւ տարածքում ապրում են մարդիկ, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ: Արարատի մարզը հայտնի է գյուղատնտեսությամբ, այգիներով, խաղողագործությամբ, մենք միշտ դրանով աչքի ենք ընկել, հիմա մի երկու կիլոմետր հեռավորության վրա ունենալ հանք, առավել եւս, երբ կողքին 8-10 կմ-ի վրա «Արարատցեմենտն» է, անընդունելի է: Այն աղտոտում է օդը, փչացնում մեր ապրելակերպը, վաղը մյուս օրը պարենային խնդիր է առաջանալու: Գաղտնիք չէ, որ մենք եթե ոչ առաջին, ապա երկրորդ տեղում ենք հիվանդությունների առումով:
Ի դեպ, մենք սարին մոտ տեղադրված սարք ունենք, այդտեղ ամեն օր աղտոտվածություն է ցույց տալիս, կանաչ գիծ երեւի մի անգամ է եղել՝ անձրեւից հետո: Գեւորգ Ավագյանը դրսից է սարքը բերել եւ տեղադրել իր այգիների մոտ: Ինքը 10 հեկտարից ավելի այգիների վրա ներդրում ունի կատարած: Ի դեպ, առաջին լսման ժամանակ իրեն էլ թույլ չտվեցին խոսել, ասացին՝ դու դանիացի ես, գնա քո Դանիաները: Բայց նա երկքաղաքացի է, աշխատում եւ ներդրումներ է անում Հայաստանում, գյուղում է իր ապրուստը հոգում: Գեւորգն Այգեզարդից է, ինքը սիրում է իր հայրենիքը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները Արփինե Խաչատրյանի էջից



















































